ԿարևորՏնտեսական

Հայաստանը կարող է մասնակցել Մետաքսի ճանապարհին. Վրաստանի փոխվարչապետ


Վրաստանի մայրաքաղաքում անցկացվում է Մետաքսի ճանապարհին նվիրված մեծ խորհրդաժողով։ Դրան մասնակցում է ավելի քան 60 երկրից շուրջ 2000 պատվիրակ։

Նրանք ներկայացնում են 500 միջազգային ընկերություն։ Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ Հայաստանը եւս կարող է այդ ծրագրի մասնակից լինել։

Չինաստանը Եվրոպային կապող նոր  «Մետաքսի ճանապարը» կարևոր նախագիծ է ոչ միայն Վրաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրեց Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին։ Նրա խոսքով՝ Կովկասն այս երթուղու կարևոր  մասն է։

Հայաստանը արդյո՞ք  կարող է մասնակցել այս նախագծին, նախարարն ասաց․«Իհարկե, կարող է մասնակցել։ Հայաստանը մասնակցություն ունի բազմաթիվ ճանապարհային միջանցքների, այնպես որ կարող է մասնակցել նաև այս նախագծին»։

Պատմական մետաքսի ճանապարհի վերականգնման գաղափարը պատկանում է Չինաստանին, որը մեծ ներկայացուցչական կազմով է ներկայացել թբիլիսյան համաժողովին։  Չինաստանի Մետաքսի ճանապարհ միջազգային առևտրի պալատի գլխավոր քարտուղար Լի Ժոնգանգը «Ռադիոլուր»-ին ասաց, որ Վրաստանից կմեկնի նախագծի վերաբերյալ աշխարհի մի շարք երկրներից ստացած արժեքավոր խորհուրդներով։

«Տեղյակ եք, որ Մետաքսի  ճանապարհի վերականգնման նախաձեռնությունը Չինաստանինն է, որը առաջարկել է աշխարհի բոլոր երկրներին մասնակցել նախագծին։ Մենք կողջունենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան մասնակցել»։

«Անակլիա քաղաք» ընկերության ղեկավար Քեթի Բոչորիշվիլին համոզված է, որ Վրաստանի սևծովյան Անակլիայի շրջանի նավահանգիստը դառնալու է Մետաքսի ճանապարհի գլխավոր դարպասը։

«Մենք ուրախ կլինենք նավահանգստի ծրագրում ու ազատ ինդուստրիալ գոտում տեսնել նաև հայաստանյան ընկերություններին»։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշելով, որ Մետաքսի ճանապարհը բաղկացած է լինելու ոչ թե մեկ, այլ բազմաթիվ երթուղիներից, ասում է, որ դրանցից մեկին, անշուշտ, կարող է մասնակցել նաև Հայաստանը

«Միջին Ասիայով, Ադրբեջանով ու Վրաստանով Եվրոպա հասնող երթուղին Մետաքսի ճանապարհի միայն մի մասն է։  Դա միակը չէ, ուստի Հայաստանը կարող է միանալ մեկ այլ հատվածի»։

Սակայն դրա համար, ըստ նրա, Հայաստանը պետք է ակտիվ ներգրավվածություն ունենա նման համաժողովներին, աշխատանքներ տանի նաև Չինաստանի հետ՝ միաժամանակ  բարելավելով ենթակառուցվածքները, որոնք կարող են Հայաստանին թույլ տալ դառնալ 21-րդ դարի Մետաքսի ճանապարհի մասնակից երկիր։

Back to top button