ԿարևորՀասարակություն

Առաջացնո՞ւմ է ի վերջո «Գարդասիլ»-ը անպտղություն. Ռադիոլուրի հետաքննությունը


Հայաստանում պապիլոմայի պատվաստումը ներդնելու թեման շարունակում է խմորվել. դեմ ու կողմ կարծիքները մասնագիտական հարթությունից դուրս են եկել ու հասել անձնական բնորոշումների:

Առողջապահության փոխնախարարին մեղադրում են պատվաստանյութեր բերելու եւ պատվաստման ներդրման մեջ անձնական շահագրգռություն ունենալու, առողջապահության նախարարին՝ թեմային չտիրապետելու ու ազգային անվտանգության խնդրին մատների արանքով նայելու մեջ:

Առողջապահության ներկա եւ նախկին նախարարները շարունակում են պնդել՝ պատվաստումը պետք է ու պարտադիր, անգամ անձնական օրինակով են խոսում:

«Ռադիոլուր»-ը 2 ամիս շարունակ սեփական հետաքննությունն է անցկացրել ու հաջողել գերմանական ամենաառաջատար ինստիտուտներից մեկից ստանալ բացառիկ մեկնաբանություն՝ առաջացնո՞ւմ է ի վերջո «Գարդասիլ» պատվաստանյութը անպտղություն:

Հայաստանում պապիլոմա վիրուսի եւ դրա քաղցկեղածին հետեւանքների դեմ պատվաստմանը «դեմ» կարծիքները ամենատարբեր աղբյուրներ ունեն, ըստ որոնց՝ կողմնակի ազդեցությունները չափազանց շատ են ու տարբեր: Մեզ մոտ «դեմ» կարծիքները մեծապես նաեւ հուզական ֆոնի վրա են՝ կենտրոնացած անպտղության առաջացման հնարավոր ռիսկերի վրա: Հարցերը չափազանց շատ են, պատասխանները՝ չափազանց իրարամերժ: Փաստը մեկն է՝  «Գարդասիլ»-ով պատվաստված 9-13 տարեկան աղջիկները դեռ նոր պետք է մտնեն ու անցնեն վերարտադրողական տարիքը, որպեսզի հետագայում  միայն պարզվի՝ նրանք պաշտպանվեցի՞ն քաղցկեղի որոշ տեսակներից, թե ոչ, կամ վերարտադրողական խնդիրներ ունեցա՞ն: Առողջապահության փորձագետ Հայկ Նահապետյան:

«Պատասխանատու անձանցից մեկը՝ Գայանե Սահակյանը, ասաց՝ այո, այդ 30 տարվա հարցը կա: Պատվաստանյութը կիրառվում է մոտ 10 տարի: Պետք է սպասել եւս մոտ 20 տարի՝ գնահատելու՝ պատվաստանյութը օգնե՞լ է կոնկրետ այդ մարդուն: Ընդ որում՝ այդ մարդը կարող է վարակված չլինել այդ հիվանդությամբ ոչ թե նրա համար, որ պատվաստանյութն է օգնել, այլ ինքը պարզապես չի էլ հիվանդացել»:

Առողջապահության փորձագետ Հայկ Նահապետյանին խիստ մտահոգիչ են թվում պաստվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին տեղեկությունները: Թվարկում է երկրները, որոնք պատվաստումը ներդրել, ապա հանել են կամ հրաժարվել՝ Ղազախստան, Իռլանդիա, Ճապոնիա, Ռուսաստան, Դանիա:

Պատվաստման առաջացրած հազարավոր մահերի եւ առողջական խնդիրների վիճակագրությունը Նահապետյանը կապում է աշխարհի բնակչությունը կրճատելու ու առավել կառավարելի դարձնելու ծրագրերի հետ: Ավելին՝ նա հայտարարում է, որ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն անձնական ֆինանսական շահագրգռություն ունի դեղը Հայաստան բերելու ու ներդնելու առումով՝ լինելով պատվաստանյութ տրամադրող «Գավի» հիմնադրամի անդամ: Ու Հայաստան են կանչում «Գարդասիլ» արտադրողից հսկա ֆինանսներ ստացող անձանց՝ ասում է:

«Գավի» հիմնադրամի ռոտացիոն սկզբունքով ղեկավար կազմում է նաեւ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Երբ իր կենսագրականը նայեք՝ կտեսնեք՝ ժամանակին որպես Համաշխարհային բանկի ներկայացուցիչ… բազում պայմանագրերում իր ստորագրությունները… Նույնիսկ իր մտերիմների շրջապատից կիմանաք, թե ինքն իր ագահության համար ինչ մականուն է ձեռք բերել»:

Առողջապահության նախարարությունից մեղադրանքին արձագանքեցին: Հիվանդագին երեւակայության հետեւանք է՝ «Ռադիոլուր»-ին ասացին: Հեղինակավոր ու մարդասիրական «Գավի» հիմնադրամի խորհրդի անդամ ընտրվելը մեծ պատիվ է՝  նկատեց նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Մինչեւ Խաչատրյանի ընտրվելն արդեն Հայաստանը ավարտում էր բանակցությունները, որ Գավին 2 տարով Հայաստանին տրամադրեր այդ վակցինան»:

