Հասարակություն

Նոր թղթադրամները կարող են լվանալ ոչ միայն օֆշորում, այլեւ՝ լվացքի մեքենայում


Կենտրոնական բանկի ներկայացրած նոր թղթադրամի էսքիզները բուռն քննարկում է առաջացրել հատկապես համացանցում:

Քննարկման առիթ են դարձել թե՛ դրանց վրա պատկերված հայ նշանավոր գործիչների ընտրությունը, թե՛ արտաքին տեսքը:

Ֆեյսբուքի շատ օգտատերեր այնքան են տպավորվել նոր թղթադրամների գաղափարով, որ նույնիսկ սեփական տարբերակներն են առաջարկում՝ հիմնականում զավեշտալի:

 

 

2018 թվականից շրջանառության մեջ դրվելիք նոր տեսքի թղթադրամների նմուշները բավականին բուռն արձագանք գտան հատկապես համացանցում: Ֆեյսբուքի շատ օգտատերեր այնքան են տպավորվել նոր թղթադրամների գաղափարով, որ նույնիսկ սեփական զավեշտալի տարբերակներն են առաջարկում:

Այսպես օրինակ, 500 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է տաքսու վարորդ, կենտրոնում էլ գրված՝ մինիմալ:


1000  դրամանոցի վրա պատկերված է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


5000 դրամանոցի վրա՝   ՃՈ մեքենա:

10.000 դրամանոց թղթադրամի խորհրդանիշը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

1 մլն դրամի վրա պատկերված է երգչուհի Շերը:

Հայկական նոր թղթադրամների էսքիզների վրա կարելի է տեսնել նաև Սամվել Մարտիրոսյանին և Քիմ Քարդաշյանին, վերջինս խորհրդանշում է 2 ծիծիլյոնանոց թղթադրամը:

Ֆեյսբուքյան օգտատերերի մի մասն էլ նոր թղթադրամների գաղափարին արձագանքել է կարծիքներով, քոմենթներով և գրառումներով:  Հանրային ռադիոյի «Ֆեյսբուքյան Հայաստան» հաղորդման հեղինակ Տիգրան Քոչարյանին օրինակ դուր է գալիս  նոր թղթադրամների տեսքը, ինչի մասին հայտնել է նաև ֆեյսբուքում:

«Հա, ես անճաշակ, հետամնաց, գավառամիտ մարդ եմ։

Ինձանով լիներ, փողի վրա մենակ թիվն էր լինելու, մեջի սպիռալը ու կույրերի համար նախատեսված գծիկները»։

Մեդիափորձագետի գրառմանը հաջորդել են ոչ պակաս հետաքրքիր քոմենթները:

«… Սերգեյ Երիցյան- Տիգրան ջան, հարցը ճաշակը չի, հարցը համաշխարհային տրենդները են ու էն որ ազգային արժույթը չպիտի նման լինի “ցիգանի դեյրայի”։ Համենայն դեպս՝ եթե երկիրը Խաղաղ Օվկիանոսի մանդր-մունդառ երկրներից չի, ովքեր իրանց փողը որպես սուվինիր են ծախում տուրիստներին»։

«Սերոբ Անտինյան- Էս աժիոտաժը ու համազգային դիզայներական շարժումը լրիվ անհիմն են: Վառ գույները կմշակվեն, կբերվեն ավելի հանգիստ, ոչ կոնտրաստային տեսքի ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Ո՜Վ ՀԱՅ ՃԱՇԱԿԱՎՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ…»:

Այս բոլոր զավեշտալի քննարկումների և տարբերակների առիթը օրեր առաջ ԿԲ կողմից ներկայացված 2018-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզներն էին:

Նոր 1000, 2000, 5000, 10 000, 20 000 և 50 000-անոց թղթադրամների դիզայնի համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել 3 հեղինակների` Էդվարդ Կուրղինյանի, Վարդան Վարդանյանի և  Սուրեն Սիմոնյանի աշխատանքները։

Նոր սերնդի թղթադրամների նոր տեսքը որոշել է Կենտրոնական բանկի գեղարվեստական խորհուրդը։ Այն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ, հաշվի առել բանկի Այցելուների կենտրոն ներկայացրած առաջարկները՝ ասել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Ի դեպ՝ նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը, ըստ կենտրոնական բանկի, էական կրճատելու է դրամաշրջանառության ծախսերը։ Այնպես որ՝ հայկական նոր փողերը ոչ միայն պաշտոնյաներն ու գործարարները կարող են լվանալ օֆշորում, այլեւ մենք՝ հասարակ մահկանացուներս այդ փողերը կարող ենք լվանալ սեփական լվացքի մեքենաներում։

Back to top button