Հասարակություն

Ի՞նչ անել, որ բնական երեւույթը չվերածվի աղետի


Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ստեղծվել է աղետների դեմ պաշտպանության կայացած եւ զարգացող մի համակարգ:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:

Թե որքանո՞վ ենք պատրաստ դիմագրավելու հնարավոր երկրաշարժերը, գնահատականները տարբեր են՝ պայմանավորված տարբեր գործոններով. հստակ չափումներ այդ առումով չկան:

 

Հայաստանի ու Արցախի տարածքից դեպի Արեւելք ու հարավ-արեւելք ընկած տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվելու է՝ անդրադառնալով տարածաշրջանի ներկայիս սեյսմիկ իրավիճակին ասաց ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:

«Մեր տվյալները, որոնք մենք ամեն օր մշակում-նայում ենք, չեն խոսում այն մասին, որ Հայաստանի տարածքում սպասվում է ուժեղ երկրաշարժ մոտ ժամանակներում: Նման հիմք չկա»:

Ընդհանուր առմամբ, երկրաշարժեր միշտ եղել են ու կլինեն, սակայն, որպեսզի այդ բնական երեւույթը չվերածվի աղետի, մասնագետները մեկ հստակ մոտեցում ունեն.

«Պետք է ունենալ սեյսմակայուն շենքեր, որպեսզի երկրաշարժը չվերածվի աղետի»:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն էր: Նրա խոսքով՝ ներկայումս մենք շենք-շինությունների սեյսմակայունության մասին կարող ենք ասել, որ ե՛ւ ունենք, ե՛ւ չունենք:

«Տարբեր ժամանակներում, տարբեր կոնստրուկցիաներով  կառուցված տարբեր շենքեր են: Այն շենքերը, որոնք կառուցվել են մինչեւ 1988 թվականը, սեյսմակայուն չեն՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով: Այդ շենքերին ասել սեյսմակայուն են՝ չի կարելի: Դրանք մոտավորապես կարող են կազմել մեր բնակֆոնդի 60-70 տոկոսը»:

Այլ է նոր կառուցվածների պարագան՝ նոր տեխնոլոգիաներ, նոր որակ ու նորմեր, որոնք 3-4 անգամ ավելի մեծ սեյսմիկ բեռի հաշվարկով են, քան խորհրդային տարիներին էր: Կարեւոր է նաեւ բնակչության գործոնը՝ շատ դեպքերում մարդիկ հիմնապատերի չհաշվարկված փոփոխություններ են կատարել, թեպետ ներկայումս նման բան գրեթե բացառված է: Հետեւաբար, նորերը սեյսմակայուն են՝ չհաշված, որ կարող են լինել առանձին գործոնների ազդեցություններ՝ ասաց Գուրգեն Նամալյանը:

«Որեւէ շենքի կոնկրետ գնահատական տալու համար պետք է այդ շենքը մանրակրկիտ հետազննել, նոր ասել սեյսմակայուն է, թե ոչ»:

Իսկ նման հաշվարկներ մինչ օրս չկան: Նման հաշվարկներ անգամ Ճապոնիայում արված չեն՝ ասաց բանախոսը: Ինչ վերաբերում է խնդրին, թե որքանո՞վ ենք պատրաստ դիմագրավելու հնարավոր բնական աղետները: 88-ից մինչ օրս կատարված աշխատանքները ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանն այսպես ամբողջացրեց.

«Խնդիրը միայն փրկարարների պատրաստությունը չէ: Համակարգումով մենք այսօր առաջ ենք: Այսօր հավանականությունը, որ երկրաշարժի ժամանակ տուժած մարդկանց կարող ենք փրկել՝ 90 տոկոսով բարձրացել է՝ հաստատ»:

Իրազեկման խնդիրն էլ ամենակարեւորներից է եւ այդ ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ տարվում են՝ սկսած դպրոցական դասագրքերից, մինչեւ բուհեր ու հիմնարկներ:

Back to top button