ԿարևորՔաղաքական

Էներգետիկ ոլորտից մինչեւ ԼՂ հիմնախնդիր. Իրանի ԱԳ նախարաի հայաստանյան այցը


Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Արտգործնախարարությունում կայացած բանակցություններից հետո, Հայաստանի եւ Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները լրագրողների համար արված համատեղ հայտարարությամբ ամփոփել են արդյունքները:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ արտգործնախարարներն արձանագրել են՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարիդրացիական, բազմաբովանդակ եւ փոխշահավետ հարաբերություններ են ձեւավորված:

Դրանք շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ, նաեւ՝ միջազգային հարթակներում:

Հայաստանի եւ Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝  միաժամանակ նշելով, որ տեսնում են ավելի մեծ ներուժ: Վստահեցրին՝ տրամադրված են համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել ու ամրապնդել  երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը:

Իրան-Հայաստան 25-ամյա հարաբերություններում չօգտագործված մեծ ներուժ տեսնում են նաեւ փորձագիտական շրջանակներում: Իրանագետ Արմեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իրանցի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները ներկայացնելով լրագրողներին՝ այսօր շեշտեց, որ օրակարգում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքն է եղել՝ սկսած գյուղատնտեսությունից մինչեւ էներգետիկ ոլորտ ու առեւտրատնտեսական կապեր.

Իրագործվում են մի շարք էներգետիկ ու ենթակառուցվածքային ծրագրեր։ Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։

Մեր հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը։ Այդ համատեքստում անդրադարձանք հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքներին։

ԵԱՏՄ — Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: 

Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում էներգետիկ եւ տարանցման ոլորտները մեզ համար կարեւորագույն հարցերն են՝ իր հերթին շեշտեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրան-Հայաստան երկկողմ համագործակցության մասին խոսելիս՝ էներգետիկ ոլորտը առանձնակի են կարեւորում նաեւ փորձագետները: Երկկողմ առեւտրատնտեսական շրջանառության մեջ առյուծի բաժինը հենց էներգետիկ ոլորտն է՝ մեզ հետ զրույցում նկատեց ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը:

Ինչ վերաբերում է տարանցմանը. Արմեն Մանվելյանը նկատեց, որ այս պահին Իրանից գազի տարանցման ընդամենը մեկ ուղղություն կա՝ դեպի Վրաստան: Փորձագետն ասաց, որ տարանցման այլ հեռանկար այս պահին չի տեսնում:

Նախարարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներին: Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունները՝ շեշտեց Էդվարդ Նալբանդյանը: Նշեց նաեւ, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված ու սկզբունքային դիրքորոշումը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալություն հայտնեց, որ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է Իրանի սկզբունքները եւ Իրանի հետ համատեղ աշխատում, որպեսզի այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանվի:

Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում որոշակի շփումներ ակտիվացան Հայաստանի եւ Իսրայելի միջեւ: Այդ առթիվ տեսակետներ հնչեցին, որ այդ շփումները կվնասեն հայ-իրանական հարաբերություններին՝ հաշվի առնելով Իրան-Իսրայել հարաբերությունների ներկայիս վիճակը: Իրանագետ Արմեն Իսրայելյանը, մինչդեռ, չի կիսում նման տեսակետները.

Այսօրվա ասուլիսում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը, եզրափակելով իր խոսքը, վստահությամբ շեշտեց՝ ուրախ եմ, որ հաջողություն կգրանցվի երկկողմ հարաբերություններում բոլոր ոլորտներում:

Back to top button