ԿարևորՀասարակություն

ԱԺ- ում կրկին քննարկում են տարկետումը՝ կլոր սեղանի շուրջ


Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքի շուրջ կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են  5 ներկայացուցիչ իշխանությունից , 5-ն էլ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից: 

Հիշեցնենք, որ  զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում   պայմանավորվել էին   վիճահարույց հարցերը քննարկել  կլոր սեղանի շուրջ: 

Այսօր կլոր սեղանի շուրջ կողմերը մնացել են համարյա 5 ժամ, խոսել են վիճահարույց համարյա բոլոր հարցերից,  վերջում պայմանավորվել են շարունակել քննարկումը՝ արդեն դետալների ու կոնկրետ հարցերի շուրջ, աշխատանքային խմբով:

 

4+4+4  ֆորմատով քննարկման փորձ ուներ նախորդ գումարման խորհրդարանը, այս Ազգային ժողովում այսօր գործարկվեց 5+5 ֆորմատը: Կլոր սեղանի շուրջ քննարկման էին նստել 5-ական ներկայացուցիչ իշխանությունից  և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից:

Սեղանին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքն է: Այն թեև արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, բայց կառավարությունը վստահեցնում է, որ օրենքից բխող բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն, ու երիտասարդների առաջարկները  հաշվի են առնվելու  դրանց  մշակման ժամանակ:

Իշխանություն- ուսանողներ  քննարկման մոդերատորը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր:

«Մեր նպատակը ձևական շփումը, պտիչկա դնելը չէ: Նպատակը միմյանց լսելն է ու դիրքորոշումները մոտեցնելը»:

Վերջին 10 տրաիների ընթացքում  Հայաստանում դոկտորական թեզ պաշտպանել է 445 գիտնական, թեկնածուական՝  5032-ը : 2017-ի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ է 445 դոկտորից ՝ 191-ը կամ 43 %-ը, թեկնածուներից   642-ը կամ 13 տոկոսը: Պատկերը խիստ տարբեր  է՝ ըստ մասնագիտությունները, բնագիտական ուղղություններով պաշտպանածներն ավելի շատ են գիտության մեջ, քան հումանիտար ուղղություններով:

Տնտեսագիտական կամ իրավաբանական ուղղությամբ պաշտպանածներից  գիտությամբ շարունակել է զբաղվել հազիվ 3 տոկոսը, իսկ բնագիտականներից համարյա 20-ը:  Կրթության և գիտության նախարարի ներկայացրած  հենց այս թվերն են պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին հիմք տալիս երիտասարադներին  ասելու, որ. «Դուք ասում եք օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը: Մենք ասում ենք՝  մինչև հիմա է խոչընդոտել: Գիտության զոնտիկի տակ  շատ երիտասարդներ խուսափել են բանակից, դրա համար թվերն այսպիսին են»:

Կառավարությունը հիմա փորձելու է անհատական մոտեցումներով առաջնորդվել, կարգեր մշակել, որոնք առանձին- առանձին կբացեն   արվեստով, սպորտով,  մշակույթով , նաև գիտությամբ զբաղվող երիտասարդներին առաջադրվող չափանիշերը:  Իսկ ինչպես են մեկնաբանում նույն թվերը երիտասարդները:

Ուսանողներից Գարիկ Պետրոսյանի, բացատրությունն, օրինակ, այսպիսին է:

«Ուսանողները մեկ այլ  բացատրություն էլ ունեն, թե ինչու են քչերը մնում գիտության մեջ:  Նրանց կարծիքով ՝  գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար  գրավիչ չէ, իսկ  բանակ — գիտություն հակադրությունն ավելի է նվազեցնում այդ գրավչությունը: Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն է այդպես կարծում:

Պաշտպանության փոխնախարարն ասում է,  որ փորձելու են ձևեր գտնել գիտությունը բանակ տանելու: Ուսոնողները կարծում են, որ բանակը պատրաստ չէ ընդունել գիտնականներին:

«Ես ուզում եմ, որ հստակ տարբերություն մտցվի բանակում գիտությամբ զբաղվելու եւ գիտական ներուժի օգտագործման մեջ: Ցավոք, շատ դեպքերում գիտական ներուժի օգտագործում է համարվում ծրագրավորողին կապի ոլորտում աշխատանք տալը, ֆիզիկոսին ինժեներական աշխատանքներում ներգավելը»:

«Պարզ է, որ գիտական ղեկավար չի լինելու, բայց կա հրամանատար, որը գիտությանը կրկին մոտ կանգնած մարդ է : Այսինքն՝ գիտական աշխատանքից չկտրելն այսօր քննարկման փուլում է»:

Ուսանողներն այս պահին երկու հիմնական առաջարկ ունեն: Առաջարկում են տարկետման տեղերի պահպանում կամ այդ իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն: Երկրորդով  առաջարկում են, որ երիտասարադները  4 տարվա բակալավրի ընթացքում 1 ու կես տարվա ծառայություն անցնեն: Ուսանողները կարծում են, որ  սա հնարավորություն կտա  բանակը բուհ բերելու, և ոչ թե բուհը տանելու բանակ: Ոտքի վրա առաջարկների մասին կարծիք հայտնելուն փոխնախարարը դեմ էր, բայց երկրորդ առաջարկի մասին  կարծիք հայտնեց:

«Առաջարկում եք ծառայության նոր տեսակ, որը կա միայն  Շվեյցարիայում, որտեղ պատերազմի վտանգ չկա»:

Կլոր սեղանի շուրջ կողմերը նստեցին համարյա   5 ժամ, քննարկեցին վիճահարույց համարյա բոլոր հարցերը: Քննարկման ավարտին բանակցությունների առաջին փուլը  հաջողված գնահատեցին:   

Ուսանողները 2 շաբաթ ժամանակ ունեն ՝ բոլոր առաջարկները փաստաթղթավորելու համար: Դրանից հետո կառավարության ներկայացուցիչների հետ   աշխատանքային խումբ  կձևավորեն  ու  հարցերը կքննարկեն  դետալ առ դետալ:

Back to top button