Դեղերի գինն ու որակը չեն համապատասխանում իրար, ասում են քաղաքացիները


2018 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ տարածքում կգործի դեղերի միասնական շուկա:
Այն արդեն մասնակի գործում է եւ հայաստանյան դեղարտադրողների եւ դեղարտահանողների հավաստմամբ՝ որեւէ դրական ազդեցություն չի գործել շուկայի վրա, այլ՝ հակառակը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է Հայաստանի դեղարտադրողների եւ դեղարտահանողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
ՀՀ դեղարտադրողների եւ դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի խոսքով՝ իրենք դրական սպասելիքներ չունեն ԵՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ներդրումից: Ասաց, որ այն արդեն մասնակի գործում է եւ արդեն ունեցել է բացասական անդրադարձ:
«Մենք երբեք Ռուսաստան արտահանման խնդիր չենք ունեցել՝ 52 տոկոսն արտահանվել է: Հիմա կա ավելի շատ կողմնապահություն. ռուսական կողմը պահանջում է, մասնավորապես, որ կլինիկական հետազոտությունները կատարվեն Ռուսաստանում, ռուսական կազմակերպության կողմից: Մասնավորապես, այն դեղերի դեպքում, որոնք Հայաստանում արդեն գրանցված են եւ տարիներ շարունակ Հայաստանում գործում են»:
Սամվել Զաքարյանի խոսքով՝ դա լրացուցիչ խոչընդոտ է եւ այն կբերի մեծ ծախսերի ու Հայաստանում արտադրվող դեղերի ինքնարժեքի բարձրացման:
Մինչ դեղարտադրողներն ու դեղ ներմուծողները մտահոգված են դեղերի ԵՏՄ միասնական շուկա ձեւավորելու հետ կապված տեխնիկական խնդրով, Հայաստանի քաղաքացիներին, դեղերի գներից առաջ, ոչ պակաս հետաքրքրում են նաեւ այլ հարցեր:
ՀՀ դեղարտադրողների եւ դեղներմուծողների միության նախագահի խոսքով՝ նախկին ԽՍՀՄ երկրներից միայն հայկական դեղերն են, որ ունեն Եվրոպական բարձրագույն՝ GMP ստանդարտ, ինչը նշանակում է բարձր որակ եւ բարձր ինքնարժեք: Ի դեպ, դեղերի գներից այսօր իսկ գոհ չեն նաեւ քաղաքացիները:
Սամվել Զաքարյանի խոսքով՝ դեղերի ինքնարժեքի վրա ազդում է նաեւ Հայաստանում գործող 20 տոկոս ԱԱՀ-ն: Այս հարկատեսակը Ռուսաստանում 12 տոկոս է, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Բելառուսում ընդհանրապես չկա:
Դա լուրջ խնդիր է՝ ասաց բանախոսը: Նրա փոխանցմամբ՝ դեղարտադրողները վերջերս դիմել են վարչապետին՝ դեղերի եւ դեղահումքի ներմուծման ժամանակ գանձվող այդ 20 տոկոս ԱԱՀ-ն հանելու կամ վերանայելու խնդրանքով, քանի որ այն անմրցունակ է դարձնում նաեւ Հայաստանը հարեւանների համեմատ: Կառավարությունից ստացել են մերժում՝ պատճառաբանությամբ, որ ԱԱՀ-ն հանելու դեպքում, դեղատները գները չեն իջեցնի եւ կշարունակեն աշխատել գերշահույթներով:
Դեղատների կողմից այդ 20 տոկոս գների իջեցման պատասխանատվությունը մտադիր են գրավոր փաստաթղթով ստանձնել դեղարտադրողներն ու դեղներմուծողները՝ ասաց Սամվել Զաքարյանը՝ խոստանալով հետագա ընթացքի մասին տեղեկացնել հանրությանը: