Միջազգային

Ամուսնանում է մեր մոլորակի ամենացանկալի փեսացուներից մեկը

 

Մեր մոլորակի ամենացանկալի փեսացուներից մեկն ամուսնանում է. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին այսօր հայտնել է իր և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրության մասին։ Լուրն այսօր աշխարհի առաջատար լրատվամիջոցների գլխագրերում է։

Արքայազն Ուիլյամի 33-ամյա եղբոր և 36-ամյա Մեգան Մարքլի հարաբերությունների մասին հայտնի է դարձել դեռևս անցյալ տարվանից, սակայն քչերն էին հավատում, որ այդ հարաբերությունները  կարող են ավարտվել օրինական ամուսնությամբ ու առավել ևս, որ այդ իրադարձությունը կարող է խանդավառություն առաջացնել Բուքինհեմյան պալատում:

Սակայն այսօր Քենսինգթոնյան պալատը Թվիթերի իր էջում հաղորդել է, որ արքայազն Հարին իր տատիկին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն և թագավորական ընտանիքի մյուս անդամներին արդեն հայտնել է սպասվող իրադարձության մասին, և նրանք շատ ուրախ են զույգի համար ու մաղթում են նրանց երջանկություն: Հարիին շնորհավորել է նաև ավագ եղբայրը՝ Ուլյամն ու նրա տիկինը՝ Քեյթ Միդլթոնը։ Նշել են, որ ուրախ են Մեգանի հետ ծանոթության համար և մաղթում են նրանց երջանկություն:

Մեգան Մարքլը, ինչպես նշեցինք, ամերիկացի դերասանուհի է, առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Ֆորս մաժորները» հեռուստասերիալից: Մարքլն ու արքայազն Հարին ծանոթացել են Կանադայում, արքայազնը 2016-ի մայիսի Տորոնտո էր մեկնել իր մարզական նախագիծը՝ Invictus Games-ն առաջ տանելու համար, իսկ սերիալի նկարահանումներն այդ պահին ընթանում էին Տորոնտոյում: Սերիալում նկարահանվելու նոր պայմանագիրը, ի դեպ, Մեգանն արդեն հրաժարվել է ստորագրել, քանի որ, ըստ բրիտանական լրատվամիջոցների, արդեն տեղափոխվել է Քենքսինգթոնյան պալատ, որտեղ ապրում է արքայազն Հարին:

Այնուամենայնիվ, Էդուարդ Ութերորդի ժամանակներից շատ բան է փոխվել, և այդ փոփոխությունների մասին մենք զրուցել ենք Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ։ Նա երկար տարիներ ապրել և լրագրող է եղել Միացյալ Թագավորությունում, քաջածանոթ է բրիտանական իրողությունների նրբություններին: Մարկ Գրիգորյանը նշում է, որ այստեղ խնդիրը բոլորովին այլ տիրույթում է:

Մարկ Գրիգորյանը նշում է, Էդուրարդ Ութերորդի ժամանակներից շատ բան է փոխվել, այդ թվում փոխվել է ոչ միայն բրիտանական թագաժառանգությանը վերաբերող օրենսդրությունը, այլև հասարակական ընկալումը։ Թագավորական ընտանիքը փորձում է ավելի լիբերալ լինել՝ իհարկե որոշ բացառություններով, եթե խոսքը չի գնում ուղիղ թագաժառանգների մասին:

Հատված «Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումից

Back to top button