Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Արմեն Պողոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ամբաստանյալ Կարեն Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և փորձաշրջան կսահմանվի:
Դավիթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և փորձաշրջան կսահմանվի:
Ժորա Զաքարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Նրա նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան: