Գոշեցիների կյանքը չփոխվեց Դիլիջանին միանալուց հետո էլ


«ԳազպրոմԱրմենիա» ընկերության պաշտոնական կայքէջում տեղադրված թվային տվյալները փաստում են՝ վերջին տարիներին Հայաստանում ավելացել է գազի սպառումն ինչպես արդյունաբերության մեջ, այնպես էլ բնակչության շրջանում: Այսպես՝ 2015-ին առաջին ինն ամիսներին ՝ բնակչությունը սպառել է 353.7 մլն խ.մ, 2016-ին՝ 366,0 մլն, 2017-ի առաջին ինն ամիսներին՝ 448,6 մլն խ.մ գազ:
Այս տարվա հունվար- սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 20 տոկոսով ( 20,7 %-ով ) ավելացել են նաև ՌԴ-ից մեր երկրին մատակարարվող գազի ծավալները: Սա պաշտոնական վիճակագրությունն է, մինչդեռ շրջանառվող լուրերի համաձայն, հատկապես մարզերում, բնակիչները ձմռանը վաղուց արդեն ոչ թե գազ, այլ փայտ են վառում:
2017 ձմռանը, ինչպես 1990-ականներին, Հայաստանի ամենամեծ ու խոշորացված համայնքներից մեկի՝ Գոշի բնակիչների կյանքը չփոխվեց, երբ միացան Դիլիջանին: Եթե անկեղծ լինեն, ակնկալիքներ չունեին էլ, խնդիրները նույնն են, հոգսերը`կրկին ու միայն իրենցը: Միայն թե ձմռան հոգսերին ավելանում է նաև կիսաքանդ տները ջեռուցելու հարցը: Ինչպես հանրապետության շատ համայնքներում, այստեղ էլ այս եղանակին գյուղ մտնող այցելուն օդում կանգնած ծուխն է զգում։ Հենց այստեղ է, որ հատվում են 20-րդ ու 21-րդ դարերը:
Գոշեցի երեխաները երազում են ժամանակակից դպրոցում սովորելու մասին
Տիկին Անահիտին այստեղ լավ են ճանաչում: Զրույցը սկսվում և ավարտվում է սոցիալական խնդիրների նկարագրությամբ: Գյուղը գազիֆիկացվել է մոտ մեկ տարի առաջ, սակայն զրուցակիցս վստահ է՝ որևէ մեկը չի կարողանա օգտվել դրանից:
28-ամյա Աննա Ալիխանյանը ընտանեկան հոգսերի մեջ մտավ 18 տարեկանում, այժմ չորս երեխայի մայր է։ Գյուղի կյանքը դժվար է, սակայն քաղաքում ապրելու մասին չի էլ մտածում: Երեխաներին մեծացնում են՝ ինչպես կարողանում են: Կյանքը բարդանում է հատկապես ձմռանը՝ բազմաթիվ հոգսերին գումարվում է նաև տան ջեռուցման խնդիրը: Համագյուղացիների նման տունը փայտով են տաքացնում:
Գոշավանքը գրավում է զբոսաշրջիկներին, բայց…
Եթե Գոշը գյուղական համայնք է, որն այժմ միացել է Դիլիջանին, ապա վերջինս խոշորացված կենտրոնն է ու Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Քաղաք մտնելիս առաջին պատահած շենքի բնակարաններից մեկում ենք, որի պատուհանից ծուխ է դուրս գալիս: Գազի փոխարեն այստեղ էլ գերադասում են տունը փայտով տաքացնել:
Չնայած վառելափայտի անհրաժեշտությանն ու նախապատվությանը՝ այս տարի անտառներում վերահսկողությունն ավելի խիստ է: Դիլիջան ազգային պարկի շուրջ կրքերը, օրինակ, չեն հանդարտվում: