Վերլուծական

Քաղաքագետը հորդորում է հույսը չդնել ՀԱՊԿ-ի վրա


Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի դեմ ուղղված թեկուզ արդեն սովորական դարձած սպառնալից հայտարարությունների ֆոնին Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, և Հայաստանում, բնականաբար, զգոն լինելու մասին են խոսում քաղաքագետներն ու թուրքագետները:

Նրանք հիմնականում նախիջևանյան ուղղությամբ սպառնալիք տեսնում են, բայց նաև հիշատակում Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը:

Նախիջևանում այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական հրետանային ու օդային զորավարժությունների անցկացումը թեև տեղավորվում է ամենամյա զորավարժությունների անցկացման շրջանակներում, սակայն ամեն դեպքում սպառնալիք է ՀՀ համար: Անկանխատեսելի հարևան ունեցող ցանկացած երկրում թերևս հենց այսկերպ մտածեն: Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը սպառնալիք տեսնում է այդ ուղղությամբ: Նա վստահ է, որ եթե ռազմական գործողություններ վերսկսվեն հարձակումը կլինի հենց Նախիջևանի կողմից:

«Հաջորդ հարձակումը եթե լինի, կլինի  հայկական պետականության դեմ»:

Պետք է պատրաստ լինել բոլոր ուղղություններով հակառակորդի կողմից հարձակման, ասում է արցախցի քաղաքագետը: Ըստ նրա՝ վերջացել են այն ժամանակները, որ հարձակումը լոկալ էր՝ Արցախի ուղղությամբ:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ ցանկացած հարձակում հակահարված կստանա, Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը գերակայություն ունի, ասում է:

«Հայաստանը ուշադիր հետևում է այդ զարգացումներին, և պետք է ասեմ, որ նախիջևանյան ուղղությունը դա այն ուղղությունն է որտեղ հայկական ԶՈՒ ակնհայտ գերակայություն ունեն»:

Թուրքագետ  Ռուբեն  Սաֆրաստյանի կարծիքով այսօրվա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում քիչ հավանական է այդ ուղղությամբ ոտնձգությունը Հայաստանի նկատմամբ, սակայն դա չի նշանակում, թե վտանգ չկա: Վտանգ կա ու բավականին լուրջ: Հարկ է ավելացնել հայկական կողմից պաշտպանունակությունը, բացի այդ, քայլեր պետք է արվեն նաև դիվանագիտական հարթությունում.

«Միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահել, որ նման իրավիճակ է Նախիջևանում»:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով զորավարժությունները նպատակ ունեն առաջին հերթին ընդլայնելու ռազմական համագործակցությունը այդ երկրների միջև:

Նրա խոսքով՝ Հայաստանի վրա Նախիջևանի ուղղությամբ հնարավոր հարձակումը կհակազդվի ՀԱՊԿ-ի կողմից, այնպես որ նման քայլի հավանականությունն այսօր քիչ հավանական է. «ՀԱՊԿ-ը կպաշտպանի»:

Արցախցի քաղաքագետը մինչդեռ հորդորում է հույսը չդնել ՀԱՊԿ-ի վրա, այլ ապավինել սեփական ուժերին: Հարկ է մի քանի սցենար դիտարկել:

Back to top button