Ինչպիսի Հայաստան էր երազում Լեոնիդ Ազգալդյանը. այսօր հերոսի 75- ամյակն է


Արցախյան ազատամարտի հերոս, ազգային ազատագրական պայքարի մասնակից Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 75 տարեկան: Մարտական ընկերներն այսօր նրա հուշաքարի մոտ ծաղիկներ են խոնարհել ու ևս մեկ անգամ հիշել իրենց անցած ուղին:
«Պիտի հաղթենք հանուն Հայաստանի». Լեոնիդ Ազգալդյանի այս նշանաբանն էր, որով ոգևորված էին մարտնչում Անկախության բանակի իր մարտիկները: Իսկ պատերազմում առանց զոհերի հաղթելը բանակի առջև դրված նախապայմանն էր: Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանը մեկ առ մեկ հիշեց հրամանատարի առաջադրանքներն ու թվարկեց անցած դժվարություններն ու կարևորագույն ձեռքբերումը, միասին տարած հաղթանակները»:
«Այն ժամանակ ես երիտասարդ էի, իսկ Լեոնիդը 50-ին մոտ էր: Ու էդ սարեր, ձորեր առավոտից իրիկուն, ու երբ տղերքով նստում էինք, ասում էինք, որ էս մարդը հոգնել չունի: 100-150 զինվորի գործ էինք 20 հոգով անում և նոր այդ ժամանակ հասկացանք դրա առավելությունը, որ պետք է քրտնես , տանջվես պարապմունքների ժամանակ, զոհեր չտաս մարտում»:
Խիստ ու կարգապահ. այսպես Ազգալդյանին հիշեց մարտական մյուս ընկերը՝ Հովսեփ Հովսեփյանը։ Նրա հետ 1991 թվականին արցախյան ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով ստեղծեցին ռազմական կազմակերպություն «Անկախության բանակը»:
Ազգալդյանի մահից հետո բանակի հրամանատարությունը ստանձնել է Հովսեփյանը: Հիշեց հրամանատարի մտորումներն ու արժանապատիվ, ուժեղ, միասնական Հայաստան ստեղծելու երազանքը: Միշտ կրկնում էր. «Եթե մի օր լսեք, որ ես զոհվել եմ, մի՛ հավատացեք, ես միայն Թուրքիայի պատերի առջև կզոհվեմ»:
«Պայքարը պետք էր շարունակել և պետք է ունենանք հեռատես նպատակներ»:
Արդար ու անկախ Հայաստան ունենալու պայքարով լցված. Ազգալդյանին այսպես բնութագրեց մյուս մարտական ընկերը՝ Գևորգ Սարգսյանը: Թշնամու դավադիր գնդակը կարողացավ հաղթել միայն զորեղ հրամանատարին՝ ասում է ու շեշտում Ազգալդյանի բանակում ծառայող զինվորի հատկանիշները:
«Ջոկատում ինքն ուզում էր տեսնել սթափ, հայրենանվեր, հայրենասեր ազատամարտիկներ, որոնք իրենց կյանքը մինչև մահ ու գերեզման, մինչև վերջ տանեին իրենց խաչը»։
Շատ էր սիրում Հայաստանն ու իր ժողովրդին: Ցանկանում էր ժողովրդին տեսնել ծաղկուն կյանքով ապրելիս: Սակայն, Վոլոդյա Ավետիսյանի գնահատմամբ, այսօր չկան ո՛չ երազած Հայաստանը, ո՛չ էլ այդ երանելի կյանքը:
Միայն կան Լեոնիդ Ազգալդյանի հայրենանվեր գործը շարունակողները՝ սահմանին կանգնած մարտունակ ու անվախ զինվորները, որոնք կյանքի գնով, բայց «Ոչ մի թիզ հող հակառակորդին» նշանաբանով առաջնորդվեցին ապրիլյան պատերազմում: