Քաղաքական

Հայաստանը անվտանգության գործոն` թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում


Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է,  որ թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում բոլորն էլ Հայաստանի մասին խոսում են որպես տարածաշրջանային անվտանգության կարեւոր գործոնի:

Երկիր, որը անվտանգության է ձգտում, փորձում խաղաղություն ստեղծել Հարավային Կովկասում: Քաղաքագետը նկատել է նաեւ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ակտիվանալու համար առեւտրի տեղ ունի՝ Մերձավոր արեւելքում զիջումներ անելով, կարող է պահանջել այլ մասնակցություն մեր տարածաշրջանի զարգացումներին:

Ըստ վերլուծաբանի, սակայն, Ռուսաստանը ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասում Թուրքիան չակտիվանա ավելի շատ, քան հիմա կա: Փորձագիտական շրջանակներում Թուրքիայի առավել ակտիվացումը Հարավային Կովկասում գործնականում, ընդհանրապես, չեն պատկերացնում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ ըստ էության հասել ենք մի իրավիճակի, երբ այն գործառույթը, որը 2013-ից Հայաստանը միայնակ էր իրականացնում մեր տարածաշրջանում՝ կանխելով Ադրբեջանի ագրեսիան ու հնարավոր ավելի մեծ հակամարտության զարգացումը մեր տարածաշրջանում, սկսել է քաղաքական գնահատական ստանալ:


Ըստ քաղաքագետի՝ տեղի ունեցող զարգացումները պայմանավորված են թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում ինչ-որ գլոբալ սպառնալիքի գիտակցմամբ:

Հնարավոր սպառնալիքները կանխելու հարցում էլ  մեր դերակատարումն ամրապնդելու մասին պետք է մտածենք: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը բավարար պահանջկոտ չի եղել միջազգային հանրությունից, մինչդեռ, այսօր կարող է  ավելի պահանջկոտ լինել:

Նրա դիտարկմամբ՝ այսօր Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի պատերազմ սկսելու, բայց չունի հնարավորություն, քանի որ հիմա կա նաեւ քաղաքական ճնշում, որի մասին Ալիեւն արդեն իսկ խոստովանել է: Բնական է, որ փորձ է արվելու քաղաքական նոր իրավիճակ ստեղծել, որտեղ Թուրքիան կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ՝ նկատեց քաղաքագետը:

Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել Արցախի հիմնախնդիրը: Չավուշօղլուն վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Մինսկյան գործընթացին:

Շաբաթներ առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդիրը նույնչափ կարևոր է Թուրքիայի համար: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, սակայն, չի կարծում, որ Թուրքիան գործնականում ԼՂ հարցով կարող է որեւէ լուրջ ազդեցություն ունենալ:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ վաղուց Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում ավելի ակտիվ դերակատար լինելն է, իսկ Ղարաբաղյան հարցը միակ դարպասն է:

Փորձագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ՝ Թուրքիան իր ունեցած խնդիրների արդյունքում կտրվել է ԼՂ խնդրից եւ պարզապես  անընդհատ փորձելու է Ադրբեջանի օգտին ինչ-որ հայտարարություններ անել, ծառայություններ մատուցել:

«Դա լինելու է անընդհատ, բայց դա չի նշանակում, թե Թուրքիան ինչ-որ առավելություններ է ստացել: Իմ կարծիքով՝ հակառակն է»:

Ի՞նչ կապ կա վերջին զարգացումների եւ  այս շրջանում ռուսական հեռուստաընկերություններով հեռարձակված հակահայկական հաղորդումների միջեւ:

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը նկատեց, որ դրան զուգահեռ պետք է տեսնել նաեւ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք փորձում են ամեն կերպ համոզել, որ պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչող տարբեր փորձագետների ու շոումենների հայտարարությունների վրա:

Իրականում մեկնաբանելու խնդիր չկա՝ Ռուսաստանը հակասությունների երկիր է, կան տարբեր լոբբիստական կազմակերպությունների ազդեցություններ, եւ նման հաղորդումներում հաճախ են հանդիպում գնահատականներ, որոնք շատ ավելի վիրավորական են հենց Ռուսաստանի համար՝ եզրափակեց քաղաքագետը:

Back to top button