Մշակույթ

«Հիշողության ձայնը». համերգ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ Zipper Hall սրահում:

«Հիշողության ձայնը» (Sound of memory) համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին:

Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաև սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը և «Հայ եմ» կվարտետը:


«Ինձ համար շատ կարևոր համերգ է: Նպատակ էի դրել իմ առաջ մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, որի հետ բախտ ունեցա ծանոթանալ: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն է աշխատելը»,-նշում է Ադամ Բարրոն: Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր:

Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների գործերից: Նշենք, որ առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաև այլ ելույթներով:

Back to top button