Միջազգային

Նոր փուլ՝ վրաց-ամերիկյան հարաբերություններում

Թբիլիսիիում նշում են, որ Վրաստանին Javelin հակատանկային համակարգեր մատակարարելու ԱՄՆ-ի պետքարտուղարության առաջարկը խոսում է նրա մասին, որ  ԱՄՆ-ն լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ ամրապնդելով նրա պաշտպանունակությունը։

Վրացի ռազմական փորձագետները «Ռադիոլուր»-ին ասել են, որ սա նաև նշանակում է՝ ԱՄՆ-ն ռուս-վրացական պատերազմից հետո զենք մատակարարելու հետ կապված, այսպես ասած, պատժամիջոցները վերջնականապես վերացնում է։

Վրաստանին երրորդ սերնդի հակատանկային կառավարվող հրթիռի և արձակման կայանների հնարավոր վաճառքը կդառնա 2008-ի ռուս- վրացական պատերազմից հետո ամենալուրջ ռազմական օգնությունը։ Վրացի ռազմական փորձագետ Վախթանգ Մայիսայան նշում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին և հատկապես ռուս- վրացական պատերազմից հետո զինամթերքի վաճառքի հետ կապված ոչ պաշտոնական պատժամիջոցներ էին կիրառվում Վրաստանի նկատմամբ։ Սակայն, ըստ նրա, դա չէր նշանակում, թե ԱՄՆ-ն Ռուսատանի հետ պատերազմ սկսելու մեջ մեղադրում էր Վրաստանին։

Դա չէր պատճառը․ ոչ պաշտոնական պատժամիջոցները, որ բոլորովին  այլ ենթատեքստ ունեին, վերացան 2012-ի խաղաղ ճանապարհով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ ԱՄՆ-ն, Վրաստանին ապահովելով նման զինամթերքով, ցույց է տալիս իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու պաշտպանունակության հզորացմանը՝ դառնալով Կովկասյան տարածաշրջանում իսկական ռազմավարական գործընկեր։

Ըստ Մայիսայայի՝ այսօր Վրաստանն ու ԱՄՆ-ն վերադառնում են դեռ 2002-ին հիմք դրված համագործակցությանը, երբ ԱՄՆ-ն Վրաստանին տրամադրեց 64 մլն դոլարի չափով ռազմական օգնություն։


«Այսօր Վրաստանն ու ԱՄՆ-ն թևակոխում են հարաբերությունների նոր փուլ։ Վրաստանը պաշտպանունակության ամրապնդման համար ստանում է հակատանկային զենք, որը չի ուղղվելու որևէ երրորդ երկրի դեմ»։

Մեկ այլ փորձագետ՝ Ալեկո Կվակհաձեն, նշում է, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ընթացքում երկրի բանակի թույլ կողմերից մեկը հենց հակատանկային  պաշտպանությունն էր։ Ամերիկյան Javalin համակարգերը, ըստ նրա, խորհրդային շրջանի որոշ տեխնիկայի կողքին, անշուշտ, զարգացած ու հզոր միջոց է։

«Այսօր Վրաստանի Զինված ուժերում կա իսրայելական, չեխական և այլ երկրների, ինչպես նաև հենց վրացական արտադրության զինամթերք, սակայն ամերիկյանը դեռ սահմանափակ թվով է»։

Ինչ վերաբերում է խորհրդային ռազմական տեխնիկային, ըստ նրա, դրանք արդիականացվում են։

Back to top button