Հասարակություն

Շուրջ 60 տոկոսը՝ ընտանեկան բռնության զոհ. ինչի՞ն պետք է ծառայի օրենքը

Յուրահատուկ եւ որոշ դեպքերում ցենզուրայից դուրս ստացվեց վիճահարույց համարվող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» նախագծի քննարկումն Աժ-ում:

Փաստաթղթի առաջին ընթերցումն արդեն ավարտվել է, քվեարկության կդրվի վաղը: Արագացված կարգով է կազմակերպվել քննարկումը, հատկացվել է ընդամենը մեկ ժամ:

Մեկ շաբաթից կկազմակերպվի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, այնպես որ առաջարկություններ ունեցող պատգամավորները պետք է շտապեն:

 

 

 

Հայաստանում հարցվածների 59.6 տոկոսը երբեւէ ենթարկվել է ընտանեկան բռնության: Այս հարցումներն անցկացրել է հասարակական կազմակերպություններից մեկը եւ թվերը ներկայացված են խորհրդարանում քննարկվող վիճահարույց օրինագծի հիմնավորումներ բաժնում:

Ինչի՞ն պետք է ծառայի օրենքը եւ ի՞նչ խնդիրներ լուծի՝ պատգամավորները մի պահ անգամ մոռացան սա, որոշելով պարզել, թե որոնք են հայկական ընտանեկան ավանդույթները: Նեղացավ Սամվել Ֆարմանյանը, իրականության դաշտ փորձեց վերադարձնել Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորների մի մասի վախերը կապված են ոստիկանությանը տրվող կանխարգելիչ լրացուցիչ լիազորությունների հետ: Խորհրդային տարիներից հիշողությունները դեռ թարմ են։ Չեն ցանկանում, որ թաղայինները նորից մտնեն ընտանիքներ: Նախագծով վերահսկողական զգալի դեր է հատկացվում նաեւ քաղաքացիական հասարակությանը։  Այստեղ արդեն վտանգ է զգում Հայկ Բաբուխանյանը:

Նախագծում բացթողումներ նկատեց «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը: Խնդիրը փորձեց դիտարկել այլ տեսանկյունից:

Գաղտնիք չէ, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող նախագծի հանդեպ լուրջ բացասական վերաբերմունք են ունեցել հենց հանրապետական խմբակցության անդամները: Ասում են, որոշ պատգամավորներ անգամ պատրաստվում էին դեմ քվեարկել նախագծի նախնական տարբերակին: Այդ ընդվզումից հետո՝ կուսակցական քննարկումների արդյունքում նախագիծը վրամշակվեց, վերափոխվեց ու ներկայացվեց պատգամավորների դատին: Դեռ չի ստացվել այն, ինչ պատկերացնում են՝ հաստատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահ, հարցով հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը որոշեց չպատասխանել շատ ազատ եւ որոշ դեպքերում ցենզուրայից դուրս որոշ հարցերի:

Արդարադատության փոխնախագահ Վիգեն Քոչարյանը թերեւս չէր պատկերացնում, թե թեժության ինչ աստիճան կապահովի իր կողմից խորհրդարան բերված փաստաթուղթը: ԱԺ  գլխավոր ամբիոնին նա այսօր գրեթե շնչահեղձ մոտեցավ։ Բայց դա ուներ իր պատճառները:

Շտապում են նաեւ օրենքի հեղինակները: Փաստաթուղթը արագացված կարգով է դրվել քննարկման: Երկրորդ ընթերցմամբ օրինագիծը խորհրդարան է բերվելու մեկ շաբաթից։ Այնպես որ՝ փոխնախարարը պատգամավորներին հորդորեց՝ առաջարկությունները ներկայացնել մինչեւ երկուշաբթի: Ինչ վերաբերում է սպասվող քվեարկությանը, ապա շատերը կարծում են, որ այսպիսի օրենքի անհրաժեշտություն, ամեն դեպքում, կա:

Back to top button