Տնտեսական

Գործադիրը փարատեց կասկածները՝ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վերադարձ լինելու է

2018թ հունվարի 1- ից ուժի է մեջ է մտնելու Հարկային նոր օրենսգիրքը: Դեռ ուժի մեջ չմտած փաստաթղթում փոփոխություններ են կատարվում: Այսօր էլ կառավարության նիստում  ներկայացված մի քանի նախագծերով  փոփոխություններ են կատարվել:

Պատասխանատուները վստահեցնում են՝ դրանք արվել են՝ հաշվի առնելով տնտեսվարողների մտահոգությունները: Փաստաթղթի նախագծում ամրագրված դրույթներից մի քանիսը լույս են սփռել վերջին շրջանում մամուլի այն  հրապակումների վրա, որոնց համաձայն,  հաջորդ տարվա հունվարից կասեցվելու է եկամտային հարկի վերադարձը:

Այն ոչ միայն գործելու է, այլ նաև սոցիալական վերաիմաստավորում է  ստանալու:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախ կառավարության նիստում, հետո արդեն լրագրողների հետ զրույցում  է անդրադարձել խնդրին՝ նշելով՝  եկամտային հարկը կվերադարձվի, սակայն, եթե գնվող  բնակարանի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամի շեմը: Սա միակ նախապայմանը չէ:

 

 

Շինարարության աշխուժացման նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը  փոփոխություններ է կատարել «Եկամտային հարկի մասին» օրենքում: Արդյունքում՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսագումարը վճարվում է  գնորդի եկամտահարկից։

Գործընթացի մեկնարկից մինչև այժմ  ՀՀ պետական բյուջեից վերադարձվել է 3,2 մլրդ դրամի չափով եկամտային հարկի գումար: Շինարարության ոլորտն այս տարիներին, այդպես էլ աճ չգրանցեց:  Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ընդգծում է շինարարությունը ոչ թե առանձին ներդրում է, այլ՝ ներդրումների հետևանք:

Այս կարծիքը կիսում են նաև կառավարությունում: Հարկային օրենսգրքում այսօր կատարված փոփոխություններով՝ 2018թ հունվարի 1- ից փոխվում է եկամտային հարկի վերադարձի սկզբունքը: Նախկինում գումարը վերադարձվում էր՝ անկախ  գնված բնակարանի արժեքից:

Ֆինանսների նախարարությունում  վստահեցնում են՝ փոփոխություններ են կատարել ու թիրախավորել ցածր ու միջին խավին:  Այսպիսով՝ օրենքով է ամրագրվում՝ եկամտային հարկը կվերադարձվի, եթե գնվող  բնակարանի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամի շեմը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ գործելու է ևս մեկ նախապայման:

Նախարարը հստակեցնում է՝ եթե քաղաքացին ունի բնակարանի բարելավման կարիք, նույնպես կարող է օգտվել այս ծրագրից: Օրենսդրությամբ է ամրագրվում՝ 2018 թվա­­կանի հունվարի 1-ից հետո վերադարձվող գումարը չի կարող գերա­զան­ցել 1.5 միլիոն դրամը:

Վճարված տոկոսների գումար­ների չափով եկամտային հարկից վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ: Գումարի շեմը պատահական չի ընտրվել: Մանրամասն ուսումնասիրել են, հաշվարկներ կատարել:

«Միջին և ցածր խավին նորմալ է որ օժանդակենք»:

Ֆինանսների նախարարի խոսքով, նախաձեռնությունը  շինարարության ոլորտին  որոշակի աշխուժացում բերեց, սակայն կյանքը ցույց  է տալիս, որ ոլորտի աշխուժացման նախապայմանը  տնտեսության աճն է:

Back to top button