Հասարակություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը՝ Թրամփի հայտարարության մասին


Իսրայելա-պաղեստինյան փխրուն խաղաղությունը վերածվում է տարածաշրջանային ապակայունացման գործընթացի: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Մերձավոր Արեւելքում նոր իրարանցման պատճառ է դարձել:

Արեւմտյան, ասիական եւ մերձավորարևելյան երկրների առաջնորդները զսպվածության կոչ են անում եւ դատապարտում ԱՄՆ քաղաքականությունը: Այսօր արտակարգ ռեժիմով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է գումարվելու՝ խնդրի լուծման ելքեր գտնելու նպատակով:

Մինչ աշխարհը կանգնում է նոր թնջուկի քանդման առջեւ, Թրամփը Սպիտակ տանը Հանուկա տոնի կապակցությամբ մեծ ընդունելություն է կազմակերպել եւ հայտնել, որ Երուսաղեմն իր սրտում է եւ ԱՄՆ-ն հպարտ է կանգնել հրեա ժողովրդի կողքին ու սերտացնել Իսրայելի հետ կապերը:

«Ռադիոլուրը» զրուցել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ:

 

 

Այսօր ուրբաթ է: Առավոտյան մահմեդականները հավաքվել են Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մոտ աղոթքի: Վերջինիս զուգահեռ Իսրայելի ԶՈւ-ն երեկվանից բերվել էին բարձր պատրաստակամության՝ հնարավոր բախումներից խուսափելու համար։ Դա անխուսափելի եղավ:  Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Պաղեստինցի ցուցարարներն իրենց հերթին քարեր են շպրտել իսրայելցի ոստիկանների ուղղությամբ: Բողոքի ցույցերը շղթայական ռեակցիայով տարածվել են ոչ միայն Պաղեստինի ինքնավարության բնակավայրերում, այլ նաև Եգիպտոսում, Հորդանանում, Թուրքիայում ու Մերձավոր Արևելքի տասնյակ քաղաքներում։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն առավոտյան մեզ փոխանցեց, որ իրենք անհանգիստ են Թրամփի կայացրած որոշումից, որը հղի է մի շարք վտանգներով: Մենք երեկ հաղորդել էինք, որ Երուսաղեմի հոգեւոր առաջնորդներն իրենց մտահոգությունները  հայտնել էին ԱՄՆ նախագահին և խնդրել Թրամփին վերանայել որոշումը։ Ինչի՞ կհանգեցնի Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը. Հայր սուրբը պատասխանում է.

«Երուսաղեմը, մանավանդ Երուսաղեմի արեւլյան հատվածը ճանաչված չէ որպես ամբողջական Երուսաղեմի մաս, ՄԱԿ-ն 1967 թվականից  մինչեւ այսօր այն ճանաչում է որպես գրավված տարածք: Այս առումով, եթե պրն Թրամփը առանց նշելու ասաց, որ ամբողջ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաք ճանաչում, նշանակում է, որ այստեղ կարգավիճակի մեծ փոփոխություն է տեղի ունենում: Ինչ զարգացում էլ, որ լինի, այն անմիջական ազդեցություն կունենա Երուսաղեմի հայ համայնքի եւ մեր եկեղեցու գործունեության եւ առաքելության վրա:

-Խնդիրները, ռիսկերը որո՞նք կլինեն՝ եկեղեցապատկան հողերի վերաբերյալ, թե անվտանգության երաշխիքների մասով:

Եկեղեցապատկան հողերի վերաբերյալ անհանգստություն չի լինի, այլ անվտանգության: Մտահոգ ենք, լուրերը, որը հասնում է Պաղեստինից, մտահոգում է: Բախումներ, լարվածություններ տեղի կունենան, բայց համայնքում խուճապ չկա»:

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու Թրամփի հայտարարությանն արձագանքել է նաեւ Մայր Աթոռը: Սուրբ Էջմիածինն անհանգստություն է հայտնել տարածաշրջանային անվտանգության եւ ապակայունացման վերաբերյալ, նաեւ շեշտել է, որ Երուսաղեմում բազում խնդիրներ կան կալվածքների իրավունքների հետ կապված: Քրիստոնյաները, մահմեդականները, հրեաներն ունեն իրավունքներ իրենց կալվածքների հետ կապված, ու կարգավիճակի փոփոխությունը կարող է ենթադրել խառնաշփոթ այդ դաշտում: Իսկ մեր պարտականությունն է ունեցած ժառանգությունը պաշտպանելը՝ ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Քանի դեռ որոշումներ կայացված չեն կողմերի միջև, նման քայլի դիմելը մեծ վտանգ է պարունակում, հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն իսրայելցիների և պաղեստինցիների համար, այլև այնտեղ ապրող, մշտապես իրենց իրավունքների համար մարտնչող եկեղեցիների համար: Գիտեք, դարերով ձևավորվել են այդ կալվածքների գործածության իրավունքները, կանոնակարգերը: Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է մեզ կանգնեցնել նոր իրողությունների առջև»:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը` Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցով հանդերձ, հանդիսանում է միջազգային նշանակության ամենակնճռոտ խնդիրներից մեկը, եւ նման խառնաշփոթը տրամաբանորեն հանգեցնում է Վաշինգտոնի միջազգային հեղինակության նվազեցմանն ու նպաստում վերջինիս միջազգային հնարավոր մեկուսացմանը՝ ասում են տարածաշրջանային փորձագետները:

Թեմայի  վերաբերյալ «Ռադիոլուր»-ին  հարցազրույց է տվել «Իսրայելի ձայն» ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար Ցվի Զիլբերը։ Նա հնարավոր է համարել, որ որոշումը պատահական չէ, եւ որ Թրամփն ունի նոր «ճանապարհային քարտեզ»՝ հակամարտությունը կարգավորելու համար:

«Թրամփը, ըստ էության, բարձրաձայնեց մի գաղափար, որն արդեն տևական ժամանակ բարձրաձայնում են Իսրայելի աջակողմյան ուժերը՝ մտածել նոր ճանապարհային քարտեզ, նոր պլան, ու հնարավոր է խոսքը գնա տարածաշրջանային կարգավորման  մասին ոչ թե պաղեստինցիների և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ, այլ Մերձավոր Արևելքում բոլոր խաղացողների միջեւ բանակցություններ՝ ամբողջ սունի աշխարհի հետ, ամբողջ իսլամական աշխարհի հետ։ Հնարավոր է այլ շրջանակներում այդ ամենը տեղի ունենա, բայց ակնհայտ է, որ այժմ կսկսվեն նոր բանաձեւի որոնումներ»:

Թրամփի որոշմանը դեռ չի շտապում արագ արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցում: Ավելին՝ ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել Թել Ավիվում տեղակայված ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին առաջիկա երկու շաբաթների ընթացքում միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել Երուսաղեմ։ Վերլուծաբանները կարծում են, որ պաղեստինյան-արաբական և մահմեդական ճակատը նոր դիմադրություն ցուցաբերելով՝ կերկարաձգեն տեղափոխումը։

Back to top button