ԿարևորՀասարակություն

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը 1998 թվականից ի վեր նշվում է դեկտեմբերի 1-ին, համախմբում է աշխարհի մարդկանց` իրազեկվածությունը մեծացնելու և ՄԻԱՎ միլիոնավոր վարակակիրներին սատարելու համար: Հայաստանում ևս պայքար է տարվում ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ:

1981 թվականի հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցեց նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ-ը (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)։ Առաջին անգամ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը հնչեցվեց սոցիալական հանդուրժողականության և հիվանդության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու կոչ։

Այսօր աշխարհում ապրում է 15-49 տարեկան ավելի քան 35 մլն ՄԻԱՎ վարակակիր։


Իրավիճակը Հայաստանում

 

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1988թ. մինչեւ 2005թ. նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 375 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 356-ը՝ ՀՀ քաղաքացիներ: 2005թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 71 նոր դեպք, որից 68-ը` ՀՀ քաղաքացիների շրջանում:

ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 279 դեպք (78,4%), կանանց մոտ արձանագրվել է 77 դեպք (21,6%): ՄԻԱՎ վարակի 6 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ վարակակիրների զգալի մեծամասնությունը (76,1%) 20-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (54,5%) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (37,6%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Վարակակիրներից 101-ի մոտ (կին` 18, երեխա` 4) ախտորոշվել է ՁԻԱՀ, ըստ որում, 37-ը` 2005թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 76 դեպք: Մահացածների թվում կան 12 կին եւ 2 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մի մասը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Իրկուտսկ, Ռոստով, Սուրգուտ եւ այլուր) ու Ուկրաինայում (Օդեսա, Կիեւ, Մարեուպոլ եւ այլուր):

Դրանցից բացի, բոլոր ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը (70,2%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97,3%): ՄԻԱՎ վարակակիրների առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 177 դեպք, որը կազմում է բոլոր ՄԻԱՎ վարակակիրների 49,7%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 8,4%: 

Back to top button