Հասարակություն

Թամամշյանցների հետքը Թիֆլիսում

Թբիլիսիում կայացել է Լեզվի պետական տեսչության ղեկավար, լոռվա ձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի հեղինակած «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքի հերթական՝ «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը։

Գիրքը նվիրված է Թիֆլիսի ճանաչված գերդաստաններից մեկին, որը մեծ հաջողություններ ունենալով կյանքի տարբեր ոլորտներում՝ հանդես է եկել նաև բարերարությամբ՝ կառուցելով օպերային թատրոն, կրթական հաստատություններ, ջրատարներ, կանգնելով ազգային խնդիրների կողքին, լուծելով սոցիալական բազում հարցեր։

Թիֆլիսի հայ գործարար-բարերարներ Մանթաշյանցի, Արամյանցի ու Անանյան Հովնանյանների կողքին պակաս հայտնի չեն նաև Թամամշյանցները։ Քաղաքային առևտրում հայտնվելով 18-րդ դարի վերջերին՝ վրաց Գևորգ 12-րդ թագավորի գահակալության տարիներին, բնիկ տոհմիկ թիֆլիսցիներ Թամամշյանցները կարողանում են  համագործակցել արքունիքի հետ՝ զարգացնելով ոչ միայն իրենց առևտրային գործունեությունը, այլև հանդես գալով որպես բարերար-մեկենասներ։


Նրանց գործունեությունը տարածվում էր նաև Վրաստանից դուրս․ որպես առևտրային հորիզոններ էին դիտարկում Ռուսաստանը։ Մեծ նշանակություն տալով կրթությանը Թամամշյանցների մի մասը սովորում էր Պետերբուրգում։ Սակայն, որտեղ էլ նրանք լինեին, չէին մոռանում իրենց ծննդավայր Թիֆլիսը, որտեղ գտնվում էր նրանց գործարարական հաջողությունների բանալին։ Այսօր Թբիլիսիում ապրում է նրանց ժառանգներից միայն մեկը՝ Նատալիա Թամամշևան, ով «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմեց:․

«Հայրս, որ դասախոսություն էր կարդում Պետերբուրգում, պատերազմի (Հայրենական նկատի ունի) տարիներին վերադարձավ Թիֆլիս։ Իհարկե, ես հպարտ եմ, որ իմ նախնիներն այդպիսի գործեր են արել, օպերայի թատրոնն են կառուցել։ Հիմա մենք քիչ ենք՝ մնացել ենք ես և զարմիկս, ով այսօր Կանադայում է ապրում»։


Այսօր Թբիլիսիում ևս Թամամշյացների կառուցած շինություններից քչեն են մնացել։

1840-ականներին Թիֆլիսում Գաբրիել Թամամշևին է վստահվել Անդրկովկասում առաջին օպերային թատրոնի կառուցումը։ Քաղաքի ներկայիս կենտրոնական հրապարակում (Ազատության) գտնվող թատրոնում, սակայն 1847թ․ բռնկված հրդեհից հետո շենքն այլևս գոյություն չի ունեցել։ Նշվում է, որ հենց թատրոնի կառուցումն էլ այդ հատվածը դարձրել է քաղաքի կենտրոն։

Թամամշևների կապը, սակայն, օպերային թատրոնի հետ չի ավարտվել․ նրանք մասնակցել են նաև ներկայիս օպերային շենքի կառուցման ծրագրին։ Վասիլի Թամամշևը 1908 թ․ մի քանի տարի ղեկավարել է Գոլովինսկի՝ այժմ Ռուսթավելի, պողոտայում  կառուցված նոր օպերային թատրոնը։

«Բազմաթիվ շենքեր ու շինություններ կան, անգամ թաղամասեր, որոնք պատկանել են Թամամշյանցներին։ Այսինքն նրանք երևելի անհատականություններ են եղել, որ իրենց հետքը թողել են Թիֆլիսում»,-Ռադիոլուրի հետ զրույցում ասաց գրքի հեղինակ Սերգո Երիցյանը։

Այսօր Վրաստանի Ազգային գրադարանում պահպանվում է Միքայել Թամամշևի 41 հազար կտոր եզակի գրքերի հավաքածուն։ Դրանք վերաբերում են ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի պատմությանը։

Back to top button