Հասարակություն

Քննարկում՝ նվիրված մեծ հայրենադարձության 70 ամյակին

40-ականների մեծ հայրենադարձություն — բացառիկ երեւույթներից մեկը, որը երկրորդը չունի հայոց պատմության ընդհանուր կտավի վրա: Վիճարկելի հարցերը շատ են, սակայն, հայրենադարձությունը լավագույն գործառույթներից մեկն է, որ եղել է մեր պատմության մեջ:

Այսօրինակ կարծիքներ են այսօր հնչել մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրած քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն ամենատարբեր տեսանկյուններից անդրադարձել են 1946-48 թթ մեծ հայրենադարձությանը՝ արձանագրելով, որ թեպետ այս երեւույթը տարբեր ժամանակներում ուսումնասիրողների կողմից ուշադրության արժանացել է ժամանակագրական, նկարագրական առումներով, սակայն, խորքային ուսումնասիրության, խորքային քննարկման բացը կա, ինչը ոչ միայն կարեւոր է պատմագրական առումով, այլ նաեւ՝ ապագայի համար:

Այսօր արձանագրվող արտագաղթի պայմաններում հայրենադարձության 70-ամյա հոբելյանը նշելով՝ նպատակ չունենք այդ երկու երեւույթները միմյանց հակադրելու՝ «Ազգ» օրաթերթի խմբագրությունում կայացած քննարկման մանակիցներին ընդունելով ասաց թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքով, սակայն, անհրաժեշտություն կա խորությամբ ուսումնասիրելու այն կարեւոր դերը, որն ունեցել է հայրենադարձությունը, խոսելու նրա լավ ու վատ դրսեւորումների մասին:

Պատմաբան Սուրեն Սարգսյանի կարծիքով էլ՝ Հայրենադարձությունը որպես երեւույթ ավելին պետք է գնահատենք ու ավելի մեծ տեղ հատկացնենք, քանի որ դա կարեւոր է հատկապես այսօրվա հակառակ գործընթացի առկայության պայմաններում:

ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ղեկավար Արման Եղիազարյանը թեման ուսումնասիրած պատմաբաններից մեկն է: Բավականին ծավալուն պատմական անդրադարձ կատարելով քննարկվող թեմային՝ նա շեշտեց, որ խորհրդային կենտրոնական իշխանությունների համաձայնությունը, ի դեմս Ստալինի, եղավ ի պատասխան պատերազմի ժամանակ Խորհրդային Հայաստանին սփյուռքահայության ցուցաբերած խոշոր աջակցության, նաեւ որոշակի աշխարհաքաղաքական նկրտումներից դրդված:


Այդ որոշումից հետո սփյուռքի հայկական գաղթօջախներում մեծ թափով սկսվում է  Հայրենիք փափագող մարդկանց ցուցակագրումը։ Ըստ ոչ լրիվ ճշտված տեղեկությունների՝ տարբեր երկրներում ներգաղթելու ցանկություն է  հայտնել 300-450 հազար հայ։  46-48 թվականների ընթացքում աշխարհի 12 երկրներից հայրենադարձվեցին շուրջ 90 հազար հայեր։ Արման Եղիազարյանն այդ գործընթացի ամենամեծ ձեռքբերումները նշեց:

Օգուտներից էր նաեւ այն, որ նրանք իրենց հետ բերեցին մշակութային, կենցաղային ավանդույթներ: Խորհրդային Հայաստանի նոր քաղաքացիները՝ հայրենադարձները, սակայն, ավելի ուշ բախվում են հայրենիքի մասին ունեցած պատկերացումների ու իրականության տարբերությանը: Նրանք կարծում էին, որ Հայաստան գալով՝ գտնում են ամենաապահով հանգրվանը, բայց շուտով պարզ դարձավ, որ շատերի համար խորհրդային բռնաճնշումներն անսպասելի եւ անբացատրելի են: Տարբեր էին նաեւ հայրենադարձվածների նկատմամբ տեղացիների ընկալումներն ու մոտեցումները:

Տեր Կոմիտաս վարդապետը Հովնանյանը հայրենադարձի որդի է եւ հիշում է, որ երկար ժամանակ «ախպարի ճուտ» է անվանվել:

Ոմանց համոզմամբ էլ՝ «ախպար» բառն ինքնին որակի, բարձրարժեքության եւ վեհանձնության իմաստ է ստացել վաղուց: Իմ զրուցակիցներից մեկը՝ Կարո Դոլբակյանը նույնպես ծնվել է Երեւանում եւ հպարտությամբ է նշում, որ հայրենադարձի ժառանգի դաստիարակություն ունի:

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ հայրենադարձություն երեւույթի հետ կապված բազմաթիվ, խորքային ու նաեւ ցավոտ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրված չեն, բայց դրա կարիքը կա:

Ոմանց գնահատմամբ՝ վերքը դեռ արյունածոր է, սակայն դրա գիտական քննարկումն էլ հնարավոր է միայն մասամբ:

Back to top button