ԿարևորՀասարակություն

Սպառողի համար ջրի գինը սուբսիդավորվում է հենց սպառողի հաշվին

Հայ սպառողի համար ջուրը կրկին թանկանում է. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հաստատել է հանրապետության ջրամատակարարման եւ ջրահեռացման օպերատորի հայցը:

Ջրի մեկ խմ-ն 2018-ի հունվարի 1-ից կարժենա 191.4 դրամ՝ գործող 180 դրամ սակագնի դիմաց: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր հայտարարել է, որ սպառողը առայժմ թանկացումն իր մաշկի վրա չի զգա։

Վարչապետի հանձնարարականով մեխանիզմ պետք է մշակվի դրա համար։ Իսկ սպառողների շահերի պաշտպաններն այս առումով լուրջ մտահոգություն են հայտնել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մատնացույց անելով «Վեոլիա ջուր» ընկերության հետ կառավարության կնքած նոր պայմանագրի «մութ» կողմերը, որոնք դեռ սպառողին հայտնի չեն:

 

 

Մինչեւ եկող տարվա ավարտը հայ սպառողը պետք է որ չզգա ջրի նոր թանկացման ազդեցությունը: Սակագինը բարձրացնելու հայցը բավարարվում է, բայց՝ պայմանով: Պայմանը վարչապետն էր առաջադրել կառավարության նիստում:

«Կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա-ջուր» ընկերության հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման լուծումներ»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ջրի թանկացումից հետո 20 օր ունի՝ ներկայանալու վարչապետի պահանջած հաշվարկի մեխանիզմով: Հետհաշվարկը սկսված է: Կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյան՝

« Եկող տարվա համար հստակ է՝ մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը՝ մեկ տարվա կտրվածքով, բոլոր սպառողները վճարելու են գործող սակագնով: Դրանից հետոյի մասին ոչինչ ասել չեմ կարող եւ իրավասու չեմ»:

Որքանով է արդարացված ջրի թանկացման նոր ու հերթական պահանջը: Մինչ հայցը քննելը՝ սպառողների շահերով զբաղվող կառույցները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մոնիթորինգ են արել. Նախ՝ 900 հազար խմ չհաշվարկված ծավալ է հայտնաբերվել: Պարզվել է նաեւ՝ ջրի սպառումը123 մլն խմ-ից նվազել է 113 մլն-ի: Դա ընկերության ակնկալած եկամուտը չի ապահովել, բայց չի էլ նշանակում, որ պետք է ջրի թանկացման միջոցով ապահովվի. արձագանքում են սպառողների շահերի պաշտպաններն ու մատնանշում ծախսերը հոգալու ամենատրամաբանական ուղին՝ կրճատել 70-80 տոկոս կազմող ջրակորուստները: Լսենք նրանց դիտարկումները:

«Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեն հիշում է հորդորները՝ ջրի սակագնի բարձրացմանը այլընտրանքային միջոցներ գտնել՝ առավել արդյունավետ աշխատել, կրճատել կորուստները: Աշխատում ենք մեր պայմանագրին համահունչ՝ ասում է: Նկատում է, որ իրենց պահանջած թանկացման մի մասն է դեռ բավարարվել: Սպառողներն էլ պիտի գիտակցեն, որ սպառածի դիմաց վճարելուց չպետք է խուսափեն:

Գները շարունակաբար բարձրանում են, բայց սպառողների դժգոհություններն էլ են ավելանում: Մարդիկ շատ երկար են սպասում տարբեր խնդիրների լուծմանը: «Ռադիոլուր»-ի վերջին դիտարկումը Լըֆեն չի կիսում: Հակադարձում է՝ շատ արագ ենք արձագանքում:

«Մենք արդեն 42 հազար ջրաչափ ենք փոխարինել: Դա անում ենք մեծ լրջությամբ, քանի որ թերի թվեր ցույց տվող ջրաչափերի առկայության դեպքում չենք կարող հստակ հաշվել սպառման ծավալը: Փոխարինված ջրաչափերի 15 տոկոսը սպառողի կողմից դիտավորյալ փչացված է եղել, որ չվճարեն»:

Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, թե իրենք կարծես հանգիստ են արձագանքում հերթական թանկացմանը, շեշտում է՝  իրենք ոչ միայն հանգիստ չեն, այլեւ ունեն նոր ու ավելի լուրջ մտահոգություններ: Պարզվում է՝ «Վեոլիա ջրի» հետ կառավարության տասնամյա պայմանագիրը առաջիկա հնգամյակի ամեն տարվա համար սահմանել է ջրի թանկացման կոնկրետ չափ՝ ասում է Չիլինգարյանը:

«Վերջերս է պարզվել, լայն հանրությունը դրա մասին չգիտի: Պարզվում է՝ պայմանագրի կետերից մեկով բազային սակագինն ամեն տարի 6-ական դրամով պետք է բարձրանա: 6 դրամը ֆիքսված է, բայց եթե այլ գործոններ էլ ազդեն, ինչպես այս անգամ, քանի որ իրացումը նվազել է, գինը ավելի շատ կարող է բարձրանալ: Իսկ 6 դրամը կա ու կա»:

Երկրորդ հնգամյակում գինը տեսականորեն պետք է նվազի, բայց, հաշվի առնելով թանկացման բերող մշտական գործոնները, էժանացում դժվար թե տեսնենք՝ ասում է զրուցակիցս: Չիլինգարյանը հայտարարում է՝ նախնական դիտարկմամբ՝ ջրի սակագնի սուբսիդավորումը տեւելու է մինչեւ եկող տարեվերջ, իսկ մինչ այդ՝ օգոստոսին, ջրամատակարար ընկերությունը կրկին կարող է դիմել հանձնաժողովին ու հերթական բարձրացում պահանջել: Եվ երբ սուբսիդավորումը դադարեցվի ու գինն էլ նորից բարձրանա, սպառողը, փաստացի, թանկացման կրկնակի բեռի տակ կհայտնվի:

Մյուս կողմից՝ կառավարության ղեկավարի հանձնարարությունը՝ փոխհատուցումը անել « Վեոլիա ջրի» կողմից Հայաստանի Հանրապետությանը վճարվող վարձակալության գումարների հաշվին՝ սուբսիդավորման միջոցով, արդյո՞ք չի նշանակում, որ ի վերջո դա արվում է բյուջեի եւ հենց իր՝ սպառողի հաշվին:  Չիլինգարյանը չի առարկում:

Back to top button