Տնտեսական

Արեւային էներգետիկայի ապագան Հայաստանում կախված է ոչ միայն ցանկությունից


Արեւային էներգետիկայի ոլորտն առաջիկա տարիներին աճի ամենաբարձր տեմպերը պետք է ապահովի` հատկապես ներդրումային ծավալներով: Ոլորտը խոստանում է հեղափոխություն՝ վստահ է Հայաստանում արևային էներգիայի համակարգերի առաջատար մատակարար  «Արփի սոլար» ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը:

Նորարարական սարքավորումների կիրառումն առօրյայում թույլ կտա  առնվազն 30 տոկոսով տնտեսել էներգիայի համար կատարվող ծախսերը: Ջեռուցման  սեզոնի ծախսերի ծանրությունը կպակասի՝ խոստանում են:  «Արփի սոլար»-ը տեխնոլոգիական զարգացումներից զատ նաեւ ոլորտային զարգացումների մասին ասելիք ունի. ծրագրերը Հայաստանից հասել են Արցախ:

Այստեղ  դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար «Արփի սոլար»-ը նաեւ կադրեր է պատրաստում:

Արեւային էներգետիկայի կիրառմամբ Հայաստանը հավակնում է մի քանի տարուց դառնալ առաջատարներից մեկն աշխարհում: Վստահության հիմքում նախ երկրի արեւային, ապա ոլորտում առկա պայմաններն են. առանց հարկերի եւ լիցենզիայի մարդը սեփական կարիքների համար կարող է ունենալ մինչեւ 150 կՎտ/ժ հզորությամբ արեւային կայան՝ հոսանքի սեփական աղբյուրը: Առաջիկայում այդ ծավալը մեծացվելու է մինչեւ 500 կՎտ/ժ-ի:

Ընդ որում՝ արեւից ստացված հոսանքը կարող է եւ կուտակվել ձմռան անարեւ ամիսների համար: Հայաստանում արևային էներգիայի համակարգերի առաջատար մատակարար «Արփի Սոլար»  ընկերության ծրագրած ծավալները շուտով Հայաստանի էներգետիկ կիրառման տեսակարար կշռում բավականին մեծ կշիռ պետք է կազմեն՝ առաջիկա 3 տարվա համար 300-500 մգվտ՝  էներգետիկ ընդհանուր ծավալի մինչեւ 30 տոկոսը: Սա արդեն հեղափոխություն է խոստանում՝ վստահ է զրուցակիցս՝ «Արփի սոլար» ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը:

«Այսօր արեւային էներգիայով ջեռուցումը դառնում է ամենաբարենպաստը Հայաստանում: Առաջիկա տարիներին մենք այդ միտումը տեսնելու ենք, իսկ դա հսկայական ծավալ է. դա մեր ընդհանուր էներգետիկ ծախսերի առնվազն 30 տոկոսն է»:  

«Արփի Սոլար»-ը շուկայում է արդեն 5 տարի: Տարիներ, երբ արեւային էներգետիկան էական զարգացում է գրանցել: Այսօր, ասում է Հայկ Չոբանյանը, հասարակության մոտեցումն էապես փոխվել է եւ վստահության, եւ կիրառելիության տեսանկյունից: Արեւային կայանների կիրառությունը մտել է կենցաղ. սկսվել տաք ջրից, սկսել փոխարինել էլեկտրաէներգիային, իսկ ջեռուցումն արեւային էներգիայով այնքան շահավետ է լինելու, որ սպասվում է բում: Արդյունքը տեսանելի կլինի արդեն 2018-ից: Հայկ Չոբանյան:

« Տարիների ընթացքում զարգացումը եղել է երկրաչափական պրոգրեսիայով: Վերջին 1 տարվա ընթացքում ունեցել ենք շրջանառության, իրականացվող նախագծերի ծավալների ավելացում»:

Արեւային էներգետիկային առնչվող նորարարական ծրագրերը հասել են Արցախ: Արդյունքների մասին թվերն են խոսում: Արցախից եւ Արցախի անունից ներդրողների հետ գործակցությունը չի վախեցնում: Ներդրումներն հիմնականում այն երկրներից են, որոնք արեւային էներգետիկայի ոլորտում առավել մեծ փորձառություն ունեն ու իրատեսորեն են գնահատում մեր երկրի խիստ բարենպաստ պայմանները:

«Այստեղ ավելի մեծ ներուժ, ավելի մեծ հնարավորություն կա, քան սահմանափակում»:

Արեւային էներգետիկայի զարգացումը ենթադրում է նաեւ կադրերի խնդրի լուծում: Հարցին երկուստեք մոտեցում է ցուցաբերվել: Արցախի շինարարական թեքումով Եզնիկ Մոզյան  վարժարանի մասնագետները վերապատրաստում են անցնում Ֆրանսիայում՝ համալրելով կադրային թիմը, իսկ սաները ներգրավվում են արեւային կայանների տեղադրման աշխատանքներին ու ձեռք բերում պրակտիկ գիտելիքներ՝ հետագայում աշխատանք ունենալու հեռանկարով: Առաջիկայում հսկայական շուկա է բացվելու, ու նրանք վստահաբար պետք են լինելու, ավելի կանխատեսելի ապագա են ունենալու:

«Ավարտելուն պես իրենք դիպլոմի հետ ուղղակիորեն կստանան աշխատանքային պայմանագիր: Կարող եմ միանշանակ նշել՝ Արցախում մոտիվացիան, աշակերտների որակը, զարգացման տեմպերը բարձր են»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա ֆինանսական աջակցությունը մեծապես ուղղված է նաեւ Արցախում արեւային էներգետիկայի զարգացմանը: Կադրեր շատ են պետք, եւ նրանք արդեն պատրաստվում են: Արցախի էներգետիկները եւս վերապատրաստվում են՝ ներգրավելու «արեւային» ծրագրերում: Աշխարհը փոխվում է, ու փոխված աշխարհում տեխնոլոգիական զարգացման մաս կարող է կազմել ամեն ոք:  Կենցաղում արեւային էներգիան կիրառելը չի ենթադրում ոչ ներդրում, ոչ ռիսկեր: Ավելին՝ ապահովագրվում եք հոսանքի ու գազի հետագա հնարավոր թանկացման ռիսկերից՝ բացատրում է Չոբանյանը՝ ցրելով մտահոգությունները, թե արեւային հեսանքի կիրառումը ենթադրում է նախնական խոշոր ծախսեր:

Որքանով են մեր քաղաքացիները տեղյակ ու շահավետ համարում արեւային կայանների տեղադրմամբ էլեկտրական հոսանքը փոխարինել արեւայինով: «Ռադիոլուր»-ը զրուցեց քաղաքացիների հետ:

Եվ այստեղ պետք է արձանագրել՝ արեւային էներգետիկայի ապագան Հայաստանում կախված է ոչ միայն ցանկությունից, այլեւ՝ քաղաքացիների ֆինանսական հնարավորությունից։

Back to top button