Կառավարությունը փոխում է պետական պարտքի կառավարման կանոնները


Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարտքի կառավարման կանոնները, պատգամավորները կարծում են, որ գործադիրըն այդ քայլին գնում է նոր պարտքեր ներգրավելու համար:
Հարցն այսօր քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում: Կառավարության սահմանած օրակարգում մեկ տասնյակից ավելի հարց է:
Քննարկումը նիստերի դահլիճում սկսել է արդեն ավանդական դարձած մտահոգությունից՝ ինչու է գործադիրը ամեն տարի դեկտեմբերին հագեցած օրակագրեով արտահերթեր հրավիրում:
Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարտքի կառավարման կանոնները: Գործող կոշտ պայմաններն առաջարկվում է փոխարինել առավել ճկուն համակարգով՝ բացատրելով առաջարկի տրամաբանությունը՝ ասում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Գործող հարկաբյուջետային կանոնները ոչ միայն կոշտ են, այլև արհեստածին խոչընդոտներ են ստեղծում չկուն տնտեսական քաղաքականության համար»:
Ֆինանսների նախարարը կոշտ է համարում գործող օրենսդրությամբ սահմանված այն կանոնը, ըստ որի ՝ պետական պարտքը չի կարող գերազանցել համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Իսկ 50 տոկոսը գերազանցելու դեպքում բյուջեի պակասուրդը չի կարող անցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի սահմանը: Կառավարությունն առաջարկում է հանել հենց պակասուրդի սահմանափակումը: Փոխարենը ներմուծում է պարտքի կառավարման նոր ՝ 40 տոկոսանոց շեմ, ավելացնում է հաշվետվողականության մեխանիզմները:
Պատգամավորները կարծում են, որ կառավարությունն այս քայլին գնում է նոր պարտքեր ներգարվելու համար: «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը Արամյանին հորդորեց անկեղծ պատասխանել:
«Արդյո՞ք օրենքը փոխում ենք, որ 2018-ին կարողանանք նոր վարկեր վերցնել»:
«Մեր նպատակը ոչ թե նոր վարկեր վերցնելն է, այլ ընդհանուր կանոն սահմանելը»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի տպավորությամբ՝ կառավարությունն օրինականացնում է նախորդ վարկերի օգտագործման անօրինականությունը: պատգամավորը կարծում է, որ կանոնները փոխելուց առաջ նախ պետք է գնահատակն տալ նախորդ վարկերին, պատասխանել, թե ինչ արդյունավետությամբ են դրանք օգտագործվել:
Մելքումյան «Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում ներգրավված վարկային միջոցներն ինչպե՞ս են օգտագործվել՝ արդյունավե՞տ, թե՞ ոչ: Խնդրում եմ՝ հստակ ասեք՝ այո, ոչ կամ մասամբ»:
Արամյան. «Պարոն Մելքումյան, դուք ինձնից լավ տեղյակ եք, հիմա այստեղ փորձում եք ինչ-որ բաների մեջ ընկնել, որ ես ասեմ՝ արդյունավետ է, հետո դրանից հետո հետևելու է երկրորդ հարցը՝ իսկ ինչպե՞ս եք չափում այդ արդյունավետությունը: Դրա համար ես միանգամից երկրորդ ձևով կպատասխանեմ: Միջազգային կառույցներն իրենց կողմից տրամադրված վարկերի վերաբերյալ ունենում են նաև արդյունքային ցուցանիշներ: Այն բոլոր վարկային ծրագրերը, որոնք անարդյունավետ են, դրանք ընկնում են սև ցուցակ: Հայաստանը համարվում է լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»:
Արամյանի փոխմցմամբ՝ պետական պարտքը 2017-ի տարեվերջի դրությամբ կազմում է ՀՆԱ-ի մոտ 55 տոկոսը, կառավարությունը հաջորդ տարի նոր վարկեր վերցնել նախատեսում է, բայց պլանավորում է, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկարողանա 1 տոկոսով նվազեցնել:
Պարտքի մասին օրինագիծն, ի դեպ , արտահերթի 13 օրակարային հարցերից մեկն էր: Ու մինչ տնտեսագիտական թեմաներին անցնելը խորհրդարանում կրկին շոշափվել էր արդեն ավանդական դարձած հարցը ՝ ինչու է գործադիրը ամեն դեկտեմբերին որոշում էականորեն բարելավել օրենսդրությունը:
Ի դեպ, գործադիրի հետ քննարկումների արդյունքում օրակարգը փոքր-ինչ թեթևացել է. երկու հարց` Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը և Հարկային օրենսգքրում փոփոխություններ առաջարկող ծավալուն փաթեթը, օրակարգից հանվել է: