Մշակույթ

Թանկացումներ՝ նաեւ մշակութային կրթօջախներում

Հունվարից  թանկացումներ են նախատեսվում մշակութային կրթօջախներում:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական դպրոցներում  կանխատեսվում է  վարձավճարների բարձրացում:

«Ռադիոլուր»-ը  թանկացումների պատճառների վերաբերյալ դիմել էր քաղաքապետարանին։ Ինչ են պատասխանել եւ ինչ են վարձավճարների բարձրացման մասին մտածում երաժշտական դպրոցները։

2018 թվականի հունվարի 1- ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական և արվեստի դպրոցներում նախատեսվում են բարեփոխումներ: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսումնական պլանով՝ այս կրթօջախներում սովորող երեխաների ուսման վարձավճարներում  կլինեն թանկացումներ՝ ի պատասխան «Ռադիոլուրի» հարցմանը՝ գրավոր պատասխանեցին Երեւանի քաղաքապետարանից.

«Մեկ երեխայի հաշվարկով. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 17500 ՀՀ դրամ, երգեցողության ուսուցում՝ 15000 ՀՀ դրամ, պարարվեստի ուսուցում՝ 13000 ՀՀ դրամ, կերպարվեստի ուսուցում ՝ 9000 ՀՀ դրամ, թատերարվեստի ուսուցում՝ 8000 ՀՀ դրամ»:

Արտոնություններ կսահմանվեն այն երեխաների նկատմամբ, ում ծնողներից  մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում,  ազատամարտիկների կամ զոհված ազատամարտիկների ընտանիքների ,  ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող զինվորականների,  ծնողազուրկ  և սիրիահայ երեխաների համար։ Վերը թվարկված խմբերի համար ամսական վարձավճարը կկազմի 8000 դրամ:

«Ռադիոլուր»-ը թանկացումների մասին հետաքրքրվեց նաև երաժշտական դպրոցներից: Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցից հաստատեցին տեղեկությունը, սակայն տնօրենը չցանկացավ այն բարձրաձայնել: Խորհուրդ տվեց հարցերն ուղղել քաղաքապետարանին:  Իսկ  Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանը հերքեց լուրը:

«Նման խոսակցություն չկա, չգիտեմ‘ որտեղից ձեզ այդ տեղեկատվությունը»:

Փաստորեն՝ վարձավճարի բարձրացումը հիմնականում վերաբերելու է մարզերում բնակվող երեխաներին։ Երաժշտական դպրոցի տնօրենների խոսքով‘ այդպիսի երեխաներ իրենց կրթօջախներում շատ են: Բավականին տաղանդաշտ երեխաներ կան, որոնք  մարզերից են  հաճախում մայրաքաղաքի  դպրոցներ: Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանի դիտարկմամբ՝ երեխաները մեծամասնությամբ հետաքրքրված են դաշնամուրով եւ կիթառով։ Ժողովրդական գործիքների նկատմամբ հետաքրքրվածությունը մեծացել է հատկապես  կառավարության 2007 թվականի որոշումից հետո: Այն սահմանում է անվճար ուսուցում ժողգործիքների բաժնում, նաեւ անվճար տրամադրվում են երաժշտական գործիքները։

«Հիմա բոլորը ցանկություն ունեն, քանի որ հիմա ահագին շարժ կա դեպի ժողգործիքները: Ցանկությունը կա»:

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն էլ ուրախությամբ  նշում է, որ ունեն  դասարաններ, որտեղ երեխաների պակաս եթե ժամանակին կար, ապա  այսօր  արդեն խնդիրը լուծված է. ունեն տավիղի, տուբայի, կոնտրաբասի  դասարաններ: Կրթօջախը աշակերտների խնդիր չունի նաեւ  ժողովրդական լավ գործիքներով համալրված  դասարաններում։ Շատ են նաեւ մարզերից երեխաները.

«Բավականին երեխաներ կան, որ գալիս են մարզերից: Ճիշտ է՝ դա տեխնիկական մեծ խնդիր է ներկայացնում, սակայն ծնողը գիտակցելով, թե ինչ մասնագետների հետ է աշխատում, կազմակերպում է այդ հարցերը»:

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը պետական կրթական հաստատություն է, որտեղ ուսումը անվճար է, իսկ լավագույն աշակերտներն ստանում են նաեւ կրթաթոշակ:

Back to top button