Հասարակություն

Պետք է մարդիկ մտածեն մարդկանց մասին. ընտանիքի, բռնության, կնոջ եւ տղամարդու մասին

Նորայր Շողիկյան
«Ռադիոլուրի» համար

Հայ տղամարդիկ խուսափում են բարձրաձայնել, որ ընտանիքում բռնության են ենթարկվում: Հասարակության մի մասն այս կարծիքը մեկնաբանում է ազգային կարծրատիպային արժեհամակարգով և մտածողությամբ:


«Ռադիոլուրի» հարցումները երեւանյան փողոցներում.

  • Ոչ բոլոր տղամարդիկ կպատմեն իրենց պատմությունը, որ իրենք բռնության են ենթարկվում:
  • Տղամարդը կարծում է, որ ինքնուրույն կարող է պաշտպանվել, իսկ կինը միշտ կողքից օգնության է սպասում:
  • Դե ընտանիք է, ամեն բան հո դուրս չեն հանի, հայկական մենթալիտետ է: Ինքնասիրությունը երևի թե թույլ չի տալիս ընդունելու, որ իրենց հանդեպ բռնություն է եղել:

Ընտանիքում կանանց նկատմամբ բռնության դեպքերը, ըստ ոստիկանության տվյալների, շուրջ 23 անգամ ավելի շատ են, սակայն, ի տարբերություն կանանց, ընտանիքում տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը տարեցտարի աճում են:  Բայց նույնիսկ այս պարագայում կանանց իրավունքները պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպություններ կան, իսկ տղամարդկանց իրավունքները պաշտպանելով եզակիներն են զբաղվում:

Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանն այստեղ խտրականություն չի տեսնում, քանի որ իրենց տարիների ընթացքում ընտանեկան բռնության ենթարկված միայն երկու տղամարդ է դիմել:«Ընդհանրապես 97-98% կանայք են զոհերը, շատ քիչ քանակությամբ տղամարդիկ են զոհերը»,- ասում է:


Հասարակությունն այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունի՝ ցույց են տալիս փողոցում հարցումները:

  • Եթե գենդերային խտրականություն հասկացություն կա, դա ավելի շատ հօգուտ կանանց է գործում, քան՝ տղամարդկանց:
  • Տղամարդիկ Հայաստանում խոցելի խավ են: Մեր ազգային մենթալիտետից կախված կա ինչ-որ հստակ դիրքորոշում, որ մենք բռնություն ասելով հասկանում ենք միանգամից կանանց նկատմամբ բռնություն:
  • Պետք է լինեն հատուկ մարմիններ, որոնք երկու սեռերի բռնությամբ տարվող աշխատանքներով էլ զբաղվեն:
  • Պետք է մարդիկ մտածեն մարդկանց մասին, մեկ է՝ կին է, թե տղամարդ, բռնություն պետք է չլինի:
  • Մարդկանց պետք է հարգել, լինի կին, լինի տղամարդ։

Վերջին տարիներին ոստիկանություն դիմողների մեջ ավելացել է ընտանեկան բռնությունից տուժածների թիվը: Այս հանգամանքը Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մի քանի պատճառներով է մեկնաբանում:

«Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ-  §Ավելանում է, որովհետև ստեղծվել է այս վարչությունը, ավելի շատ քաղաքացիներ են գալիս այստեղ: Կարևոր պատճառներից, որ գնալով ավելի շատ քաղաքացիներ են գալիս ոստիկանություն, քանի որ ավելի շատ են սկսել վստահել ոստիկանին, մյուս կարևոր պատճառը դա քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումն է»,- ասում է Նելլի Դուրյանը։

Բռնությունից տուժողների թիվն ավելանում է նաև Կանանց աջակցման կենտրոնի տվյալներով: «Իրազեկման պատճառով, կանայք, որ դիմում են մեզ, տարեցտարի շատանում են: Ամեն տարի մենք 20%-ով ավելի շատ շահառու ունենք»,- նշում է կենտրոնի տնօրենը։

Չնայած իրավագիտակցության բարձրացմանն ու իրազեկման ավելացմանը, քաղաքացիներն այնուամենայնիվ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից հետո իրավիճակի փոփոխություն մեծամասամբ չեն ակնկալում:


«Ռադիոլուրի» հարցումները երեւանյան փողոցներում.

  • Օրենքի առկայությունը չէ խնդիրը, խնդիրը դրա աշխատելը կամ չաշխատելն է:
  • Ցանկացած օրենք արդեն մարդկանց դնում է սահմանների մեջ:
  • Եթե մարդը գիտի, որ ինքը պետք է պատժվի, իհարկե ավելի զգույշ կլինի, ավելի կոռեկտ:
  • Եթե հասկանում է, որ չպետք է գործադրի բռնություն, ուրեմն չի գործադրի, եթե չի հասկանում, ուրեմն այդ օրենքը խախտելով միշտ էլ կանեն։

Եթե անգամ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից հետո բռնության դեպքերը չվերանան կամ նվազեն, ապա արդեն իսկ կարելի է արձանագրել, որ օրենքի նախագիծը դեռ չընդունված, տալիս է իր դրական պտուղները՝ հասարակության շրջանում ավելացել է իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին բարձրաձայնողների թիվը:

Back to top button