Տնտեսական

Ինչու չմաքրվեց Արաքս գետի վերջին 40 մետրը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված, սակայն չզեկուցվող հարցերից մեկը մամուլում  աղմուկ էր բարձրացրել մինչ հաստատվելը:

Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության առաջարկում էր  դադարեցնել գնման պայմանագիրը, որով կապալառուն պարտավորվում էր ափապաշտպան աշխատանքներ իրականացնել Արաքս գետում՝ մաքրելով նաև այն:

Սակայն պարզվում է, որ գետը մաքրելու հարցում խնդիրներ են առաջացել: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ խնդիրը ռուս սահմանապահներն են առաջացրել:

Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության նիստից  հետո նշել է, որ դա վրիպակ է, իրականում իրանական կողմն է խնդիրներ ստեղծում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարել է՝ Հայաստանի և Իրանի միջև անլուծելի խնդիրներ չկան:

Մաքրե՞լ, թե՞ չմաքրել Արաքս գետի վերջին 40 մետրը: Մաքրելու որոշում  ընդունելը կարող է հեշտ թվալ միայն առաջին հայացքից: Պարզվում է՝ գետի հունը մաքրելու համար պետք է իրանական կողմի համաձայնությունը: Արաքսը հայ- իրանական սահմանին է, սակայն հսկվում է ռուս սահմանապահների կողմից: Հենց այստեղ է, որ հայ-ռուս-իրանական եռանկյունի է ստեղծվել: Կառավարությունն այսօր իր չզեկուցվող հարցերի շարքում ներառել էր գնման պայմանագիրը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

Առաջարկում եմ նախագծի հիմնավորումից մի հատված լսել.

«Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել: Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:

Ինչու՞ են  ռուս սահմանապահներն արգելում հայկական կողմին, որպեսզի մաքրի Արաքս գետի հունը:  Լրագրողների ուղիղ հարցին Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պատասխանեց. «Վրիպակ է»:

Մոտ 12 մլն դրամի աշխատանքներից կապալառուն կատարել է աշխատանքների առյուծի բաժինը, սակայն այժմ այն դադարեցվում է՝ տույժ -տուգանքի տակ չընկնելու պատճառով: Թե իրավական որ նորմերով է ռուսական կողմը հայկականի հետ մասնակցում Իրանի հետ բանակցություններին, Ջրային պետական կոմիտեի նախագահը չգիտի: Սակայն գիտի, որ պետք է մասնակցի՝

«Սահմանապահները ռուսական կողմն է»:

Ափապաշտպան աշխատանքներ իրականացնելիս  գետի ափը մաքրելիս իրանական կողմը առարկություններ ունի:  Հարությունյանի պարզաբանմամբ՝ Իրանն ասում է՝ «Գետը տանում եք ձեր կողմ: Մենք էլ ասում ենք, դա նախկինում է եղել: Մասնագետները համատեղ աշխատում են, որպեսզի հասկանան՝ գետը իրականում աշխարհագրական ինչ դիրք ունի: Իրանական կողմը հարց է  բարձրացրել, այժմ  քննարկման փուլում է»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝   խնդրի հետ կապված հստակ դիրքորոշում չկա: Իրանական լրատվամիջոցներում Ոսկանյանը պարզաբանումներ չի նկատել: Միաժամանակ՝ նշում է, որ Արաքս գետի աղտոտվածությունը լուրջ հիմնահարց է Իրանի ներքին օրակարգում: Պարզաբանում է

Արաքսը սահմանային գետ է, իրանցիները չափազանց զգայուն են այդ գետի հունի փոփոխությունների հանդեպ՝ ասում է զրուցակիցս:

Վարդան Ոսկանյանը շեշտում է՝ չնայած  հարցը զգայուն է, սակայն Հայաստան- Իրան հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Ընդհանրապես՝ կնճիռներ գրեթե չկան: Ուստի այս հարցն էլ  կլուծվի: Լավատես է նաև Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝  իրանական կողմի հետ  բանակցությունները արդյունք կտան հաջորդ տարի:

Back to top button