ՄիջազգայինՑեղասպանություն 100

Մեջլիսի նոր օրինագիծը քաղաքական պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ


Թուրքիայի խորհրդարանը Քրեական օրենսգրքի 301 տխրահռչակ հոդվածի վերախմբագրած նոր տարբերակն արդեն ընդունել է եւ իրավական ուժ տվել:  Ավելի վաղ հենց թուրք մտավորականներն էին կասկածում, որ Մեջլիսի կգնա նման քայլի: Այսօր արդեն, օրենքով պայքար է տարվելու թրքությունը վիրավորողների դեմ: Թե որ բառերն ու եզրույթներն են վիրավորանք համարվելու՝ հստակեցվել են։ Դրանք են «Հայոց ցեղասպանություն», «Քուրդիստան» բառերը։

Թուրք հասարակական գործիչ, գրող Զեյնել Աբիդին Քըզըյափրաքը չի վախենում ազատ արտահայտվելուց: Ճիշտը կխոսեմ այնքան ժամանակ, մինչեւ խոսքս կրկին անհաճո կլինի Էրդողանի համար: Պետք է  շարունակեմ պայքարս երկրում ժողովրդավարության շղարշը իրականություն դարձնելու ուղղությամբ՝ ասում է թուրք մտավորականը, ով մի քանի անգամ Թուրքիայի բանտերում իր պատիժն է կրել իր գաղափարներն ազատ արտահայտելուն համար: Զեյնել Քըզըյափրաքը Հայաստան այցելել էր օրերս՝ ճանաչողական այցով, եւ փորձեցինք մտավորականի տեսակետն իմանալ խորհրդարանում ազատ արտահայտման խոսքն արգելող հերթական օրենքի նախագծի ճակատագրի մասին: Գրողը հարցազրույցի ընթացքում հույս հայտնեց, որ այն օրենքի ուժ չի ստանա: Լսենք Զեյնել Աբիդին Քըզըյափրաքին:

«Ազգային շարժում» կուսակցությունը, որն օրենքի հեղինակն է, ամեն անգամ սաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որ պետք է իրենք ազգային շահերը պաշտպանեն: Սակայն չեմ կարծում, որ ԱԶԿ-ը կգնա այդ քայլին, և դա օրենքի ուժ կստանա: Թուրքիայի Հանրապետությունում չկա օրենքի մի հոդված, ըստ որի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ասողը խնդիր կունենա: Եթե սովորական քաղաքացին չի պատժվում դրա համար՝ ինչո՞ւ պետք է պատգամավորը դրա համար պատժվի»:

Հարցազրույցից օրեր անց Թուրքիայի Մեջլիսը քվեարկեց ներքին կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացվել է իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունների կողմից: Ըստ փոփոխված կանոնակարգի՝ խորհրդարանում պատգամավորները Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում կենթարկվեն դրամական տույժի: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, գնահատելով վերջին մեկ տարում տեղի ունեցող զարգացումները արտաքին եւ ներքին լսարանում, ընդգծում է, որ Թուրքիան կանգնած է ճգնաժամի առաջ: Բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են աճել, ԵՄ-ի հետ հարաբերություններն են սրվել,  Մեջլիսում հաճախակի են դարձել պատգամավորների միջև վիրավորանքները։

«Նախագիծը շատ նման է Թուրքիայի սահմանադրության 301 հոդվածին, որն արգելում է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են թուրքական ազգը: Թուրք ազգայնականների համար շատ մեծ խնդիր է հայազգի պատգամավորների կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։ Դա է պատճառը, որ որոշում է կայացվել երկու եզրույթներն օգտագործելն արգելող օրինագիծ մշակել»

Իսկ թե ինչը ստիպեց Էրդողանի կուսակցությանը եւ ազգայնականներին կարգապահական նման կանոնակարգ սահմանել պատգամավորների համար: «Ակոս» թերթի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը կատակով, այսպես ասենք,  մեղավոր է համարում Մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին, ով հաճախ է իր ելույթներում օգտագործում «ցեղասպանություն» բառը:

«Խնդրի հիմքը Կարո Փայլանի ելույթն էր, որն առաջին անգամ չէր, եւ առաջին անգամ որոշեցին նման խայտառակ կանոնակարգով հակազդել: Փայլանն այդ կանոնակարգի դեմ նույնպես շատ է ելույթներ ունեցել, նշելով, որ «գիտեմ թե ինչ է եղել իմ ժողովրդի ճակատագրի հետ, եւ եթե դուք այդ մասին բարձաձայնելու համար պետք է  դրամական տույժի ենթարկեք ինձ, շատ ամոթ, ձեզ համար»: Ես կարծում եմ, կանոնակարգը միջազգային հակազդեցության չի ենթարկվի: Այն 301 հոդվածի մտքով է գրված»:

Այժմ նախագիծը դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից: Արա Ղազարյանը, ներկայացնելով նախագծի իրավական անհամատեղելիությունը ժողովրդավարության չափանիշների հետ, հույս հայտնեց, որ օրինագիծը քաղաքական պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ, եւ անխուսափելիորեն բերելու է քննադատությունների և հակազդեցության՝ անգամ Թուրքիայի ներսում:

«ԵՄ-ն, բնականաբար, դեմ կլինի այս նախագծին: Մնում է հուսալ, որ հազարավոր մտավորականներ այս օրինագծի հիման վրա բանտեր չեն նետվի, ինչպես եղել է մինչ այժմ՝ թուրքական ինքնությունը «վիրավորելու» կամ պատմական ինչ-ինչ դրվագներ կասկածի տակ առնելու պատճառով»:

Օրենքի նախագծում նշվում է, որ 12.000 թուրքական լիրայի չափով տուգանք է նախատեսվում «Ցեղասպանություն», «Քուրդիստան» եւ «քրդական նահանգներ» ձևակերպումներն օգտագործելու համար, 6.000 թուրքական լիրայի չափով տուգանք էլ նախատեսվում է խորհրդարանում ի նշան բողոքի պաստառներ ցուցադրելու կամ փակցնելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։

 

Back to top button