Հասարակություն

Էրզրումում հայտնաբերվել է անտիկ ժամանակաշրջանին պատկանող բնակավայր

Էրզրումի պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող հետազոտող ու գրող Օմեր Ֆարուք Քըզըլքայան, տեղեկանալով  Դումլու թաղամասի հարևանությամբ գտնվող գյուղական բնակավայրում կատարված գանձագողությունների մասին, ենթադրել է, որ այն կարող  է պատմական նշանակության կարևոր վայր լինել ու սկսել է պեղումներ իրականացնել այնտեղ։

Նա լայնամասշտաբ հետազոտություն է կատարել այնտեղ ու հայտնաբերել անտիկ ժամանակաշրջաններին պատկանող ժայռափոր գերեզմաններ, տաճար, բնակավայր և ջրի թունել։ Քըզըլքայան  դիմել է շրջանի Մշակույթի ու զբոսաշրջության տնօրինությանը՝ այդ շրջանը պաշտպանության տակ վերցվելու նպատակով։

«Անադոլու» գործակալության թղթակիցների հետ այդ շրջան գնացած Քըզըլքայան ժայռափոր գերեզմանների գտնվելու վայրից իջել է 50 մետր խորության վրա գտնվող մի քարայր, որն այն ժամանակ մարդիկ փորել էին տեղի ջրի պահանջը բավարարելու նպատակով։

Լրատվական գործակալության խումբը, Քըզըլքայայի հետ միասին  ավտանգության  բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռք առնելուց և մագլցելու ժամանակ օգտագործվող ապահովության գոտիները գցելուց հետո, պարանի օգնությամբ իջել է ներքև։ Նրանք մոտ 15 մետր իջել են, դժվարությամբ քայլել ներքև ձգվող նեղ քարայրով ու հասել ջրի ակունքին։

Կարծում ենք, որ սա թագավորի  գերեզման է

Քըզըլքայան տեղեկացրել է, որ ժայռափոր գերեզմանները, տաճարի տարածքն ու բնակավայրի մնացորդները պատկանում են Ուրարտական թագավորության ժամանակաշրջանին։

Նա խմբի ուշադրությունն է հրավիրել շրջանի ժայռափոր գերեզմանների վրա և նշել․ «ժայռափոր գերեզմանները թագավորների կամ ժողովրդի հարգանքը վայելող այլ անձանց հուղարկավորելու վայր են եղել։ Կարծում ենք, որ սա թագավորի, կառավարչի կամ հոգևորականի գերեզման է»։

Քըզըլքայան տեղեկացրել է, որ գերեզմաններից վերև բնակավայրի մնացորդներ են հայտնաբերվել ու  նշել, որ շրջանում պետք է լուրջ հետազոտություններ անցկացվեն։

Նա պատմել է նաև, որ շրջանն ավերվել է գանձագողերի կողմից ու շեշտել․«Սա անտիկ ժամանակաշրջանին պատկանող կարևոր տարածք է, որտեղ պեղումներ պետք է կատարվեն։ Ժայռափոր գերեզմանները մեր աչքի առջև են։ Այս տարածքը պետք է պահպանության տակ վերցնել ու լուրջ հետազոտություն անցկացնել»։

 

Back to top button