ԿարևորՏնտեսական

Գործադիրում կարծում են՝ գնաճային ֆոնը Հայաստանում կառավարելի է


Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին այսօր խոսվել է նաև ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Կան ապրանքնատեսակներ, որոնք համարյա 100 տոկոսանոց  գնաճ են արձանագրել՝ նշել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը և հետաքրքվել, թե գնաճը կանխելու ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը:

Գործադիրում կարծում են, որ գնաճային ֆոնը Հայաստանում կառավարելի է:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատգամավորի հարցին ի պատասխան հիշեցրել է, որ ՝ 2017թ. բյուջեով  սահմանված  թիրախը 4 տոկոսանոց գնաճն է:

«Դեկտեմբերի 6-ին հրապարակված ցուցանիշով՝ 12 ամսվա գնաճը 2.2 տոկոս է, միջինացված 1 տոկոսից պակաս։ Ազատական տնտեսություն ունեցող տնտեսական համակարգերում մենք երբևէ կոնկրետ ապրանքների գին չենք ամրագրում, այլ կառավարում ենք ընդհանուր գնային ֆոնը, որը տվյալ դեպքում չափվում է սպառողական գների համաթվով։ Ենթադրել, թե գնաճի միտումով փորձ է արվում կառավարել տնտեսական աճը, հզոր փաստարկ չէ»։

Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, ապա փոխվարչապետը նկատել է, որ կարելի է նշել նաև ձավարեղենը, որի գինը, ըստ նրա, իջել է:

«Եթե խոսում ենք մսամթերքի և այլ արտադրանքների մասին, ապա հիմնականում պայմանավորված է այն խնդրով, որ մեր արտահանման տեմպերն ավելին են, քան մեր արտադրողների հնարավոր հզորությունների ավելացումը, ինչը խոսում է տնտեսական այլ զարգացումների մասին։ Կարագի գինն աճել է բոլոր երկրներում։ Եվ եթե կաթի փոշու գնի նվազումը բերեր այն փաստին, որ լիներ կարագի գնի նվազում, ապա այդ երևույթը նկատելի կլիներ ոչ միայն ՀՀում, այլև այլ երկրներում։ Որևէ երկրում կարագի գնի նվազում չկա»։

Back to top button