Հասարակություն

Դպրոցում Գարդասիլի պատվաստման լուրը տնօրենը հերքում է

Հանրապետությունում արդեն մեկնարկել է պապիլոմա վիրուսի դեմ  13-ամյա աղջիկների պատվաստումները: Չնայած առողջապահության նախարարությունը քարոզում է  արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող պատվաստման արդյունավետությունն ու կարևորությունը, սակայն «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ հակասական կարծիքներ դեռ  հնչում են:

Մինչ պատվաստման մեկնարկը, առողջապահության նախարարությունը հայտարարել էր՝ ինչպես բոլոր պատվաստումները` պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը նույնպես  իրականացվելու է բացառապես պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։ 

Սակայն  լրագրող Արթուր Հովհաննիսյանն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներն սկսվել են մինչ դեկտեմբերի 11-ը և այն իրականացրել են դպրոցում: Այդ ահազանգի հետքերով է գնացել նաեւ «Ռադիոլուրը»:

 

Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների մեջ կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Ի դեպ՝ այս վարակով Հայաստանը դասվում է բարձր  հիվանդացություն ունեցող երկրների շարքին: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով դեկտեմբերի 11-ից հանրապետությունում մեկնարկել է  պապիլոմա վիրուսի դեմ անչափահաս աղջիկների պատվաստումը, որի վերաբերյալ հակասական կարծիքները բազմաթիվ են:  Լրագրող Արթուր Հովհաննիսյանը ահազանգ էր ստացել Շիրակի մարզի Այգաբաց համայնքից, որ դպրոցում փորձել են մինչեւ ծրագրի մեկնարկը պատվաստում անել։

Դպրոցի տնօրեն Հռիփսիկ Հուրոյանը հերքում է լուրը։ Դպրոցում որեւէ պատվաստում չի արվել՝ շեշտում է. «Մեր մանկականի բժիշկը  ընդամենը եկել, երեք րոպե հարցազրույց է անցկացրել ուսուցիչների և երկու ծնողների հետ, դպրոցում այդ ժամանակ երեխաներ չեն եղել: Դասերից հետո ես էլ ներկա չեմ եղել, դպրոցում եղել է գյուղի բուժքույրը»:

Համայնքի  բուժքույր Ալվարդ  Ինջյանը նշեց, որ, դպրոցում  պատվաստման վերաբերյալ իրազեկման փոքրիկ միջոցառում են  կազմակերպել 13 տարեկան աղջիկներ ունեցող  երեք ծնողների և ուսուցիչների  հետ:  Պետք էր վերջիններիս ներկայացնել պատվաստանյութի կարևորությունը՝ ասում է:

«Դպրոցը պատվաստում էսքան ժամանակ ո՞վ է կատարել: Պատվաստումները մենք «Մոր ու մանկան» կենտրոնում կկատարենք  հատուկ կաբինետում, բժշկի հսկողության տակ: Էն ել նոր եկած պատվաստում: Բացարձակ ոչ մի անգամ էդ պատվաստումը հլը չենք կատարել: Մենք դեղորայք չենք ստացել, մենք ինչխ կարանք դպրոցը պատվաստում կատարել»:

Ալվարդ Ինջյանը տեղեկացրեց, որ ծնողներին երկու օր իրազեկել են «գարդասիլի» պատվաստման մասին, սակայն երեխաներին չեն պատվաստելու։ Ծնողները հրաժարվել են դրանից։

Back to top button