Տնտեսական

Ինչպես էներգիայի արտադրության 50 տոկոսն ապահովել վերականգնվող էներգետիկայի միջոցով

Հայաստանը նախատեսում է մինչեւ 2050 թվականն անտառային տարածքները հասցնել մոտ 21 տոկոսի՝ այսօր տեղեկացրել է բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը։ Այդ նպատակով նախատեսվում է մոտ 300 մլն դոլար արժողության ծրագիր իրականացնել։ Մեր երկիրը նաեւ նպատակ է դրել էներգիայի արտադրության 50 տոկոսն ապահովել վերականգնվող էներգետիկայի միջոցով։

 

Հայաստանը 1990 թվականի հետ համեմատ ունի ջերմոցային գազերի արտանետումների նվազում:  Տվյալները ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության  ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանին են: Այժմ արտանետում ենք մեր նախկին արտանետումների քանակի 36-40 տոկոսը: Այսօր կարեւոր է նաեւ արտանետումների քանակը նվազեցնել՝ զարգացնելով վերականգնվող էներգետիկան, որը, ըստ Դիանա Հարությունյանի, կնպաստի ՀՆԱ- ի աճին նաեւ։ «Շատ կարևոր են վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարները։ Հայաստանում այժմ շատ մեծ թափով իրականացվում են արևային էներգիայի զարգացման ծրագրեր։ Հայաստանը մինչև 30 թվականը նպատակ ունի վերականգնվող  էներգիայի միջոցով ապահովել էլեկտրաէներգիայի մինչև 50 տոկոսը։ Այժմ՝ (ՀԷԿ- երի շնորհիվ. Խմբ.) այն կազմում է  36 տոկոս»:

Դիանա Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում արտանետումների 70 տոկոսը էներգաարտադրության եւ սպառնման արդյունք են։ Գազի ջերմոցային արտանետումները նվազում են, քանի որ մենք ածուխ և մազութ չենք օգտագործում, իսկ ավտոմեքենաների  70 տոկոսն անցել է սեղմված գազի։

Սեղմված գազով ավտոմեքենաներով Հայաստանն առաջին տեղում է՝ ասում է բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը: Մինչդեռ՝ եվրոպական մի քանի երկրներ նոր են հայտարարում դիզելային վառելիքից հրաժարվելու մասին:  Կլիմայի փոփոխության դեմ պայքարում տարածաշրջանի երկրների հետ համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաեւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ծրագրերով դրամաշնորհների արդյունքում:  «Հայաստանին տասնյակ միլիոնավոր դոլարների աջակցություն է ցուցաբերվել և այս տարի «Կանաչ կլիմայի» հիմնադրամի 20 միլիոն դոլարի աջակցությունը նույնպես այս ծրագրերի իրականացման համար է»:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրերից է նաև օպտիմալ անտառպատվածության ծրագիրը, որը, Էրիկ Գրիգորյանի տվյալներով,  300 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է և  նախատեսվում է  մինչև 2050 թվականը Հայաստանի անտառային տարածքները հասցնել մինչև  20.8 տոկոս:

Բնապահպանության փոխնախարարը նշում են, որ անգամ կլիմայի փոփոխությունների թեման է Ադրբեջանն օգտագործում քաղաքական նպատակներով։ Բոնում նոյեմբերին  ՄԱԿ-ի << Կլիմայի փոփոխության մասին>> համաժողովում այս երկիրը շեշտում էր, որ իրենք չեն կարողանում պայքարել այդ փոփոխությունների դեմ, քանի որ իրենց տարածքների մեծ մասի  նկատմամբ չունեն  վերահսկողություն։ Հայկական պատվիրակության պատասխանը եղել է հակիրճ ու հստակ՝ շեշտում է փոխնախարարը: «Արցախն իր անկախությունը ստացել է այն բոլոր իրավական հիմքերով, ինչը Ադրբեջանը: Եվ եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է կլիմայական և բնապահպանական հարցերի լուծման խնդիրներով և ոչ թե փորձում է չարաշահել բոլոր հնարավոր հարթակներն իրենց սուտ, կեղծ և հակահայկական պրոպագանդան  տարածելու նպատակով, ուղղակի պարտավոր են համագործակցել  Արցախի հետ  և փորձել գտնել այդ խնդիրների լուծումը»:

Էրիկ Գրիգորյանը նշում է, որ աշխարհում մեծ ուշադրություն են դարձնում նաև գյուղատնտեսության ոլորտում  արտանետումների նվազեցմանը։ Նրա խոսքով՝ այս ոլորտին անհրաժեշտ է պետությունների աջակցությունը՝ մոլորակի մակարդակով պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով։

Back to top button