

Հայաստանում կինոյի զարգացման հեռանկարների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը:
Նա վերջերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ ունեցել է բազմաթիվ հանդիպումեր կինոգործիչների հետ, ձեռք է բերել մի շարք ուշագրավ պայմանավորվածություններ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանի նոյեմբերի սկզբի այցը Միացյալ Նահանգներ խիստ գործնական նպատակ էր հետապնդում:
Նոյեմբերի 1-8-ը Լոս Անջելեսում կայացած ամենամյա կինոշուկային մասնակցելուց զատ, նա ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ամերիկյան կինոարտադրողների հետ՝ ներկայացնելով Հայաստանում կինոյի զարգացման ծրագրերն ու քննարկել համագործակցության հնարավորությունները:
«Այնտեղ էի նաև ուսումնասիրելու համաշխարհային կինոշուկայի պահանջները, որոնք գրեթե յուրաքանչյուր կես տարին մեկ փոխվում են»,- ասում է Արսեն Բաղդասարյանը։
Բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանում կազմակերպվի կինոարտադրության հզոր ցանց: Դրա համար մեր երկիրն ունի բոլոր նախադրյալները՝ վստահեցնում է ֆիլմ-հանձնակատարը:
Նա Միացյալ Նահանգներից Հայաստան է տեղափոխվել հենց վերոնշյալ գաղափարն իրականություն դարձնելու նպատակով:
Պայմանավորվածություններ մոտ մեկ տասնյակ դիստրիբյուտերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց օգնությամբ համաշխարհային կինոշուկայում հետագայում կփորձեն իրացնել հայկական կինոարտադրանքը:
Արսեն Բաղդասարյանը Լոս Անջելեսում հանդիպել է William Morris Entertainment ընկերության գործակալ Միքայել Աշջյանի հետ, քննարկել նաև Հայաստանում նրանց մշակած ֆիլմ-նախագծերի նկարահանման հեռանկարները` համաշխարհային աստղերի մասնակցությամբ:
Armenian American Business Council-ի նախագահ Ալեք Բաղդասարյանի հետ քննարկվել է Հայաստանի ֆիլմարտադրությունում հայ-ամերիկյան տարբեր ընկերությունների ներդրումների հնարավորությունը: Համաշխարհային ռոք աստղ Սերժ Թանկյանի հետ էլ քննարկել են Հայաստանում ստուդիայի կառուցման գործում համագործակցելու հնարավորությունը:
Հայկական կինոարտադրության ցանկալի հեռանկարն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկն իհարկե օրենսդրական դաշտի կարգավորումն է: Շրջանառության մեջ դրված ու իր ճակատագրին սպասող նախագիծը, ըստ Բաղդասարյանի, բավականին խոստումնալից է:
«Արտաքին ներդրողների համար այն դաշտը դարձնում է գրավիչ, իսկ կոմերցիոն կինոյի զարգացումն ապահովում է ազգային կինոյի պահպանումն ու զարգացումը»,-ասում է։
Հայ կինոյի զարգացման, ազգային կինոդիմագծի պահպանման ու համաշխարհային կինոքարտեզում հայկական բաժինն ունենալու հնարավոր ձևաչափն ըստ Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարի:
Հայ կինոյի զարգացման ներկա ծրագրում առանցքային դեր ունի կրթական նախագիծը, քանի որ որակյալ մասնագետների դիֆիցիտն այս ոլորտում ակնհայտ է: Ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև շուրջ 3000 նոր աշխատատեղ՝ 4-5 տարիների ընթացքում. ահա այն, ինչ ակնկալվում է կրթական ծրագրի իրականացման արդյունքում:
Հրաշալի կինոմթնոլորտ ստեղծելու համար, ըստ Բաղդասարյանի, Հայաստանում կա բարենպաստ մթնոլորտ:
Պետությունն օժանդակում է կինոյին, լավ է, բայց , ըստ Բաղդասարյանի, ժամանակն է, որպեսզի նաև կինոն իր նպաստը բերի երկրի ոչ միայն մշակութային, այլև տնտեսական վերելքին: