Հասարակություն

Ֆիրդուսի փողոցի ճակատագիրը. հաջորդը Կոնդն է


Դեռեւս տարիներ առաջ գրանցվեց նախադեպը, երբ «պետության կարիքների համար» կոնկրետ տարածքներում բնակվող ՀՀ քաղաքացիները Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շահեցին ներկայացված գործերն ընդդեմ պետության: Քաղաքաշինության նախկին նախարար, Երեւանի նախկին ճարտարապետ, այժմ Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը չգիտի եւ իրեն նույնիսկ հասցեատերը չի համարում հարցի, թե ինչ չափի վնաս են հասցնում կառուցապատողները պետությանը, երբ քաղաքացիները Եվրոպական դատարանում գործեր են շահում ընդդեմ ՀՀ-ի: Բուզանդին, Հյուսիսային պողոտային ու էլի այլ տարածքներին այսօր արդեն ավելանում է 33-րդ թաղամաս՝ Ֆիրդուսի կոչվող տարածքի կառուցապատման պատմությունը: Հերթում կան այլ տարածքներ եւս:

Այսօր 6-րդ օրն է, ինչ ապամոնտաժող տեխնիկան մտավ Երեւանի 33-րդ թաղամաս՝ Ֆիրդուսի կոչվող փողոց: Այդ տարածքում աշխատողներն ու ապրողները տեղում ապարդյուն պայքարելուց հետո գնացին կառավարության շենքի մոտ եւ այնտեղից էլ վերադարձան ձեռնունայն, քանի որ քաղաքային իշխանությունն արդեն հստակ պատկերացնում է, թե ինչ պետք է լինի ապամոնտաժվող տարածքում: Տարիներ առաջ՝ այն ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ էր դեռեւս հաստատվել այդ տարածքի կառուցապատման ծրագիրը: Այսօր արդեն Նարեկ Սարգսյանը Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահն է, խուսափում է իրացման գոտու բնակիչների հետագա ճակատագրի մասին հարցերից, ասում է՝ հասցեատերն ինքը չէ, կառուցապատողներն են: Բայց եւ ի պաշտոնե տեղյակ է հետեւյալ իրավիճակից:

«Մնացել է մոտ 20 ընտանիք»:

Ֆիրդուսի տարածքում ապրողները մնացած ընտանիքների թվի մասին հստակ տեղեկություններ չունեն, բայց դժգոհում են, որ որեւէ մեկն իրենց հետ չի հանդիպել:

Ի վերջո՝ ի՞նչ է լինելու Ֆիրդուսի կոչվող փողոցում: Երեւանի 33-րդ թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքի ներկայիս բնակիչներին թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու։ Սա հաստատում է Նարեկ Սարգսյանը:

«Վստահ եմ, որ դեռեւս պայմանագիր պետք է կնքնեն, չի լինի նույն պատկերը, ինչ եղավ նախորդների հետ»:

Վստահեցումը Նարեկ Սարգսյանը հնչեցրել է վերջերս Աժ-ում: Այս հայտարարությունից օրեր անց ընդամենը շինտեխնիկան մտնելու էր Ֆիրդուսի փողոց, բայց այն ժամանակ Նարեկ Սարգսյանը ակնարկ անգամ չարեց դրա մասին, փոխարենը՝ առանց որեւէ ժամկետների լրագրողներին ներկայացրեց, թե ինչ ծրագիր է հաստատել նշվող տարածքի համար:

Ժամկետներ չկան, բայց ցանկություն ու արդեն նախանշված ծրագիր կա նաեւ Երեւանի մեկ այլ հսկա ՝ շուրջ 16 հեկտար տարածք զբաղեցրած Կոնդ թաղամասի վերաբերյալ: Կոնդի հարցով զուգահեռ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր կառուցապատողների հետ՝ այդ թվում նաեւ օտարերկրյա:

Մինչ Կոնդի հարցերը դեռ քննարկվում են, արտաքին տեսքի աղավաղումից փրկվեց  Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակը: Հենց այդ տարածքում կարող էր կառուցվել վերգետնյա էստակադա: Այն կբեռնաթափեր ճանապարհային երթեւեկությունը, բայց կվնասեր հրապարակի քաղաքաշինական տեսքը: Այս հարցով ճարտարապետները դժգոհեցին, Քաղաքաշինության պետական կոմիտեն էլ՝ ականջալուր եղավ: Երեք հիմնական ուղղությունով մայրաքաղաքի երթեւեկությունը կրկին կբեռնաթափվի, բայց գտնվել են այլ լուծումներ, ասում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Այս աշխատանքները քաղաքային իշխանությունը կիրականացնի Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Հաստատված վերջնաժամկետը՝ 2022 թվականն է:

Ցուցադրել ավելի
Back to top button