Միջազգային

Թրամփի հայտարարությունը պառակտել է Վրաստանի իշխանական կուսակցությունը


Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը տարաձայնություններ է առաջացրել Վրաստանի իշխող կուսակցության շարքերում հատկապես այն բանից հետո, երբ խորհրդարանի ազգությամբ հրեա պատգամավորը վարչապետին է դիմել Թրամփի օրինակին հետևելու խնդրանքով։

Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հրեա պատգամավոր Շոթա Շալելաշվիլին ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին առաջարկելով Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք:

Նրա գրառումը հավանել են խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, սակայն որոշներն անմիջապես հետ են սեղմել հավանելու նշանը, երբ նամակին արձագանքել է վարչապետը։ Կվիրիկաշվիլին անընդունելի համարելով կուսակից պատգամավորի նամակը` ասել է․

«Վրաստանն իր դիրքորոշում կհայտնի՝ ելնելով իր ազգային շահերից, բնականաբար հաշվի առնելով միջազգային իրադրությունն ու տարածաշրջանում առկա սպառնալիքները»:

Իր նամակի համար, ինչպես գրում են լրատվամիջոցները, պատգամավորին հրավիրել են Պետական անվտանգության ծառայություն, սակայն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա հերքեց, որ դա կապ է ունեցել վարչապետին ուղղված նամակի հետ։  Շալելաշվիլին այս պահին մեկնաբանություններ չի անում և մեզ ասաց, որ ֆեյսբուքյան գրառմանն ավելացնելու բան չունի։

«Վրացական երազանք»- ի մեկ այլ պատգամավոր՝ Դավիթ Ճիճինաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ  հասկանում է իր կուսակցի քայլը, քանի որ նա ազգությամբ հրեա է, սակայն նշեց, որ պաշտոնական Թբիլիսին չպետք է շտապի աջակցություն հայտնել ԱՄՆ-ի որոշմանը՝ հաշվի առնելով պետական շահերը․

«Բացի այդ՝ Վրաստանն ինքն այսօր տարածքային խնդիրներ ունի, ուստի պետք չէ շտապել»:

Վրաստանի ԱԳՆ-ը հարցի մասին նշում է․ «Թբիլիսին հետևում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու շուրջ իրադարձությունների զարգացմանը, խորհրդակցություններ վարում գործընկեր երկրների հետ։ Վրաստանն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հարցի լուծման հասնելու ճանապարհը համարում  երկկողմ բանակցություններն ու երկխոսությունը»:

Հրեա անկախ քաղաքագետ Ավրահամ Սմուլեվիչը, ով Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան համալսարանի հրավիրվող դասախոս է, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշելով՝ Թրամփի որոշումը նորություն չէ, որովհետև «փաստ է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է», ասաց, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը հետևելու են այլ երկրների ղեկավարներ ևս, դա վերաբերելու է նաև հարավկովկասյան երկներին։ «Կարծում եմ Վրաստանը կարող էր այս պահին օգտվել առիթից՝ առավել բարելավելով հարաբերությունները Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, որովհետև դաշնակիցների ձայնն այս պահին անհրաժեշտ է»:

Վրաց-իսրայելական գործարար պալատի նախագահ Իցիկ Մոշեն նշում է, որ վրաց-իսրայելական հարաբերություններում Թբիլիսիի որոշումը կլիներ կարևոր քայլ․

«Մենք ուզում ենք Վրաստանին տեսնել այն երկրների թվում, որոնք կճանաչեն Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»։

Հարցի վերաբերյալ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարեւորեց Մայ Աթոռի հայտարարությունը.

«Մեզ մտահոգում է Երուսաղեմում գտնվող հայկական սրբավայրերի, հայերի ունեցվածքի ճակատագիրը։ Աստված տա, որ խաղաղություն լինի և հայերի իրավունքները պաշտպանվեն»:

Թրամփի հայտարարությունը դատապարտում է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Զաուր Խալիլովը՝ «Քաղաքացիական ինտեգրացիայի հիմնադրամ»-ի ղեկավարը։

«Կարծում եմ այդ հայտարարության համար անպատեհ ժամանակ էր ընտրված․ առանց այդ էլ կրքերը թեժ էին»։

Վրաստանում Թրամփի հայտարարության վերաբերյալ կարծիքները ցույց են տալիս, որ այս երկրում ապրող ցանկացած համայնք, ըստ էության, պաշտպանում է այն դիրքորոշումը, որն արտահայտում են իրենց հայրենի երկրների։

«Վրաստանն իր դիրքորոշում կհայտնի՝ ելնելով իր ազգային շահերից, բնականաբար հաշվի առնելով միջազգային իրադրությունն ու տարածաշրջանում առկա սպառնալիքները»:

Back to top button