Սպառողական նվազագույն զամբյուղի քանի տոկոսն է կազմում ծերության նպաստը


Թոշակառուների ու պետական հատվածի աշխատողներից մեծ մասի համար 2018թ այնքան էլ սպասված տարի չի լինելու՝ աշխատավարձ, թոշակ ու նպաստ չի բարձրանալու:
Հնարավորությունների բյուջե բնորոշումը ստացած գլխավոր ֆինանսական փաստաթղթում առաջ բերված պարզաբանումների շուրջ կարծիքները բախվում են՝ իշխանությունում պնդում են՝ ավելին անելու հնարավորություն այս պահին չկա, ընդդիմադիր դաշտում հակադարձում են՝ ցանկության դեպքում հնարավոր է: Մի բան հստակ է՝ մեր երկրում թոշակառուների մի մասը պետությունից ամսական 16 հազար դրամ նպաստ է ստանում:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն այսօր «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին բախտ կվիճակվի կենսաթոշակները բարձրացնել:
Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրում կենսաթոշակ, աշխատավարձ ու նպաստ չի բարձրանում: Այս առումով սպասումները 2018-ին էլ լավատեսական չեն: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է կրկնել՝ պարտք չեն վերցնելու, թոշակ ու աշխատավարձ չեն բարձրացնելու: Մեր երկրում ամենախոցելի խմբում կենասթոշակառուներն են: Մոտ 524 հազար կենասթոշակառուից ծերության նպաստ ստանում են 64 հազարը։ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, ծերության նպաստը մեր երկրում 16 հազար դրամ է:
ԱՎԾ տվյալներով, Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 2017 թվականի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական մոտ 55 հազար դրամ։ Պաշտոնական վիճակագրությունն այս զամբյուղի արժեքը հաշվարկում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Ինչ վերաբերում է պարենային զամբյուղին, ապա, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա երրորդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը ամսական 31 հազարից մի փոքր ավելի է (31 հազար 407.8 դրամ)։
Պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք, որն ապահովում է օրական 2.412.1 կկալ։ Մեր երկրում, ըստ պաշտոնական թվերի, 60 հազարից ավելի քաղաքացի միայն պետության կողմից վճարվող գումարների հույսին մնալու պարագայում ստացված գումարով կարող է ոչ թե ապրել, այլ՝ գոյատևել։ Իրենք՝ թոշակառուները, «Ռադիոլուրին» փոխանցում են իրենց մտահոգությունները՝ սոցիալական խնդիրներն օրեցօր ավելի ու ավելի են սրվում:
2018-ից սոցիալական դաշտում պաշտոնական ու փորձագիտական սպասումները տարբեր են: Պաշտոնյաները, հղում անելով հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին, վստահեցնում են՝ հաջորդ տարի սոցիալական պատկերը չի փոխվելու, ավելի վատ չենք ապրելու:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ 2018-ին բոլորս՝ ու հատկապես թոշակառուները, ավելի վատ են ապրելու: Գնաճ չկա, սակայն, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացմանը զուգահեռ աշխատավարձ ու թոշակ չի բարձրանալու: Սա արդեն նշանակում է, որ գնողունակությունն է նվազելու
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի թոշակները բարձրացնելու ցանկությունն էլ է մեծ, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը ըմբռնումով է մոտենում հարցին՝ վստահ է՝ իրենց կհաջողվի առաջիկա տարիներին թեկուզ հինգ հազար դրամով բարձրացնել թոշակները: