ԿարևորՀասարակություն

ԱՆ պարզաբանումը Ռադիոլուրի նյութին. «Գարդասիլի» պատվաստումը՝ կրկին առանցքում

Շուրջ երկու ամիս տևած հետաքննության արդյունքում «Ռադիոլուր»-ը հրապարակել էր գարդասիլ պատվաստանյութի և դրա հնարավոր բացասական հետևանքների մասին հետաքննական հոդված՝ Գերմանիայի առողջապահության նախարարությանը կից Պաուլ Էրլիհ ինստիտուտից ստանալով խիստ ուշագրավ տեղեկություններ ու աղբյուրներ: Այս ինստիտուտը հետազոտում ու ստուգում է երկիր մտնող կենսաբժշկական դեղամիջոցների որակը, ազդեցությունն ու վստահելիությունը, եւ ըստ այդմ թույլատրել է Գարդասիլի կիրառումը իր երկրում:

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի վերաբերյալ՝ փորձելով կանխել որոշ հնարավոր տարակարծություններ, որպեսզի տպավորություն չլինի, թե Գարդասիլը գերմանական շուկայից դուրս է բերվում, իսկ Հայաստանը այն նվեր է ստանում:

Նախարարությունը չի կիսում «Ռադիոլուր»-ին տրամադրված ԵՄ միասնական բազայի բացառիկ տվյալները, թե պապիլոմայի դեմ Գարդասիլով պատվաստումը ուղիղ կապ ունի վերարտադրողական խնդիրների հետ: Իսկ կողմնակի ազդեցությունների գերակշիռ մասը սպասված ռեակցիաներ են՝ ասվում է:

Իսկ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հասցեին մեղադրանքները, թե նա պատվաստանյութը Հայաստան բերելու անձնական ֆինանսական շահագրգռություն ունի, ԱՆ-ն որակել է զավեշտալի: «Խաչատրյանը «Գավի» հիմնադրամի խորհրդի անդամ է դարձել այն ժամանակ, երբ Հայաստանին Գարդասիլ պատվաստանյութ տրամադրելու ուղղությամբ բանակցություններն արդեն ավարտվում էին: Եվ եթե այս հարցում նրա աջակցությունը կամ «անձնական» շահախնդրությունը լիներ, ապա դա պետք էր միայն ողջունել, քանզի ի շահ էր ՀՀ ազգաբնակչության առողջությանը»,-ասվում է պարզաբանման մեջ: Մանրամասները՝ ստորեւ:


Շուրջ երկու ամիս տևած հետաքննության արդյունքում «Ռադիոլուր»-ը հրապարակել էր գարդասիլ պատվաստանյութի և դրա հնարավոր բացասական հետևանքների մասին հոդված «Առաջացնո՞ւմ է ի վերջո «Գարդասիլ»-ը անպտղություն. Ռադիոլուրի հետաքննությունը»:
Ողջունելով և բարձր գնահատելով բազմակողմանի հետաքննության, իրականացված ուսումնասիրության փաստն ու լրագրողի սրտացավությունը հանրային նշանակություն ունեցող թեմայի հանդեպ, այնուամենայնիվ պետք է փաստենք, որ հրապարակման մեջ կան որոշակի անճշտությունների, տարըմբռնումների պատճառ հանդիսացող և պարզաբանումների կարիք ունեցող փաստական տվյալներ, տեսակետներ:
Ստորև կանդրադառնանք դրանց.