Բայց վերադառնանք Գարդասիլին ու դրա հանդեպ վստահությանը՝ դիտարկելով գերմանական առաջատար փորձը: Գերմանիան, բոլոր փորձաքննություններով, գրանցել է պապիլոմայի դեմ 4 պատվաստանյութ` Ցերվարիքս, Գարդասիլ քառավալենտ, Գարդասիլ իննավալենտ եւ Սիլգարդ: Առաջինը բրիտանական է, մյուս երեքը՝ ամերիկյան: Կիրառվող Գարդասիլ քառավալենտը Գերմանիայում շրջանառությունից դուրս է բերվում՝ փոխարինվելով իննավալենտ նյութով: Սա պապիլոմայի հարուցած ավելի շատ խնդիրների դեմ է, համարվում է կատարելագործված բանաձեւ: Բայց, ըստ գերմանական Ռոբերտ Կոխ հիմնադրամի, առավել հաճախ է ուղեկցվում գլխացավով, թուլությամբ, սրտխառնոցով ու գլխապտույտով: Հայաստանում պետք է կիրառվի ամերիկյան «Մերկ» ընկերության քառավալենտ պատվաստանյութը, նույնը, ինչ ողջ աշխարհի համար: ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:

«Մենք այսօր օգտվում ենք, մեր հնարավորությունները թույլ են տալիս Միայն «Գավի»-ի աջակցությունից օգտվելու: Իսկ իննավալենտը շուկայի պատվաստանյութ է, որպես աջակցություն չի տրամադրվում»:

Գերմանիայի առողջապահության նախարարությանը կից Պաուլ Էրլիհ ինստիտուտը հետազոտում ու ստուգում է երկիր մտնող կենսաբժշկական դեղամիջոցների որակը, ազդեցությունն ու վստահելիությունը: Ինստիտուտի մամուլի խոսնակ Սուզանե Շտյոքերը «Ռադիոլուր»-ի հարցմանն ի պատասխան խիստ ուշագրավ տեղեկություններ ու աղբյուրներ է տրամադրել:

«Պատվաստումը Գերմանիայում ներդրվել է  թույլտվության համապատասխան ընթացակարգերի եւ երաշխավորության հիման վրա, որը տվել է գերմանական Ռոբերտ Քոխ ինստիտուտի Պատվաստումների մշտական հանձնաժողովը: Կարեւոր է, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութերը թույլատրվել են ոչ թե մեր ինստիտուտի կողմից ազգային մասշտաբով, այլ ԵՄ հանձնաժողովի Դեղամիջոցների եվրոպական գործակալության թույլտվությամբ՝ ԵՄ անդամ բոլոր երկրների համար: Պաուլ Էրլիհ ինստիտուտը բաց է թողնում պատվաստանյութերը միայն խմբաքանակի փորձաքննությունից հետո, սակայն որն է առավել գերադասելի կիրառության համար՝ տվյալներ չի տրամադրում»:

Պատվաստումը թույլատրվել է՝ գնահատելով ու դիտարկելով բոլոր խնդիրները:

Եվրոպական Միության տվյալների միասնական բազայի բացառիկ տեղեկությունները, որոնք տրամադրվել են «Ռադիոլուր»-ին, վկայում են՝ Գարդասիլով պատվաստումների 92 տոկոսի դեպքում կա կողմնակի ազդեցություն՝ թեթեւից մինչեւ բարդ. նյարդային համակարգի կողմից՝ ամենահաճախը, նաեւ՝  աղեստամոսքային, անոթային, հոգեկան, շնչառական: Ինչպես նաեւ՝ վերարտադրողական:

EudraVigilance-ի տեղեկատվական համակարգում ամփոփվել են ԵՄ անդամ բոլոր երկրների տվյալները. շուրջ 800 դեպքում վերարտադրողական խնդիրների հետ պատվաստման ուղիղ կապ են տեսել:

Արդյո՞ք ստացվում է, որ պատվաստումը մի կողմից կյանք է փրկում, ինչպես Ֆրանսիայի վիճակագրությունն է փաստում, մյուս կողմից վտանգում է վերարտադրողական առողջությունը: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան նկատում է՝

«Ես կոչ եմ անում՝ գնալ պատվաստվել: Նաեւ կոչ եմ անում տղաների պատվաստման մասին մտածել: Ոչ պատվաստման ծրագրում ներառված եմ, ոչ էլ որեւէ տեղ աշխատում եմ: Եկել եմ ձեզ ասելու իրականությունը: Հիմա սկսեմ  անձնական օրինակ բերել՝ եթե պատվաստում լիներ, ես իմ կնոջը չէի կորցնի»: 

Առաջատար բոլոր գաղափարների հեղինակներին ինկվիզիցիայի ժամանակ այրել են, ասում է Մկրտչյանը: Բայց հիշեցնում՝ ծաղիկ հիվանդությունը 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմներից շատ է կյանք խլել. Այժմ այդ հիվանդությունը չկա: Չկա պատվաստման շնորհիվ: Դիֆթերիան էլ վերացավ, իսկ ժամանակին հակաքարոզչության ալիք կար: Արգանդի վզիկի քաղցկեղի 470 հազար դեպքից 60-70 տոկոսը մահով է ավարտվում: Հայաստանում՝ տարեկան միջինում մոտ 250 դեպք: Առաջին անգամ քաղցկեղի դեմ պատվաստում է արվում, իսկ միլիոնավոր պատվաստումների մեջ մահերն ու լուրջ խնդիրները կաթիլ են՝ ասում է: Ի վերջո՝ տանե՞լ երեխային պատվաստման, թե՞ ոչ՝ մնում է ամեն ծնողի որոշումը: Պատվաստումն արդեն պլանային օրացույցում է, բայց չի պարտադրվում:

Back to top button