Տնտեսական

Փոփոխություններ դեռ չգործող օրենսգրքում

2018թ հունվարի 1- ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու Հարկային օրենսգիրքը:  Տնտեսվարողները դեռ չգործող փաստաթղթից արդեն դժգոհ են: Կառավարությունում քննարկումներ են ընթանում։

Արդյունքում՝ փորձագիտական շրջանում արդեն կարծիքներ են հնչում, որ Հարկային  օրենսգրքի ուժի մեջ մտնելը կարող է հետաձգվել: Պաշտոնական հարթությունում, սակայն, դեռ լռություն է:

 

 

Բիզնես միջավայրի կայացման կարևոր նախապայմանը հարկային օրենսդրությունն է: Սա միաժամանակ այն օրենսդրությունն է, որը Հայաստանում ամենաշատն է  փոփոխությունների ենթարկվում:

Փորձագետների մի մասը պնդում է՝ պարբերաբար փոփոխվող օրենսդրության պատճառով բիզնես միջավայրը դժվար կանխատեսելի է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա տնտեսվարողների համար: Եվ ահա մի քանի տարի առաջ որոշվեց մշակել օրենսգիրք, որտեղ կամփոփվի հարկային ողջ օրենսդրությունը։ Նախագիծն ընդունելիս պատասխանատուները վստահեցնում էին՝ հարկային օրենքները պետք է լինեն պարզ ու մեկնաբանելի ինչպես հարկային մարմինների, այնպես էլ հարկատուների համար:

Դեռ ուժի մեջ չմտած՝ օրենսգրքից դժգոհությունները սկսվել են: Ավելին, վարչապետ Կարեն Կարապետյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, Հարկային  օրենսգիրքն ընդունեցին, սակայն ճարահատյալ:

«Մենք չենք թաքցրել որ կային կետեր, որոնք ընդունել են ճարահատյալ»:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նույնպես ընդգծում է՝ օրենսգրքի ընդունումը ԱՄՀ ու ՀԲ-ի ճնշումների արդյունքն էր։ Հիշեցնում է՝ Մերձբալթյան երկրները հրաժարվեցին դոնորների տրամադրած գումարներից, ուստի և առաջարկներից: Անցյալ տարի, երբ 2017թ բյուջեն էր մշակվում ու դեֆիցիտի ֆինանսավորման գումարներն էին սպաասվում, ընդունվեց հարկային օրենսգիրքը: Եվ ահա այսօր արդեն  մշակված օրենսդրությունում խնդիրներն ավելի քան ակնհայտ են:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը  հարկային օրենսգրքի անհրաժեշտությունը Հայաստանի՝  ԵԱՏՄ-ին անդամակցությամբ է պայմանավորում։ Պարզաբանում է՝ այնպիսի  տնտեսական միջավայրում ենք, որ պետք է գնալ դրան:

2018թ հունվարից արդեն այս օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու: «Ռադիոլուրի» զրուցակից Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, կարծում է, որ ժամկետները կփոփոխվեն. անելիքները շատ են, դեռ ամբողջությամբ ուժի մեջ չմտած օրենսգիրքն արդեն փոփոխությունների է ենթարկվում: Պաշտոնական շրջանակները դեռ լռում են, սակայն փորձագիտական դաշտում են բարձրաձայնում:

Զրուցակիցս ընդգծում է՝ կարևոր է, որ այն կոռուպցիոն ռիսկեր չառաջացնի:  Մտահոգություններով հանդերձ՝ այս օրենսգրքից  ակնկալիքները մեծ են:  Հստակ է մի բան՝ դեռ ուժի մեջ չմտած փաստաթուղթն արդեն փոփոխությունների է ենթարկվում: Այստեղ հաշվի են առնվում տնտեսվարողների դժգոհությունները:

Back to top button