ԿարևորՔաղաքական

ԵՄ-Հայաստան համաձայնագրն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ. Սվիտալսկի


Երեւանյան մամուլի ակումբներում շարունակում են քննարկումները ԵՄ-Հայաստան ստորագրված համաձայնագրի վերաբերյալ:

Համաձայնագրի ստորագրմամբ վերլուծաբանները նոր հնարավորություններ են տեսնում Հայաստանի համար եւ կարծում են, որ օգուտներն ավելին կլինեն այն պարագայում, երբ հասարակությունն էլ իր հերթին կարեւորի այն եւ պահանջատեր լինի դրա իրականացման գործում:

 

«Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագիր. երկկողմանի շահ և ընդլայնված համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան  Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարեց.

«Այս պայմանագիրն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ: Ավելին՝ նրա որոշ էլեմենտներ կարող են օգուտ բերել այլ երկրների եւ ոչ միայն ԵՄ անդամ երկրների: ԵՄ-ն եսասիրական նպատակներ չի հետապնդում եւ եթե այն պատշաճ կերպով իրականացվի, մենք չենք պատրաստվում մենաշնորհել արդյունքները»:

Հայ փորձագետները համոզված են, որ ԵՄ-Հայաստան ստորագրված համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություններ ու միաժամանակ պարտավորություններ են Հայաստանի համար: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ բիզնեսի համար կարեւորը կանխատեսելիությունն է եւ երբ հստակ են լինում խաղի կանոնները, դու դառնում ես ավելի հետաքրքիր: Այս առումով, ըստ նրա, եվրոպական բիզնեսն իր ավելի մեծ  հետաքրքրությունները կունենա Հայաստանում:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ համաձայնագիրը նաեւ քաղաքական այլընտրանքի լավ օրինակ է եւ շատ լավ դիվերսիֆիկացման հնարավորություն: Համոզված է, որ որոշ ժամանակ անց պտուղները դեռ քաղելու ենք:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ստեղծվել է նաեւ շատ լավ առիթ՝ հայկական արտադրանքների որակը բարձրացնելու եւ մրցունակ դարձնելու համար: Վստահ է, որ օգուտներից մեկն էլ հենց դա է լինելու: Նա ակնկալում է, որ նաեւ ժողովրդավարական ինստիտուտների առումով ավելի մեծ առաջընթաց կարձանագրվի: Պարտավորությունների իրականացումը կհանգեցնի դրան:

Լարիսա Ալավերդյանը չի բացառում, որ խախտումներ կլինեն, բայց՝ կա քաղաքացիական հասարակություն, որին նույնպես համաձայնագրով բավականին տեղ է հատկացված.

«Կա քաղաքացիական հասարակություն: Բոլոր դեպքերում քաղաքացիական հասարակության վրա է ընկնում բավականին մեծ պարտավորություններ եւ պատասխանատվություն, որպեսզի այս կամ այն դրական փոփոխությունը տեղի ունենա»:

Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանի գնահատմամբ, թեպետ այս նոր փաստաթուղթը զիջում է ասոցացման համաձայնագրին, ինչը չստորագրվեց 2013-ին, այդուհանդերձ, այն բավականին մեծ հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի գործում:

Իրականացման առումով Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը նույնպես շեշտեց քաղաքացիական հասարակության դերը:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը համամիտ է, որ նոր համաձայնագիրն ասուցացման պայմանագրից էապաս տարբեր է, բայց, նույնքան կարեւոր է համարում, այն առումով, որ Հայաստանի կողմից մեսիջ է, որ առաջնորդվելու է եվրոպական արժեհամակարգով:

Ըստ բանախոսի՝ համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց նաեւ, որ «եւ, եւ»-ի քաղաքականության հետ համակերպվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ռուսաստանում: Ինչի կբերի, Վիգեն Հակոբյանի ձեւակերպմամբ, շատ բան կախված է ոչ միայն իշխանության ու  ընդդիմության քաղաքական կամքից, այլ նաեւ հասարակության ցանկությունից, թե որքանով է արեւմտյան արժեհամակարգը հարազատ: Օրինակ՝ որքանով է կարեւորում ազատ ընտրությունների գաղափարը:

Back to top button