Հասարակություն

Գյուղում շատ մարդ պետք է լինի, որ թշնամին մոտ չգա

Տավուշի մարզի Մովսես գյուղից երիտասարդները հեռանում են, հարկային արտոնություններ ունեցող գործող  խանութներում մեծամասամբ տարեցներ են աշխատում: Գյուղում երիտասարդներին պահելու համար նոր աշխատատեղ է բացվել, երեխաների առօրյան էլ “Դասավանդիր Հայաստան” կրթական ծրագրով գործուղված ֆիզկուլտուրայի ուսուցիչն է հագեցնում: Կյանքի որակի փոփոխությունը տուն կվերադարձնի գնացածներին:

Սահմանում ապրելն ու սահմանամերձ գյուղերը չլքելը հերոսություն է: Նրանք ամեն օր գտնվելով թշնամու նշանառության տակ գնում են դպրոց, խանութ, աշխատանքի, բարձր հնչեցնում են եկեղեցու զանգերը և ավելին՝ եկեղեցու բակում  քոչարի պարում: Տավուշի մարզի Մովսես գյուղի դպրոցն ուղիղ գծով թշնամու դիրքերից 400մ հեռավորության վրա: “Դասավանդիր Հայաստան”  կրթական ծրագրով այս ուսումնական տարվա սկզբից Մովսեսի դպրոց  2 տարով գործուղված ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանը բացի առարկայի դասավանդումից հագեցնում է դպրոցականների առօրյան պարի ու կարատեի արտադպրոցական պարապմունքներով:

Պարի ու սպորտային խմբակները կամավորությամբ է իրականացնում: Խմբակներում տարիքային սահմանափակում չկա:

Անդանիկը Մովսես գյուղ է հասել Մասիսի Դաշտավան համայնքից, դեռ ամուսնացած չէ, սակայն հարսնացուն Երևանում է, սպասելու են  մինչև ծրագրի ավարտը, թեև չի բացառվում, որ իրենց կյանքում կարող է շրջադարձային փոփոխություն լինել ու ամուսնանալով՝ մնան Մովսեսում:

Արդեն 20 տարի  Երևանից Մովսես է վերադարձել ու սկեսրանց տուն է պահում Արաքսյա Խաչատրյանը:  Երևանի տունը կա, բայց Մովսեսից չի հրաժարվում, տնամերձ այգին է խնամում, մեղու պահում և միաժամանակ փոքր խանութ աշխատացնում, որտեղ շատ ապրանք չկա, վաճառում է առաջին անհրաժեշտության սպառվող ապրանքները՝ հաց, մակարոն, այն էլ պարտքով: Ամենաշատ պարտքը 3000 դրամ է, որն էլ վճարում են նպաստով ու թոշակով:

Գուղի ուղղությամբ  2 տարի առաջ թշնամու անընդմեջ կարակահերթերից տուժել է նաև Արաքսյա տատիկի տունը: Շտապում է ցույց տալ կրակոցների հետքերը:

Միայնակ է ապրում, չի լքելու հարազատ գյուղը, բայց ափսոսում է հեռացողների համար, ասում է՝ մարդ չի մնացել, որ խանութից առևտուր անեն: Արաքսյայի  երեխաները Ռուսաստանում են, տարեց կինը  2 տունն էլ պահում է, սպասում է երեխաների վերադարձին, գան, մշակեն այգին, շատացնեն մեղվափեթակները,  զարգացնեն բիզնեսը: Ուզում է, որ սահման պահող գյուղում շատ մարդ ապրի, որ թշնմաին վախենա ու մոտ չգա:  Գյուղից երիտասարդների հեռանալը  կապում է աշխատատեղերի բացակայության հետ: Մովսեսում արդեն 7 ամիս գործում է ,,Տավուշ տեքստիլի,,  ձեռնոցների արտադրամասը: Թեհմինե Ավալյանը  երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո, վերադարձել է հայրենի գյուղ, աշխատում է, որդին էլ հայկական դպրոցում սովորում:


22 շախատատեղ է ապահովված Մովսեսի ձեռնոցների արտադրամասում, օրական արտադրում են 17000 զույգ բանվորական ձեռնոց: Գյումրեցի Անուշ Ավետիսյանը ամուսնու աշխատանքի բերումով արդեն  8 տարի ապրում է Մովսեսում, զինվորականի կին է: Երեք երեխաների մայրը գտել է իր աշխատանքը ձեռնոցների արտադրամասում: Չի դժգոհում ոչ վարձատրությունից, ոչ էլ աշխատաժամից, հասցնում է 3 երեխաներին խնմաել ու աշխատել:

Սահմանամերձ գյուղում կյանքն աստիճանաբար փոխվում է: Արաքսյա տատիկը մի պարզ ճշմարտություն գիտի՝ գյուղը պետք է զարգացնել, նոր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի երիտասարդները գյուղ վերադառնան, թե չէ  չի հիշում՝ վերջին հարսանիքը երբ է եղել:

Back to top button