Տնտեսական

Արմավիրում վերականգնվելու է բամբակի մշակությունը

Արմավիրի մարզում 2000 հա տարածքի վրա  նախատեսվում է վերականգնել բամբակի արտադրությունը, որը մշակվելու է ոռոգման ջրի պատճառով ամայացած հողատարածքներում: Տարածքում խորքային հորերեր են հորատվելու և կաթիլային համակարգ է  ներդրվելու:

Բամբակի մշակությունը ենթադրում է մի քանի արտադրությունների հիմնում՝ բամբակից մինչև տեքստիլ արտադրանք, անասնապահության զարգացում: Նախնական հաշվարկներով կապահովվի 1000-ից ավելի մարդկանց զբաղվածությունը:

 

Բամբակ,  թե առվույտ, որն է ավելի եկամտաբեր հարցը Արաքս, Եղեգնուտ և  Հայկաշեն, գյուղերի մի քանի հողատերերը ուղղում էին ,, Բամբակ տեքստիլ գրուպ ,, ՍՊԸ-ան  համահիմնադիր Գագիկ Խաչիկյանին ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

2015 թվականին բամբակի մշակության փորձեր արվել են Մրգաշատ գյուղում, բայց հաջողության չեն հասել: Առվույտի մշակությանը գյուղացիները ծանոթ են, այն մշակվում  է ցանքաշրջանառության  նպատակով հողի որակը բարձրացնելու և անասնակեր ստանալու  համար, իսկ բամբակ Արմավիրի մարզում չի մշակվում կես դարից ավելի:  ,,Բամբակ տեքստիլ գրմուպ ,, ՍՊԸ-ան համահիմնադիր Գագիկ Խաչիկյանը բամբակի մշակության և վերամշակման արտադրությունը Միջին Ասիայից փորձում է տեղայնացնել Արմավիրի մարզում:


Նախկին Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի   շրջաններում  բամբակի դաշտերը մեծ տարածքներ են զբաղեցրել, իսկ լավագույն  բամբակ մշակողներն ու  պլանը գերակատարողները պարգևատրել են ՝ ընդհուպ  սոցիալիստական աշխատանքի հերոս բարձրագույն պարգևով:  Սահմանամերձ Արաքս համայնքի բնակիչ Ռոբերտ Թաթոյանը հիշում է, որ գյուղացիները բամբակը ցանելու ժամանակաշրջանը պայմանավորել են Հայկական պար լեռնաշղթայի  լեռներից մեկի ձնհալով, որն անվանել են բամբակասար՝ ,,Երբ ձյունը հալվում էր,սերմը գցում էին հողը, հետո բերում կալսում էին, ցախը վառելիք էր օգտագործվում, կորիզը՝ անասնակեր,,:


Արմավիր մարզում բամբակի մշակությունը նախատեսվում է մոտ 2000 հա վրա,  ընտրվել են այն ցանքատարածքները, որոնք տարիներ շարունակ չեն մշակվել  ոռոգման ջրի բացակայության պատճառով: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ջրի խնդիրը բարձրացրել է կառավարությունում և առաջիկայում կքննարկվի  նոր խորքային հորերի հորատման խնդիրը:

Նախատեսվում է ցանքատարածքները ոռոգել կաթիլային եղանակով: Համակարգի ներդրման համար պահանջվող ծախսերը կփոխհատուցվի բամբակով, որի մեկ տոննայի արժեքը 500 ԱՄՆ դոլար է: Գյուղացիների հետ աշխատելու են պայմանագրային հիմունքներով: ,,Բամբակ տեքստիլ գրուպ,, ՍՊԸ-ան աշխատակազմի ղեկավար Լուսինե Աղլամազյանը նշեց բամբակի մշակության արդյունավետությունը, որը  ենթադրում է  նոր աշխատատեղերի ստեղծում: Կբացվեն բամբակի սերմի, ձեթի, տրիկոտաժի, թղթի ու քարի  վերամշակման արտադրություններ, մանվածքային ու կարի ֆաբրիկա: Սակայն սա  դեռ հեռանկարում է:


Բամբակի վերամշակման գործարանը հիմնվելու է Եղեգնուտ գյուղում մոտ 12 հա-ի վրա, չմշակվող 350 հա տարածքից 140 հա-ի վրա էլ բամբակի սերմ կցանվի: Եղեգնուտում չմշակվող հողերը 5-րդ և 4-րդ կարգի են: Համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը կողմ է ամայի տարածքների մշակմանը:


Ձմռան շրջանում կքննարկվեն բամբակի մշակությունը վերականգնելու խնդիրները, սեփականատերը սպիտակ ոսկի արտադրողներին խոստանում է բարձր վարձատրություն:

Բամբակի մշակման ու վերամշակման տեխնոլոգները հրավիրվելու են Տաջիկստանից: 1 հա –ի միջին բերքատվություն 4-5տոննա է:

Back to top button