Միքայել Ղազարյան. «Պատերազմի վավերագրողները» Ռադիոլուրի շարքի հերթական հերոսը


Առաջնագծում ամեն ինչ փոխվում է, երբ հաղթահարում ես վախն ու հայտնվում այնտեղ: Քեզ համար կարևոր է դառնում ընկերդ, հասկանում ես, որ միասին արդեն ուժ եք:
Պատերազմի ամենակարևոր դասերից մեկը հենց դա է ՝ գնահատել ընկերություն ասվածը, մարդ հասկացողությունը»,- ասում է ռեժիսոր Միքայել Ղազարյանը: Պատերազմի բովով անցած արվեստագետը ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք մեզ են փոխանցում արցախյան պատերազմի վավերագրությունը։
«Ռադիոլուրի» հերթական ռեպորտաժը՝ «Պատերազմի վավերագրողները» շարքից:
1992 թվականի փետրվարին Միքայել Ղազարյանն աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունում, որի կազմում ավելի ուշ ստեղծվեց «Զինուժ» ծրագիրը:
Այն հեռարձակում էր սահմանային իրավիճակին վերաբերող և նոր կազմավորվող բանակի ու գործող ջոկատների մասին նյութերը: «Երևանում լրատվական սով կար, շաբաթվա մեջ մի քանի անգամ մեկնում էինք Արցախ և սահմանամերձ գոտիներ:
Նկարահանումներ էինք կատարում ու վերադառնում Երևան: Այն ժամանակ այսօրվա տեխնիկական հնարավորությունները չկային, չէինք կարող նյութը ուղարկել, ամեն մեկին էլ չէինք կարող այն վստահել, ստիպված էինք ինքներս հասցնել»,- պատմում է Միքայել Ղազարյանը:
«Նկարահանող խմբերը բազմաթիվ փորձությունների են հանդիպել, երբեմն հրաշքով են ազատվել մահից: Օպերատորները սկզբում տարերայնորեն էին գործում, ով ցանկանում, այս կամ այն ջոկատի հետ վեր էր կենում ու գնում Արցախ նկարահանումների: Ոմանք կոնկրետ ջոկատների հետ էին աշխատում: Աշխատանքը համակարգված չէր և երբեմն կոպիտ սխալներ էին թույլ տրվում: Մարդիկ նկարում էին մեր դիրքերն ու հրապարակում՝ մոռանալով, որ այդ նյութերը դիտում են նաև Ադրբեջանում: Մեր հրամանատարները հաճախ դժգոհում էին: Ռազմական ղեկավարությունը որոշեց համակարգել այդ ամենը և տեղին սահմանափակումներ մտցվեցին»։
Գիտես, որ ժամանակը չի սպասում ու յուրաքանչյուր վայրկյան կարող է ճակատագրական լինել: Ի միջի այլոց, ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը երբեք իրենց զոհված ընկերներին մարտի դաշտում չէին թողնում: Չեմ ուզում պատերազմից մանրամասներ պատմել, որովհետև մեր զրույցը կարող է վերածվել սարսափ ֆիլմի, բայց այնտեղ ամեն ինչ պատահում է»։
Երբ հաղթահարում ես վախն ու հայտնվում առաջնագծում, այնտեղ ամեն ինչ փոխվում է: Քեզ համար կարևոր է դառնում ընկերդ, հասկանում ես, որ միասին արդեն ուժ եք: Պատերազմի ամենակարևոր դասերից մեկը հենց դա է՝ գնահատել ընկերություն ասվածը, մարդ հասկացողությունը:
Միքայել Ղազարյանի ռազմական թեմայով առաջին ֆիլմ «Դառնալ զինվոր»- ն էր: Այն, ինչպես ասում է, զրոյից ստեղծված հայկական բանակի մասին է՝ իր անցած ուղով ու առօրյայով: Հետագայում նկարեց «Գերիներ»- ը, 1993 թվականին ստեղծվեց «5-րդ բիրգադը», որի հրամանատարն էր Ռեմ Մարդանյանը:
Միքայել Ղազարյանի «Սև հովազներ» ֆիլմը պատմում է համանուն ջոկատի անցած մարտական ուղու մասին , իսկ «Հաղթություն» ֆիլմը «Մուշ» հետախուզական ջոկատի պատմությունն է: Ռեժիսորի «Կարոտից խելառը» ֆիլմը նվիրված է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին: «Երբ առաջարկություն ստացա նկարել այս ֆիլմը, որոշեցի ուսումնասիրել՝ ի՞նչ կա ընդհանրապես Թաթուլի մասին: Մի գիրք ընկավ ձեռքս, պարզվեց, որ Թաթուլը նաև հրաշալի բանաստեղծություններ է գրել, ազգագրական խմբում երգել է: Գիրքը ընթերցելուց հետո որոշեցի Թաթուլին ներկայացնել ոչ թե որպես ռազմիկ, այլ մի մարդ, որը մինչև Շահումյանում հերոս դառնալն ապրում էր բնականոն կյանքով, երգում էր իր էրգրի երգերն ու գրում բանաստեղծություններ: Ինձ այնքան պատմություններ էին պատմել Թաթուլի մասին, որ ֆիլմը նկարելիս խճճվել էի, չգիտեի՝ որը օգտագործեմ ֆիլմում, որը՝ ոչ»:
Ինչպիսի՞ վերջաբան եք տեսնում արցախյան հակամարտությանը: Հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը հնարավոր համարում ե՞ք, հարցին Ղազարյանը պատասխանում է.
«Ժամանակին մի մեծ նախագծի մասին էի մտածում, ստեղծել միջազգային ինտերնացինալ հեռուստաընկերություն, որը կմիավորեր տարբեր ազգերի երեխաներին, այդ թվում և հայ ու ադրբեջանցի: Նրանք կարող էին շփվել եթերում, տեսակետներ փոխանակել, ճանաչել միմյանց: Ես կարծում եմ, որ այդ երկխոսությունը պետք է կայանա այն սերնդի միջոցով, որն այսօր արդեն պետք է ձևավորվի: Ընդհանրապես՝ այս հակամարտությունը չափազանց խորն է նստած մեր արյան մեջ, բայց ես այսօր չգիտեմ՝ ինչպիսի՞ն կլինի դրա վերաբերյալ իմ թոռնիկի կարծիքը: Եթե նա ավելի կոսմոպոլիտ կլինի միայն այն պատճառով , որ Հայաստանից հեռու է, դա արդեն խնդիր է: Արտագաղթն այսօր մեր թիվ մեկ չարիքն է»,- ասում է Միշա Ղազարյանը։