Տնտեսական

Հայաստանի գինեգործական հավակնություններն ու դրանից անտեղյակ հյուրերը


Արդյո՞ք համադրելի են Հայաստանի գինեգործական անցյալն ու հայկական գինիների այսօրվա ճանաչելիությունը, ինչպես է ստացվում, որ մենք հպարտանում ու ոգեւորվում ենք մեր գինիներով ու գինեգործական ծրագրերով, իսկ գինեգործական համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներն անգամ հայկական գինի փորձած չկան:

Ի վերջո՝ ինչու են հենց պետական պաշտոնյաների մոտեցումներն ու ընկալումները հատվում ու բախվում: «Փառապանծ» գինեգործական անցյալի հասկանալի ու անհասկանալի ներկայի մասին՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

 

Հայաստանի կառավարությունը գինեգործությունը  ճանաչել է տնտեսության գերակա ճյուղ, տարիներ շարունակ խոսել հավակնություններից, ավանդույթներից, ծրագրերից: Իսկ այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անկեղծ է գտնվում, միայն դաշտերում եղածով ոլորտ չեն զարգացնում՝ ասում է:

«Այսօր մենք ուղղակի զարգացնում ենք գինու արտադրությունը։ Ըստ նրա, թե ինչ կա դաշտերում, սակայն մենք չունենք հստակ ռեեստր, որտեղ գրանցված կլինեն խաղողի այգիներն իրենց սորտերով եւ տեսակներով:   Երբ ունենանք ռեեստր, կադաստրային գրանցում, կկարողանանք ավելի կազմակերպված զարգացնել գինեգործությունը»:

Հայկական գինի ասելով հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ՝ ասում է վարչապետը: Գյուղնախարարը հարցին այլ կողմից է նայում: Մենք, ասում է, աշխարհագրական նշումով գինու մշակույթ դեռ չունենք՝ ո՞ր այգու խաղողը ո՞ր դաշտի խաղողի հետ է գինի դառնում, համերը համադրելի՞ են, թե ոչ: Այնինչ գինու արժեքը դրանով է որոշվում:

«Մենք այդ մշակույթը չունենք, չենք հասկանում՝ թանկ գինին ինչու է թանկ, էժանն ինչու է էժան, որն է դրանց տարբերությունը»:

3 օր Հայաստանում 9 երկրից ժամանած շուրջ 30 փորձագետ հայ գինեգործների հետ հիշելու ու տեղեկանալու են հայաստանյան գինեգործական ավանդույթներին: Առաջին անգամ անցկացվում է «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը» միջազգային փառատոնը: Վարչապետ Կարեն Կարապետյան:

«Մեր վերջնական նպատակն է, և մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ և աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն և կայուն տեղն ունենալ»:

Մինչ վարչապետն այսչափ լավատես է, պարզվում է՝ համաժողովին մասնակցելու համար Հայաստան հրավիրված հատուկ հյուրերի մի մասը ոչ միայն հայկական գինիների, այլեւ առհասարակ Հայաստանի ու դրա փառապանծ գինեգործական անցյալի մասին տեղյակ չէ: Գինու եւ կոնյակի համաշխարհային միջկառավարական կազմակերպության նախագահ Մոնիկա Քրիստմանը Գերմանիայից է մեր երկիր եկել:  Առաջին անգամ է մեզ մոտ ու առաջին անգամ պետք է հայկական գինի փորձի: «Արենի» անունը նրա ականջին նույնքան օտար  է, որքան  Հայաստանը՝ որպես հնագույն գինեգործական երկիր: Շուկայում երբեք հայկական գինի չի տեսել: Վերեւում դեռ օդ կա՝ «Ռադիոլուր»-ին ասում է գերմանացի մասնագետը՝ նկատի ունենալով, որ զարգացման հեռանկարներ դեռ ունենք:

«Համաշխարհային ուշադրությունը գրավելու եղանակներ է պետք փնտրել: Կարծում եմ՝ շատ մարդիկ կան, ում այս ամենը հայտնի չէ»:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը հայկական գինիների ճանաչվածության մասին հակառակ կարծիքն ունի:

«Չինաստանի գինու սպառողների հետ զրույցից պարզ դարձավ, որ մենք ունենք մեր տեղը չինական շուկայում մեր յուրահատուկ գինիների մասով»:

Գիորգի Զամանիշվիլին Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավարն է, հայկական գինիների մասին «Ռադիոլուր»-ի հարցերին պատասխանելիս անպայման փորձում է դրանք համադրել վրացական գինիների հետ: Ո՞ւմն է ամենահին գինեգործական անցյալը՝ հայերի՞նը, թե՞ վրացիներինը. մշտական վեճին չի անդրադառնում, բարեկամաբար թվարկում է՝  հայկական գինին  հնագույն ծագում ունի, ախորժաբեր է:

«Ավելի լավը» կամ «ավելի վատը» չէի ասի, կխոսեի բազմազանությունից: Մենք, օրինակ, հարյուրավոր տեսակներ ունենք: Հայկական գինիների հետ մրցակցում ենք, բայց իրար դեմ ոչինչ չունենք: Պարզապես մենք միշտ ցանկանում ենք մեր հարեւաններից  լավ աշխատել, դա է օգնում ավելի ու ավելի շատ վաստակել: Մենք էլ, դուք էլ սեփական բրենդի ստեղծման ճանապարհին ենք, ու դրա մեջ պետք է ամփոփենք պատմությունը, մշակույթը, բազմազանությունը»:

Հայաստանը 2016-ին 2015-ի համեմատ 14 տոկոսով ավելի է գինի արտադրել, 30 տոկոսով ավելի արտահանել, ներդրումներն էլ են աճել՝ նաեւ ներքին՝ հպարտությամբ նշում է վարչապետ Կարեն Կարապետյանը ու խոստանում հետագա ներդրումների համար լավագույն  միջավայրն ապահովել: Իսկ դրան զուգահեռ՝ գինեգործները շարունակում են խոսել արտահանման խնդիրներից հենց ԵԱՏՄ տարածքում: Գյուղնախարարի տեղեկություններով՝

«Ինչ վերաբերում է արժույթի անկմանը՝ իմ կարծիքով՝ արդեն տարածաշրջանում ստեղծվել են նոր պայմաններ, փոխարժեքը փոքր-ինչ կայունացել է»:

Լավագույնն այն գինին է, որը բաժակի մեջ չի մնում՝ ասում են: Իսկ եթե գինին լավն է, բայց մնում է շշում, իսկ շիշն էլ՝ վաճառասեղանին՝ սեփական երկրո՞ւմ: Նշանակում է, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան, որքան էլ որ ոլորտը գերակա է, ու վարչապետը՝ գոհ: Հայկական խաղողի հայտնի սորտերը շարունակում են համարվել մեր գինեգործության այցեքարտը, սակայն հայկական գինի արտադրողները այն թորելիս դեռ օգտագործում են պարսկական, բուլղարական սպիրտներ:

Back to top button