Հասարակություն

Կոզեռնի մատուռի խնդիրը դեռեւս լուծում չի ստացել


Այսօր, ինչպես և բոլոր տաղավար  տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նախօրեին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Մեր Եկեղեցու ծիսական կյանքի համաձայն` Տաղավար տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու անբաժանելի մասն են, որոնք պարզապես ֆիզիկապես և ժամանակավոր մեզ հետ չեն:

11-րդ դարից ի վեր Կոզեռն կոչվող բլրակը հայտնի է եղել որպես Երևանի ամենահին գերեզմանոցը։ Այն կոչվել է վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունով, որովհետև վերջինս վախճանվելուց հետո թաղվել է այդտեղ։

17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել են ևս երկու հոգի՝ Բաղեշի Ամրդոլա վանքի արտաքին գիտությունների դպրոցի դասատու Մելիքսեթ Վժանեցի վարդապետը և Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը։ Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից:

Կոզեռնի գերեզմանատունը, որտեղ այսօր մարդիկ են ապրում, գտնվում է Կոնդ թաղամասի հարևանությամբ՝ Դերենիկ Դեմիրճյան և Պռոշյան փողոցների միջև ընկած բլրակի վրա: Կոզեռնի գերեզմանատունը ընդգրկել է նաև ներկայիս Սիրահարների այգու մի մասը: Գերեզմանատան պատմությանը և հետագա ճակատագրին ծանոթանալու նպատակով այցելեցինք անմիջապես հարևանությամբ գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանն պատմում է, որ առաջի անգամ Կոզեռնի մատուռ ոտք է դրել մոտ 20 տարի առաջ:

Խորհրդային տարիներին քանդվել է Կոզեռնի եկեղեցին: Միայն մատուռի մի հատվածն է պահպանվել, որտեղ էլ այսօր ապրում է Մկրտչյանների ընտանիքը: Մատուռը դժվարությամբ գտանք մի թաղամասում, որտեղ սեփական տները այնքան խիտ են կառուցված, որ դժվար էր անգամ տարբերակել, թե որը ում բնակարանն է: Մատուռի տեղը հուշեց սուրբ Հովհաննես եկեղեցու դպիր, Նկարիչների միության անդամ  Աբրահամ Ազարյանը: Առաջին անգամ նա էլ այս մատուռ ոտք է դրել Տեր Տիրայրի հետ 17 տարի առաջ:

Բնակարանը, որը գտանք, առաջին հայացքից արտառոց ոչ մի բան չուներ: Միայն ներսի ննջասենյակի կամարաձև առաստաղն էր հուշում, որ այն ժամանակին մատուռ է եղել:

Մկրտչյանների ընտանիքն այս բնակարանը գնել է դեռ 65 թվականին: Ունի նաև սեփականության վկայական։

Ու որպես վերջաբան։ Ըստ Վիկիպեդիայի՝ 2006 թ. այն տները, որոնց տարածքում գտնվում են կիսավեր մատուռն ու շիրմաքարերը, հայտնվեցին իրացման գոտում։ Կոզեռնի թաղամասի այդ տների բնակիչները դիմեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշելով, որ հնությունները վտանգված են։ Ի պատասխան՝ Արարատյան Հայրապետական թեմից հայտնել էին, որ 2003 թ. ապրիլի 1-ին այդ խնդրով դիմել են այն ժամանակվա  վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել։

Back to top button