ԿարևորՀասարակություն

Ավելին՝ ավելիի դիմաց. համայնքների զարգացման նոր մոտեցում

Դիլիջանում կայացել է համայնքների հերթական խորհրդաժողովը: Օրակարգում մարզերում եւ համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերն են: Խորհրդաժողովին մասնակցել է երկրի ղեկավարը: Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է հանձնարարականներ ու ցուցումներ՝ համայնքներում առկա առաջնահերթ խնդիրների լուծման համար:

 

Տնտեսական զարգացում չի կարող լինել, եթե համայնքի խնդիրները, ինչպես օրինակ ճանապարհների բարեկարգումը, լույսի, գազի ու ջրի ապահովումը, չլուծվեն: 2018-ից սկսած այդ խնդիրների արագ լուծումն ու բիզնեսի մոտեցումը ծայրամասերում դառնում է առաջնային: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներն ընդգրկում են համայնքային բավականին ծավալուն խնդիրներ:

Նախկին լուրջ բացթողումներից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում առանձնացրեց, օրինակ հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտման խնդիրը:

Ավելին՝ ավելիի դիմաց. եթե համայնքը հավաքագրումը կատարում է ըստ պատշաճի, ապա պետությունը կկրկնապատկի այդ գումարը՝ համայնքային ենթակառուցվածքների խնդիրը լուծելու համար՝ պարզաբանեց Դավիթ Լոքյանը: Հաջորդ տարվանից կձեւավորվեն նաեւ մարզերի զարգացման հիմնադրամները:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ փոխվում է համայնքներին օգնելու նախկին՝ վերեւից ներքեւ տրամաբանությունը՝ ներքեւից վերեւ կառուցվածքով։

«Համայնքները կգրեն ծրագրեր, կներկայացնեն իրենց առաջնահերթությունները եւ պետական աջակից կառուցները՝ իրենց ռեսուրսների շրջանակներում, կփորձեն աջակցել համակարգին: Կունենանք ներքեւից կառավարությանը ներկայացվող պատվեր»:

Համայնքների խոշորացումն էլ օգնում է, որ մարզեր ու համայնքներ ուղղվող հսկայական գումարները թիրախավորված կոնկրետ խնդիրներ լուծեն: Խոշորացման  արդյունքները գոհացուցիչ են՝ մեզ հետ զրույցում վստահեցրեց տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Սա միայն ձեւի փոփոխություն չէ, սա նաեւ բովանդակության փոփոխություն էր: Արդյունքները գոհացուցիչ են՝ ոչ այն նկատառումով, որ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ շատ հարթ է, այլ այն առումով, որ բոլոր դժվարությունները հնարավորինս արագ գնահատվում են ու դրանց համապատասխան արձագանք է տրվում»:

Փոխնախարարը հավելեց, որ 2018-ին նախատեսվում է մնացած համայնքներում ևս ավարտին հասցնել խոշորացման ծրագրերը: Արդյունքում քանի՞ համայնք կունենանք՝ այս պահին դեռ պարզ չէ: Կոնկրետ դեպքերում՝ կոնկրետ մոտեցումներ են ցուցաբերվում՝ համայնքների բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով: Պարզ է միայն, որ խոշորացման արդյունքում այս պահին հանրապետությունում ունենք 52 համայնք:

Առաջին խոշորացված համայնքներից մեկի՝  Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանն ասաց, որ խոշորացումից հետո 7 համայնքներում լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք չէին լուծվի, եթե չխոշորացվեին։

Համայնքների զարգացման նպատակով նոր գործիքների տրամադրման մասին են խոսում ԿԲ ներկայացուցիչները: Դիլիջանի ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի փոխանցմամբ՝ համայնքային ֆոնդերը ենթադրում են  մասնավորի եւ պետական միջոցների համադրում: Համայնքը նույնպես պարտավորություններ կստանձնի, ինչը, ըստ նրա, թույլ կտա ավելի մեծ միջոցներ ներգրավել համայնքի զարգացման համար:

 

Back to top button