«Ելք»-ը խոստանում է մշտապես օրակարգում պահելու ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը


Երկու օր առաջ խորհրդարանում կազմակերպվել էին լսումներ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ:
Քաղաքական եւ հասարական սեկտորի ներկայացուցիչները 6 ժամ շարունակ քննարկեցին տնտեսական այդ միությունում Հայաստանի մնալու դրական եւ բացասական կողմերը:
Նախաձեռնության հեղինակ «Ելք» խմբակցության անդամներն այսօր արդեն Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին փորձում էին համոզել դրական եզրակացություն տալ առաջարկին, որպեսզի այն հայտնվի խորհրդարանի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստի օրակարգում:
«Ելք» խմբակցության անդամներն ի սկզբանե գիտակցել են, թե ինչ ճակատագրի է խորհրդարանում արժանանալու ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջարկին բացասական եզրակացություն տվեց, բայց «Ելք»-ի անդամները գոհ են թե լսումներից, թե այսօրվա քննարկումներից, զուտ այն տեսանկյունից, որ «կողքից» հետեւողները տեսան՝ հարցն ամեն դեպքում երկրի օրենսդիր մարմնում հնարավոր է քննարկել:
Նույն «կողքից» հետեւողներին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ մշտապես օրակարգում են պահելու ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը:
ԵԱՏՄ-ից դժգոհելու փաստարկներով «Ելք»-ի անդամները բերում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ ռազմատեխնիկական հիմքեր: Այդ դեպքում՝ ինչու չեն պնդում միանգամից նաեւ ԱՊՀ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտությունը. հարցին պատասխանում է «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը:
Քանի դեռ իշխանության մեջ Հանրապետականն է կոալիցիոն գործընկերոջ հետ՝ այսինքն մինչեւ 2022 թվականը, քաղաքական օրակարգում ԵԱՏՄ- ից դուրս գալու հարց չկա՝ ճշտում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, նաեւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Կոալիցիոն գործընկերներ հանրապետականն ու դաշնակցությունը՝ ի դեմս Արմեն Աշոտյանի եւ Արմեն Ռուստամյանի հարցի առնչությամբ ունեն հետեւյալ դիրքորոշումը:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից չորրորդը՝ «Ծառուկյան» դաշինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում զգուշավոր է: Արարատ Զուրաբյանը չէր ցանկանա, որ խորհրդարանի լիագումար նիստում քվեարկությամբ այս հարցը տապալվի, ուստի ընդդիմադիր գործընկերներին այլ առաջարկ ուներ.
Հակառակ բացասական եզրակացության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնությունը, այնուամենայնիվ, կընդգրկվի հաջորդ լիագումար նիստի օրակարգ: Սակայն դա հիմնավոր քննարկում չի ենթադրում: Հարցը ներկայացվելու է հիմնական եւ հարակից զեկուցումներով, որին կհաջորդի քվեարկությունը։