  1. Հրապարակման մեջ դիտարկվում է Գերմանիայի առաջատար փորձը և նշվում է, որ այնտեղ գարդասիլ քառավալենտը (նույն պատվաստանյութն է, որը կիրառվելու է Հայաստանում) շրջանառությունից դուրս է բերվում՝ փոխարինվելով իննավալենտ նյութով: Ներկայացված փաստն անշուշտ ճիշտ է, քանզի դեռևս 2014թ. Գերմանիան սկսել է քառավալենտ գարդասիլից աստիճանաբար անցում կատարել իննավալենտի կիրառմանը: Սակայն այդ անցումը, ի տխրություն Հայաստանում գարդասիլի դեմ խաչակրաց արշավանք իրականացնողների, բնավ պայմանավորված չէ քառավալենտ գարդասիլի անորակությամբ: Գերմանիան առհասարակ չի հրաժարվել քառավալենտից, այն Գերմանիայում այսօր էլ գրանցված է պապիլոմայի դեմ պատվաստանյութերի շարքում: Պարզապես Գերմանիան, լինելով հարուստ պետություն, իրեն կարող էր թույլ տալ գարդասիլի առավել թանկարժեք տարբերակը գնելու և կիրառելու շռայլությունը: Թեպետ իննավալենտ տարբերակը պայքարում է պապիլոմա վիրուսի հարուցած ավելի շատ խնդիրների դեմ (քառավալենտում կա 4 հակածին, իսկ իննավալենտում` 9), սակայն, միևնույն ժամանակ, առավել հաճախ է ուղեկցվում գլխացավով, թուլությամբ, սրտխառնոցով ու գլխապտույտով:
  2. Հետաքննության մեջ նշվում է, որ EudraVigilance-ի տեղեկատվական համակարգում ամփոփվել են ԵՄ անդամ բոլոր երկրների տվյալները, որոնց համաձայն` պատվաստվողներից (իսկ ԵՄ երկրներում պատվաստվել են միլիոնավոր մարդիկ) շուրջ 800-ի դեպքում պատվաստման և վերարտադրողական խնդիրների միջև ուղիղ կապ են տեսել: Վստահաբար պետք է նշենք, որ նշված երևույթների միջև ուղիղ կապ իրականում արձանագրված չէ և այստեղ կա որոշակի թյուրիմացություն: Բանն այն է, որ ինչպես EudraVigilance, այնպես էլ, օրինակ, ամերիկյան VAERS տեղեկատվական համակարգում գրանցվում են պատվաստումից հետո ի հայտ եկած խնդիրները: Իսկ այն, որ այդ խնդիրները առաջացել են պատվաստումից հետո, բնավ ապացույցը չէ այն բանի, որ առաջացել են պատվաստանյութի պատճառով: «Սրանից հետո, նշանակում է սրա պատճառով». ահա’ հաճախակի հանդիպող այն տրամաբանական սխալը, որը թույլ են տալիս նաև գարդասիլի դեմ պայքարողները: Ասել կուզենք, որ պատվաստանյութի կիրառումից հետո ի հայտ եկած և արձանագրված խնդիրները կարող էին առաջացած լինել այլ պատճառներով: Բացի այդ, վերարտադրողականության հետ կապված խնդիրներ և անպտղություն հասկացությունները չի կարելի նույնացնել, ինչը կամա թե ակամա անում են բազմաթիվ հակագարդասիլականներ: Անպտղությունը այդ խնդիրներից սոսկ մեկն է: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ երկրներում գարդասիլն այսօր էլ կիրառվող պատվաստանյութ է, այդ երկրները չեն հրաժարվել դրանից, ապա որոշակիորեն պարզ է դառնում, որ գարդասիլով պատվաստման վտանգավորության մասին ներկայացված մտահոգություններն առավելապես արհեստածին են:
  3. Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ըստ Եվրոպական Միության տվյալների միասնական բազայի բացառիկ տեղեկությունների` տրամադրված «Ռադիոլուր»-ին, գարդասիլով պատվաստումների շուրջ 92%-ի դեպքում կա կողմնակի ազդեցություն: Թեպետ հրապարակման մեջ նշվում է կողմնակի ազդեցության թեթև և բարդ տարբերակների մասին, այնուամենայնիվ խոսք անգամ չկա դրանց տոկոսային հարաբերակցության վերաբերյալ: Այդ 92%-ի մեջ կարող էին գրանցված լինել սպասվող ռեակցիաները, որոնք նորմայի սահմաններում են: Անշուշտ, 92% ցուցանիշը պակաս տեղեկացված մարդկանց համար կարող է սարսափելի թվալ, սակայն խնդիրն այն է, որ ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում կիրառվող այլ պատվաստումների արդյունքում էլ գրանցվում են ակնկալվող հետպատվաստումային ռեակցիաներ, որոնց ցուցանիշները ևս սովորաբար բարձր են: Օրինակ` Հայաստանում երեխաներին հնգավալենտ պատվաստանյութով (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլուսային վարակ, հեպատիտ Բ) պատվաստումը ևս ուղեկցվում է  կողմնակի ազդեցությամբ: Պատվաստվողների շուրջ 80%-ի մոտ նկատվում է թույլ կողմնակի ազդեցություն ցավի տեսքով, 20%-ի մոտ` ջերմային ռեակցիայի և այլն: Մինչդեռ այդ բարձր ցուցանիշը հնգավալենտ պատվաստանյութը չի արժանացնում գարդասիլի ճակատագրին: Հետևաբար, եթե մեր խնդիրը գարդասիլի շուրջ բացասական աղմուկ բարձրացնելն է, ապա կարող ենք անընդհատ շեշտել, օրինակ, այդ 92%-ը, մոռանալով ասել, որ պատվաստվողների մոտ 80%-ի մոտ այդ կողմնակի ազդեցությունը դրսևորվում է պատվաստմանը հաջորդող ցավի տեսքով, 30-35%-ի դեպքում` գլխապտույտի, սրտխառնոցի և գլխացավի: Ինչ վերաբերում է բարդ կողմնակի ազդեցությանը, ապա այդ դեպքում գործ ունենք անաֆիլաքսիայի հետ, որը հանդիպում է 1,7 միլիոն պատվաստվողներից մեկի մոտ:

Ավելին, պետք է նշել, որ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեի 2017թ. հունիսյան զեկույցից (տե’ս http://www.who.int/vaccine_safety/committee/topics/hpv/June_2017/en/) պարզ է դառնում, որ, օրինակ,  ՄՊՎ-ի դեմ պատվաստման ընդհանուր ցավային, դիրքային օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշների, ինչպես նաև տարբեր ախտանշանների, ինչպիսիք են ցավը և շարժողական խանգարումները, միջև պատճառհետևանքային կապի վերաբերյալ որևէ ապացույց չկա:

  1. Ինչ վերաբերում է ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հասցեին ուղղված մեղադրանքներին, ապա դրանք պարզապես զավեշտալի են: Նախ պետք է փաստել, որ Սերգեյ Խաչատրյանը «Գավի» հիմնադրամի խորհրդի անդամ է դարձել այն ժամանակ, երբ Հայաստանին գարդասիլ պատվաստանյութ տրամադրելու ուղղությամբ բանակցություններն արդեն ավարտական փուլում էին: Եվ եթե այս հարցում նրա աջակցությունը կամ «անձնական» շահախնդրությունը լիներ, ապա դա պետք էր միայն ողջունել, քանզի ի շահ էր ՀՀ ազգաբնակչության առողջությանը:
Back to top button