Վերլուծական

Երբ Իսրայելը ցանկանում է մեսիջ հղել, առաջ է քաշում հայկական հարցը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել պաշտոնական այցից հետո, պաշտոնական Թել Ավիվը կարծես թե փոխում է քաղաքականությունը ՀՀ նկատմամբ:

Երուսաղեմաբնակ Հակոբ Ավետիսյանը կարծում է, որ Իսրայելի, երբ ցանկանում է ինչ-որ մեսիջ հղել Թուրքիային եւ Ադրբեջանին, օգտագործում է մեկի պարագայում հայկական հարցը, երկրորդի պարագայում՝ ռազմական տեխնիկայի մատակարարման եւ համագործակցության դադարեցման հնարավորությունը:

«Ռադիոլուրը» անդրադարձել է Ադրբեջանին իսրայելական արտադարության անօդաչու թռչող սարքերի մատակարարման ճակատագրին:

Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը քննադատել է երկրի՝ զենքի արտահանման քաղաքականությունը, մասնավորապես Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը:

Իր ֆեյսբուքյան էջում «Մերեց» կուսակցության պատգամավորը բացելով փակագծեր անդրադարձել է 2017-ի ամռանը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի փորձարկման դեպքին:

Դեռ 2008 թվականից սկսած Իսրայելն Ադրբեջանին անօդաչու սարքեր է վաճառում, իսկ 2011 թվականից Ադրբեջանում գործում է Azad Systems համատեղ ընկերությունը, որտեղ հավաքվում են իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության ԱԹՍ-ներ, ինչի մասին «Ռադիոլուրը» հայտնել է։

2016 թ-ից այդ իսրայելա-ադրբեջանական այդ ընկերություններն են արտադրում Orbiter 1K մահապարտ ԱԹՍ-ը։ Դրա արտահանման արտոնագիրը Իսրայելի ՊՆ վերջերս դադարեցրեց եւ սկսեց հետաքննություն, քանի որ Ադրբեջանի պահանջով ընկերությունն իր Օրբիտեր տեսակի թռչող սարքերը Լեռնային Ղարաբաղում կիրառել էր հայկական ուժերի  դեմ: Խոսքը հուլիսի 7-ի հարձակման մասին է, որի հետեւանքով վիրավորվել էր երկու հայ զինվոր: Քնեսեթի պատգամավորը մեջբերել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից հատված, համաձայն որի՝ ադրբեջական AZAD Systems գործարանը կարող է արտադրել Aeronautics ընկերության Օրբիտեր 2, Killer1 ԱԹՍ-ների դետալներ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը կարող է արտադրել ընկերության ԱԹՍ-ները, նույնիսկ եթե դրանց մատակարարման լիզենցիան կասեցվի՝ նկատում է իսրայելցի օրենսդիրը:

Իսրայելագետ Կարեն Վերանյանը, ներկայացնելով մանրամասներ, Օրբիտեր 1 անօդաչուների արտահանման դադարեցման վերաբերյալ նշեց, որ հետաքննություն այսօր իրականցնում է երկրի ոստիկանությունը, հարուցվել է քրեական գործ:

«Կոնկրետ արդեն 115 մլն դոլարի տուգանք է նշանակվել իսրայելական ռազմաարդյունաբերական ընկերության՝ Էյրո-նոթիքս Դիֆենս Սիստեմ-ի դեմ: Դեռեւս գործընթացը չի ավարտվել, բայց պետք է հաստատել՝ լուրջ ընթացք է ստանում»:

Ներկայացնելով խնդրի զարգացման քաղաքական կողմը՝ փորձագետն այն մասամբ կապում է հայ-իսրայելական հարաբերությունների աշխուժացման հետ եւ նշում, որ դեռ մեկ տարի առաջ, ապրիլյան պատերազմից հետո, դժվար կլիներ մտածել անգամ Իսրայելից հնչող նման հայտարարությունների մասին, քանի որ երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերական գործակցությունը բավականին խորքային է:

«Այս տեսակի վաճառքի ժամանակավոր դադարեցումը, իհարկե, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի առաջիկա տարիներին այս երկրին իսրայելական կողմը վերանայի ռազմատեխնիկական սպառազինությունների մատակարարումների  հարցը»:

Երուսաղեմաբնակ հայ Հակոբ Ավետիսյանը հետեւելով ԱԹՍ-ների մատակարարման շուրջ տեղի ունեցող զարգացումներին հստակ ընդգծում է, որ «Մերեց» կուսակցությունը Քնեսեթում փոքրամասնություն է։ Վերջինիս  պատգամավորի կողմից արված առաջարկը դժվար թե պատկան մարմինների կողմից կարեւորվի՝ ասում է:

Back to top button