2018-ից հետո կյանքն աստիճանաբար կլավանա, վստահեցնում է կառավարություն


Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում աղքատության հաղթահարման համար մոտ 70 մլրդ դրամ գումար է անհրաժեշտ: Կառավարությունը հստակ հայտարարել է՝ պարտք չեն վերցնելու և թոշակ ու աշխատավարձ չեն բարձրացնելու:
Այստեղ վստահեցնում են՝ տնտեսական աճին զուգահեռ սոցիալական պատկերն աստիճանաբար կփոխվի: 2016-ի տվյալները, սակայն, մեղմ ասած հուսադրող չեն:
Մինչ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա անցած ամիսներին ներքին առևտրի, կենցաղային տեխնիկայի ու այլ ապրանքների ներկրման աճ է արձանագրում, իրենք՝ քաղաքացիները «Ռադիոլուր»-ին իրենց դժգոհությունն են փոխանցում:
Փորձագետներն էլ իրենց դիտարկումներում առաջարկներ են ներկայացնում՝ աղքատության հաղթահարման համար:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մեր երկրում ըստ էության չի հաջողվում հաղթահարել աղքատությունը: 2008-ից տարեցտարի վիճակագիրները նվազում արձանագրում են, սակայն թվերը փոքր են ու գրեթե ոչինչ չասող: Այսպես, 2016-ին աղքատության մակարդակն իջել է մոտ կես տոկոսով:
Չնայած այս տարվա ցուցանիշերը հուսադրող են, մոտ 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, «Ռադիոլուրը» փորձեց քաղաքացիներից պարզել՝ արդյո՞ք նրանց սոցիալական վիճակն անցնող տարվա ընթացքում ավելի է լավացել, ավելի շա՞տ են առևտուր անում, թե՞ ոչ:
Կարեն Կարապետյանի կառավարության հիմնական խոստումներից մեկը ներդրումներ ներգրավելն էր, աշխատատեղեր ստեղծելը: Փորձագետները պնդում են՝ Հայաստանում սոցիալական պատկերը կփոխվի, եթե աշխատատեղեր ստեղծվեն ու ամենակարևորը՝ դրանք պետք է բարձր վարձատրվող լինեն:
Սոցիոլոգ Սամվել Մանուկյանն ընդգծում է՝ Հայաստանում բնակչության ընդամենը վեց տոկոսն է նորմալ վարձատրվում, մնացած հատվածում վճարվող գումարը բավարար չէ բարեկեցություն ապահովելու համար: Սոցիոլոգիական հարցումներ են արել ու քաղաքացիներից են փորձել պարզել՝ որքան գումար է անհրաժեշտ, որպեսզի, օրինակ, չորս հոգուց բաղկացած ընտանիքը նորմալ ապրի:
Այս դեպքում ընտանիքում ամուսինները պետք է ներգրավված լինեն բարձր վարձատրվող աշխատանքներում, որպեսզի կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել: Զրուցակիցս դրական է գնահատում նոր աշխատատեղերի ստեղծումը, միաժամանակ նշում է՝ դրանք պետք է նորմալ վճարվող աշխատատեղեր լինեն: Հակառակ դեպքում՝ արտագաղթի վտանգը մեծ է լինելու՝ պարզաբանում է:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ընդգծում է՝ կառավարության որդեգրած մոտ 4 տոկոս տնտեսական աճը սոցիալական լուրջ խնդիրներ չի կարող լուծել: Տնտեսության առողջացման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:
Աղքատության հաղթահարման համար Հայաստանին մոտ 70 մլրդ դրամ գումար է անհրաժեշտ: Այս պահին կառավարությունում լռում են, պարզ չէ՝ կարո՞ղ են գտնել այն, թե՞ ոչ: Փոխարենը վստահեցնում են՝ 2018-ից հետո աստիճանաբար տնտեսական պատկերը կփոխվի, սա ուղիղ գծով կարտահայտվի նաև սոցիալական ոլորտում: