Աղքատը քիչ է ծախսում. Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ բուռն քննարկումների պատճառ


ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` աղքատության մասին հայտարարությունները հարուցել են վրդովմունք ու բուռն քննարկումներ սոցիալական ցանցերում ու հանրության շրջանում:
Պատգամավորն ասել էր՝ «աղքատը քիչ է ծախսում, ու նրա մոտ սովորություն կա ինքնաբուխ խուսափել թանկացած ապրանքներից՝ ինքնապաշտպանության ինստինկտով»:
Հայտարարությունը պատգամավորի մանդատը վայր դնելու պահանջների ակցիայի հիմք է դարձել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը միացել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` աղքատության մասին հայտարարությունից բարկացած մարդկանց ու ֆեյսբուքյան իր էջում առաջարկել ակցիա սկսել` պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Քոչարյանն իր պահանջն ու ասելիքն այսպես ձեւակերպեց՝
«Ես կարծում եմ՝ ադեկվատ հանրապետականներին էլ է ձեռք տալիս, որ մառազմատիկները մի քիչ ավելի քիչ լինեն: Դիմեն, չգիտեմ, Արա Բաբլոյանին, էթիկայի հանձնաժողով, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որ նա մանդատը վայր դնի: Սա պարզապես մառազմ է: Չեն հասկանում՝ ինչ են խոսում: Չի կարելի նման մարդկանց վստահել Հայաստանի օրենսդրական դաշտի ձեւավորումը»:
Օրերս ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե աղքատները ինչպե՞ս պետք է դիմակայեն թանկացումներին, արձագանքել էր՝ աղքատը քիչ է ծախսում, ու նրա մոտ սովորություն կա ինքնաբուխ խուսափել թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ աղքատ շերտին պաշտպանի թանկացումների հարվածից: Հիմա կարիք չկա, որ պետությունն անդրադառնա դրան»,-ասել էր ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարող պատգամավորը:
Մեջբերենք «Ժողովուրդ» օրաթերթին նրա հարցազրույցից մի հատված:
«Ծայրահեղ աղքատների սովորույթի մեջ կա՝ նրանք խուսափում են թանկացող կամ թանկ ապրանքներ գնելուց: Դա ինքնապաշտպանության ինստինկտ է: Պետք է հաշվի առնել՝ աղքատը քիչ է ծախսում, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ինքնակամ, ինքնաբուխ խուսափելու է թանկացած ապրանքներից»:
Մամուլում ու սոցցանցերում այս արտահայտությունը տարբեր մեկնաբանություններ ստացավ, ձեւափոխվեց մտքի, թե «աղքատներին թանկացումը չի վնասում, նրանք գումար չունեն և առևտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»: Սա բուռն քննարկումների թեմա դարձավ՝ հասնելով մանդատը վայր դնելու պահանջի:
Պատգամավոր Հակոբ Հակոբյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ կապ հաստատել ու մեկնաբանություն ստանալ այդպես էլ օրվա ընթացքում չհաջողվեց. զանգերն անպատասխան մնացին: