Հասարակություն

Արհեստական բակ, ոչ թե գաղտնարան. արշավախմբի ղեկավարը՝ Դադիվանքում հայտնաբերվածի մասին


Այս տարվա օգոստոսի վերջին ընդարձակ պեղումներ են կատարվել Դադիվանքում և այն, ինչ հայտնաբերվել է, ամենևին էլ գաղտնարան չէ` ինչպես ներկայացվում է՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Նա նշել է, որ հայտնաբերվածն արհեստական բակ է, խրամատն էլ սարքել են ջրերի հեռացման համար: Վերջնական եզրակացությունների համար դեռևս բավարար արդյունքներ չկան:

Արշավախմբի ղեկավարը հայտնել է, որ անհրաժեշտ է նախաձեռնել  բակի հնագիտական-ճարտարապետական հետազոտություն:

 

Հերքելով վերջին օրերին մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերը, թե Դադիվանքի պեղումների արդյունքում արտառոց գյուտեր են արձանագրվել՝ Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը հայտնում է, որ Դադիվանքի 2017 թ. հնագիտական խիստ սահմանափակ հետազոտությունն իրականացվել է հենց իր ղեկավարությամբ:

Չնայած պեղվել է իսկապես ուշագրավ  կառույցի մի հատվածը, առայժմ վերջնական եզրակացությունների համար դեռևս բավարար արդյունքներ չունենք՝ ընդգծում է հնագիտության խմբի ղեկավարը: Ուստի բոլոր սենսացիոն հայտարարությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, կարող են արժեզրկել պեղումներ՝ զգուշացնում է Համլետ Պետրոսյանը:

Նա իհարկե դեմ չէր լինի, որ այդ սենսացիոն լուրերը համապատասխանեին իրականությանը, սակայն խմբի 10 օրվա հետազոտությունը պարզել է, որ եկեղեցին կառուցվել է արհեստականորեն ստեղծված ընդարձակ հարթակի վրա:

Դադիվանքի բակը՝ գրեթե այն ողջ տարածքը, որ ընկած է արևմտյան և արևելյան մուտքերի միջև, 13-րդ դարի ընթացքում լուրջ ինժեներական փոփոխությունների է ենթարկվել: Տեղանքի շեշտակի թեքությունը, այսպես ասենք, ուղղվել է իրարից մակարդակների էական տարբերություններ ունեցող առնվազն երեք արհեստական դարավանդներով։

Նկատի ունենալով վանական համալիրի վերականգնման ակտիվ ընթացքը, խիստ անհրաժեշտություն է՝ գիտական և պրակտիկ տեսակետից, բակի հնագիտական-ճարտարապետական հետազոտության նախաձեռնումը՝ ասում է հնագիտական արշավախմբի ղեկավարը:

Back to top button